Նորից ԵԱՀԿ ՄԽ`ի դժբախտություն Ալիեւի

Նորից ԵԱՀԿ ՄԽ`ի դժբախտություն Ալիեւի

Անցյալ շաբաթ տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում էր Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ բարձրագույն դիվանագետը` պետքարտուղարի տեղակալ Քարըն Դոնֆրիդը (Assistant Secretary of State for European and Eurasian Affairs): Մինչեւ Հայաստան ժամանելը տիկին Դոնֆրիդը եղել էր Վրաստանում եւ Ադրբեջանում, հայաստանյան այցի շրջանակում հանդիպեց Նիկոլ Փաշինյանին,  Արարատ Միրզոյանին եւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին: Հայաստանյան հանդիպումների մասին ամերիկյան կողմն ամփոփիչ լրատվություն չէր տարածել, հայկական կողմի տարածած հաղորդագրությունների հերթապահ ֆրազներից էլ առանձնապես շատ բան հնարավոր չէր հասկանալ: Հիմնականում հասկանալի էր այնքանը, որ ԱՄՆ-ն պատրաստվում է էլ ավելի ակտիվանալ Հարավային Կովկասում, եւ կարեւորվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը: 

Բայց, ինչպես այցի ավարտից հետո պարզվեց, մինչեւ Հայաստանից մեկնելը տիկին Դոնֆրիդը հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը եւ խիստ ուշագրավ հայտարարություն արել` ԼՂ հակամարտության կարգավորման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի վերաբերյալ, ասելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր մանդատի սահմաններում աշխատելու է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ` անկախ այն բանից, թե ինչպիսին է Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը: Ի դեպ, տիկին Դոնֆրիդն իր ողջ կարիերայի ընթացքում` թե՛ դիվանագիտության, թե՛ ազգային անվտանգության ոլորտներում, այդ թվում` Սպիտակ տանը պաշտոնավարման ընթացքում, զբաղվել է հատկապես եվրո-ատլանտյան ինտեգրման հարցերով, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնին էլ տեղափոխվել է German Marshall Fund-ի նախագահի պաշտոնից: Իսկ GMF-ն ԱՄՆ դրոշակակիր կառույցն ու ուղեղային կենտրոնն է եվրո-ատլանտյան ինտեգրման հարցերում: Դոնֆրիդը GMF-ը ղեկավարել է 2014-ից մինչեւ 2021-ը: 
Այն, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի կողմից, այն էլ` եվրո-ատլանտյան տարածաշրջանի հսկայական իմացությամբ եւ փորձառությամբ տեղակալի կողմից, Երեւանում հրապարակավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում, անգամ Ռուսաստանի հետ շփման ու համագործակցության գնալու գնով, ԼՂ խնդրին լուծում տալու մտադրություն է հռչակվում, սպանիչ ապտակ է օրնիբուն Մինսկի խմբի դեմ զազրախոսող եւ ռուս-թուրքական տանդեմի շրջանակում ԼՂ խնդիր կարգավորել երազող Իլհամ Ալիեւին: Նման ապտակից հետո Ալիեւից սպասելի է, որ մի արձագանք լինի, թեեւ նույնքան էլ սպասելի է, որ երկար ուշքի չգա եւ ձայն չհանի:

Ամեն պարագայում, եթե Ալիեւը մայիսի վերջերին մենախոսում էր այն մասին, որ աշխարհում չկա միջազգային իրավունք, այն չի գործում (հասկանալի է, ըստ Ալիեւի՝ եթե միջազգային իրավունք գործեր, ԼՂ շուրջ գրավված տարածքները երեք տասնամյակ չէին մնա հայկական վերահսկողության ներքո), այժմ, անկախ այն բանից՝ գլուխը որեւէ պատի կզարնի, թե կխնայի`  փաստն այն է, որ ուժի գործադրմամբ կամ սպառնալիքով էլ ինքը չի կարողացել որեւէ հարց լուծել: ԼՂ խնդրի լուծումը ոչ մի դյույմ տեղից չի շարժվել նրա արդյունքում, որ ուժի կիրառմամբ եւ պատերազմ սանձազերծելով՝ Ադրբեջանը ՌԴ-ի եւ Թուրքիայի գործուն աջակցությամբ եւ Փաշինյանի ապիկարության արդյունքում վերահսկողություն է ձեռք բերել ԼՂ-ի շրջակա տարածքների եւ Շուշիի նկատմամբ: 

Այստեղ են ասել` գրողին, թե ձեռք չի բերել: Դա ո՛չ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, ո՛չ էլ ԼՂ խնդրի կարգավորման համար նշանակություն չունի: Աշխարհն այդքան պրիմիտիվ չէ, որքան Ալիեւի մտավոր մակարդակը. եթե զենքով խնդիր լուծվեր, հայերը դեռ 1990-ականներին այն հաջողությամբ լուծել էին, այլեւս ԼՂ հակամարտության կարգավորման գործընթա՞ցն ինչի համար էր: Իսկ եթե հայերը զենքով խնդիրը չէին լուծել, եւ հակամարտության կարգավորման գործընթաց էր դա լուծելու, ապա տարածքների հանդեպ վերահսկողության անցումը ԼՂՀ-ից Ադրբեջանին  այդտեղ ոչինչ չի փոխում: Դարձյալ դիվանագիտական կարգավորում պետք է լինի, եւ այն դժվար թե լինի այլ կերպ, քան Մինսկի խմբի մշակած սկզբունքներով ԼՂ խնդիրը լուծելու արդյունքում` որքան էլ Ալիեւն իրեն պատեպատ զարնի:

Գալով նրան, որ Բաքվից առաջ կամ Բաքվին զուգահեռ ՌԴ ԱԳՆ խոսնակն է երեկ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայտարարությունն անիմաստ ու երկար մեկնաբանել, դա, իհարկե, Ռուսաստանի նյարդայնության վկայություն է: Բայց Ռուսաստանում, որքան փետրվարի 24-ից հեռանում ենք, իսկ հորիզոնոում ՌԴ հաղթանակը չի նշմարվում, այնքան ավելի խառնաշփոթը խորանում է, ով ինչ հասնի՝ հայտարարում է կամ մեկնաբանում: Պետք է սպասել, որ ՌԴ նախագահի հետ շփվող մեկը հայտարարություն անի Դոնֆրիդի երեւանյան հարցազրույցի եւ Մինսկի խմբի առնչությամբ արած հայտարարության վերաբերյալ: Ամեն պարագայում, Ռուսաստանը պետք է երջանիկ լինի, որ Արեւմուտքից իր հետ շփվելու են եւ համատեղ գործելու են, քանի որ Ռուսաստանին խիստ տեսանելի ցուցադրեցին, որ անջատ գործելով՝ Մոսկվան ավելի շատ հեղինակություն կամ լծակ չունի Հարավային Կովկասում, քան ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին ներկայացնող Բրյուսելը: Ինչ կարող է անել Պուտինը, նույնը կարող է անել Շառլ Միշելը: Ընտրությունը միմյանց քայլեր կանխելու եւ չեզոքացնելու կամ համատեղ գործելու միջեւ է: Դժվար թե Ռուսաստանն առաջին ուղին ընտրի, որովհետեւ այդպես, ակներեւաբար,  դժվար թե որեւէ տեղ հասնի: