Դեպի նոր կայարան` 525 մետր թունելով

Դեպի նոր կայարան` 525 մետր թունելով

Քաղաքային իշխանությունները մետրոյի նոր Աջափնյակի՝ տարիներ առաջ թղթին մնացած կայարանը կառուցելու և մետրոյի զարգացման նոր մեկնարկի համար այսօր նախաձեռնել են համալիր մի ծրագիր, որն արդեն իսկ գործնական փուլ է մտել: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունը։

«Սա պետք է լինի 100%-անոց բիզնես ծրագիր և բիզնես ծրագրի ներդրումով մենք պետք է կարողանանք իրագործել կամրջի և նոր կայարանի կառուցումը»,- նշել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Մեր բոլոր նախագծերում նպատակը մեկն է. պետական պարտքի ավելացման կամ բյուջեի վրա ծանրաբեռնվածություն չավելացնելով՝ ստեղծել նոր աժեքներ քաղաքում և նոր ենթակառուցվածքներ: Մետրոյի նոր կայարանի շինարարությունը պետք է սկսի աշխատանքը մետրոյից, նոր միայն ավարտվի բիզնես մոդելով: Այս սկզբունքը դրված է, հստակ է բոլոր մեր հնարավոր ներդրողների հետ բանակցություններում»,- նշել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: Քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես ծրագիրը երկու բաղադրիչ է ներառում. մետրոյի կայարանի հարևանությամբ առևտրի կենտրոնի կառուցում և տարածքում բնակարանային ֆոնդի թարմացում: Աջափնյակի մասում՝ ձորի մյուս հատվածում, առաջարկվում է կառուցել առևտրային մեծ կենտրոն: Այն, քանի որ մոտ է մետրոյին, հաճախելիության առումով շատ մեծ գործակից կունենա, սա արդեն հետաքրքիր ծրագիր է»։

«Երբ հասանք գնահատականների փուլին, հասկացանք, որ անմիջապես մետրոյի հարևանությամբ ունենք հնացող ֆոնդով թաղամաս: Դա Հալաբյան փողոցին հարող հատվածն է: Այստեղ մենք ունենք վթարային շենքեր և դրանցից յուրաքանչյուրը դիտարկվում է որպես առանձին վերականգնման բիզնես ծրագիր: Ցածր հարկայնությունը բարձր հարկայնության փոխարինելով, առանց բյուջեի ծանրաբեռնվածության, կարող ենք ունենալ նոր բնակարանային ֆոնդ՝ մարդկանց վերաբնակեցման հնարավորությամբ»,- նշել է փոխքաղաքապետը: Համայնք-մասնավոր հատված համագործակցության այս օրինակներն արդեն իսկ սկսել են հետաքրքրել ներդրողներին, որոնք ցանկություն են հայտնում մասնակցելու մետրոյի կայարանի կառուցման ծրագրին: Մետրոյի աշխատակիցների ու մետրոշինարարների հետ ապագա կայարանի տարածքին ծանոթացել է նաև գործարար Արսեն Իսկանդարյանը: Քաղաքապետարանի հետ դիտարկվում է Աջափնյակ կայարանն առանց պետական ներդրումների կառուցելու տարբերակ։ Հասել են այն փուլին, երբ կարող են ընտրություն անել արդեն իսկ մետրոյի շինարարության ներդրման ծավալների, դրանց որակի, արդյունավետության և ժամկետների մեջ։

«Բարեկամությունից» «Աջափնյակ». Երևանի գլխավոր ճարտարապետի սեղանին երկու կոնցեպտ է դրված: Դեպի նոր կայարան մետրոյի գնացքը կհասնի 525 մ երկարության թունելով: Այն կառուցվել է դեռևս Խորհրդային Միության տարիներին և մնացել անավարտ: Հիմա թունելային անցումն ամբողջությամբ կարդիականացվի: Երկար ժամանակ ցանկանալուց ու տևական քննարկումներից հետո սպասված նախագիծն ի վերջո կյանքի կկոչվի՝ ավելի հարմար դարձնելով մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի անվտանգ երթևեկը: