Արժանապատիվ ինքնուրույնությո՞ւն, թե՞ ստրկամիտ ծառայամտություն. Թուրքիայի եւ Հայաստանի տարբերությունը

Արժանապատիվ ինքնուրույնությո՞ւն, թե՞ ստրկամիտ ծառայամտություն. Թուրքիայի եւ Հայաստանի տարբերությունը

Հայաստանում ընդունված է ոչ թե սեփական քաղաքականությունը հարմարեցնել փոփոխվող իրողություններին, այլ հակառակը` սպասել, որ իրողությունները կփոխվեն հօգուտ Հայաստանի։ Իսկ եթե իրողությունները մեր դեմ են, բողոքել սեփական բախտից ու ճակատագրից: Օրինակ, մեզ մոտ ակնկալիք կա, որ Թուրքիայի նախագահական ընտրություններում նախագահ Ռեջեփ Էրդողանը պարտություն կկրի, ինչի արդյունքում Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները կվատանան, ինչը դրական ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա: Հավանականությունը, որ Էրդողանը կպարտվի, չափազանց փոքր է, նրան ընդամենը կես տոկոս էր պակասում առաջին փուլում հաղթելու համար, մինչդեռ նրա մրցակցին պահանջվում է հինգ տոկոսից ավելի: Հայաստանում ակնկալիք կա, որ, ինչպես Հայաստանում, Թուրքիայում էլ իշխանության կգա Արեւմուտքի դրածո Քեմալ Քըլըչդարօղուն, եւ, ինչպես Հայաստանում, Թուրքիայի քաղաքականությունը կորոշվի ոչ թե ըստ այդ երկրի ազգային շահերի, այլ Արեւմուտքի շահերի թելադրանքով: 

Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների սերտացումը բխում է երկու երկրների շահերից: Երկուսն էլ չեն ուզում դառնալ Արեւմուտքի կցորդը եւ ուզում են իրականացնել ինքնուրույն արտաքին քաղաքականություն, որը կբխի իրենց երկրների եւ հասարակությունների շահերից: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, 1999 թվականի Եվրոպական Միության անդամության թեկնածու: Բայց Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ժամանակ հրաժարվեց կուրորեն հետեւել ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին՝ համարելով, որ դրանք կարող են վնասել Թուրքիայի տնտեսությանը: Ռուսաստանը Թուրքիայի կարեւորագույն առեւտրատնտեսական գործընկերն է. այդ երկրից գնում են գազ, նավթ, փայտանյութ եւ ռազմավարական նշանակության այլ ապրանքներ՝ արտահանելով տեքստիլ, սննդամթերք եւ արդյունաբերական այլ արտադրանք, Ռուսաստանը Թուրքիայում իր միջոցներով ատոմակայան է կառուցում, որը թուրքական տնտեսությանն ապահովելու է էժան էլեկտրաէներգիայով, տարեկան մի քանի միլիոն ռուս զբոսաշրջիկներ են այցելում Թուրքիա:

Հայաստանում խանդով են նայում Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների սերտացմանը՝ մտածելով, թե ինչպես կարող է Ռուսաստանը մեզ դաշնակից լինել, եթե մեր թշնամի Թուրքիան Ռուսաստանի համար ավելի կարեւոր նշանակություն ունի, քան փոքր Հայաստանը: Թուրքիայի եւ Հայաստանի տարբերությունն այն չէ, որ Թուրքիան ավելի հզոր տնտեսություն եւ ավելի մեծ ապրանքաշրջանառություն ունի Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանի համար ավելին արժե, քան Հայաստանը՝ իր փոքր եւ սահմանափակ տնտեսական եւ լոգիստիկ հնարավորություններով: Տարբերությունն այն է, որ Թուրքիան իրեն դրսեւորում է որպես ինքնուրույն երկիր եւ Ռուսաստանի դաշնակից, իսկ Հայաստանը, պայմանագրային հարաբերություններով լինելով Ռուսաստանի դաշնակից, իրականում հնազանդորեն կատարում է Ռուսաստանի թշնամիների թելադրանքը: 

Համեմատեք, թե ինչպես են պատասխանում Թուրքիայի եւ Հայաստանի իշխանությունները հակառուսական պատժամիջոցներին հետեւելու Արեւմուտքի թելադրանքին: Մի քանի օր առաջ չեխական Respekt ամսագրին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Ռուսաստանի դեմ կիրառվող արեւմտյան պատժամիջոցներին Հայաստանի հետեւելու հարցին, ասել էր. «Այնտեղ, որտեղ ազատ տեղ կա, մենք ուրախությամբ բավարարում ենք ռուսական պահանջարկը։ Պատժամիջոցները մեր կարմիր գիծն են։ Եվ մենք դա շատ հստակ ասում ենք ռուսներին՝ մենք չենք ուզում ձեզ վնասել, բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ ինքներս հայտնվել պատժամիջոցների տակ»: Փաշինյանն այսպիսով ասում է, որ Հայաստանը, լինելով Ռուսաստանի դաշնակիցը ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ գծով, հնազանդորեն ենթարկվում է արեւմտյան պատժամիջոցներին, Հայաստանի համար առաջնայինն Արեւմուտքի հրահանգներն են, իսկ հետո միայն՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները եւ սեփական երկրի տնտեսական շահերը:

Հիմա տեսեք, թե ինչ է ասում նույն հարցի շուրջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում իր կողմնակիցների հետ հանդիպմանը. «Ինչ վերաբերում է Թուրքիայի խոշորագույն առեւտրային գործընկեր Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ապա նրանք (նկատի ունի ընդդիմությանը) ասացին, որ կանեն այն ամենը, ինչ պահանջի Արեւմուտքը։ Ցտեսություն, Քեմալ, Թուրքիան կանի այն, ինչ մենք ենք ուզում, ոչ թե այն, ինչ պահանջում է Արեւմուտքը: Դա երբեք չի լինի մեր քաղաքականության մեջ»:

Հայաստանն արեւմտյան պատժամիջոցները մերժելու ավելի մեծ առիթ ունի, որովհետեւ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության համար ավելի կարեւոր է, քան Թուրքիայի համար, առանց ռուսական մատակարարումների եւ Ռուսաստան արտահանումների, Հայաստանի տնտեսությունը կհայտնվի հոգեվարքի մեջ: Բայց Հայաստանի իշխանությունը չունի այդքան ինքնիշխանություն, որ արժանապատվորեն մերժի արեւմտյան պատժամիջոցներին միանալու պարտադրանքը, եւ պարտավորվում է հնազանդորեն կատարել դրանք, մինչդեռ Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ կանի այն, ինչ պետք է Թուրքիային եւ ոչ թե Արեւմուտքին: Հիմա ո՞վ է Ռուսաստանի դաշնակիցը` Թուրքիա՞ն, թե՞ Հայաստանը, ո՞ր երկիրն է իրեն պահում դաշնակցի նման:

Ինչպես գրեթե 100 տարի առաջ Հայաստանն իրեն թշնամի է համարում իր հարեւան երեք խոշոր տերություններին`Ռուսաստան, Թուրքիա, Իրան, եւ կարծում է, որ կարող է շահած դուրս գալ, եթե Արեւմուտքի ձեռքում այդ երկրների դեմ գործիք դառնա, այն հույսով, որ Արեւմուտքը վարձահատույց կլինի Հայաստանին՝ մատուցած ծառայությունների դիմաց: Մինչդեռ իրականությունը կարող է ավելի ողբերգական ավարտ ունենալ, ինչպես եղավ 100 տարի առաջ, երբ Թուրքիան եւ Ռուսաստանը կիսեցին Հայաստանը, իսկ արեւմտյան տերությունները «փրկեցին» միայն իրենց հրահանգները կուրորեն կատարող կառավարիչներին:

Մենք չեն կարող կանխորոշել Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքները, չենք կարող թուրք ժողովրդին ստիպել, որ իր ղեկավար ընտրի Արեւմուտքի դրածոյին, այն հուսով, որ արդյունքում կարող է լավ լինել Հայաստանի համար, բայց մենք կարող ենք հասնել նրան, որ Հայաստանը եւս ունենա սեփական պետության շահերով առաջնորդվող իշխանություն, որը ոչ թե Արեւմուտքից իջեցված հրահանգով, այլ սեփական շահերից ելնելով կորոշի` Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը մեզ համար թշնամինե՞ր են, թե՞ դաշնակիցներ, եւ սեփական շահերից ելնելով կկառուցի իր հարաբերությունները հարեւան եւ դաշնակից երկրների հետ:

Ավետիս Բաբաջանյան