Էդ որ նախկիններին վիրավորում ա, կարա ավելի նախկիններին անցնի՝ հիշի 1915 թիվը, 1920, 1800-ականներ

Էդ որ նախկիններին վիրավորում ա, կարա ավելի նախկիններին անցնի՝ հիշի 1915 թիվը, 1920, 1800-ականներ

Հարցազրույց ՀԱԿ վարչության անդամ Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) հետ

- Պարոն Հակոբյան, ընտրությունների վերաբերյալ Կոնգրեսը որոշում դեռ չունի՞։ 

- Ես չեմ որոշում, Ազգային կոնգրեսն է որոշում, հլը, երեւի հաջորդ շաբաթվա մեջ վարչության նիստ լինի, որ որոշեն։ Մի անգամ եղել ա, ես հիվանդ պառկած եմ եղել, չգիտեմ, թե ինչ որոշում է եղել։

- Իսկ Դուք կողմնակի՞ց եք Կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելուն։

- Անպայման։

- Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական քարոզարշավ է սկսել մարզերում եւ, դատելով ելույթներից, ավելի շատ ակտիվ հակաքարոզչություն է տանում։ Ընդ որում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ, նախկիններին հավասար։

- Ո՞նց պետք է անի, դե, պետք է Լեւոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկեն, որ իրենց կեղտերը մաքրեն։ Միակ հաղթող նախագահն է եղել, որ ճիշտ քաղաքականություն ա վարել, դրանից հետո լրիվ սխալ ա գնացել։ Ու հիմա ուրիշ ի՞նչ պետք ա անեն։ 

- Ասում է՝ մի հատ «փըխկ» արեցին՝ թողեց փախավ․․․ 

- Տենց բան չի եղել, սաղս էլ լավ գիտենք, որ 98 թվականից սկսած, 2008 թվականին էլ միակ մարդն էր հրապարակում, քանի որ մենք էլ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ թողինք, լքեցինք, բայց ինքը չլքեց, մնաց Ազատության հրապարակում։ Էտի կարանք մեզ վարկաբեկենք, որ չկարացանք մեր հրամանատարին էդ ժամանակ պաշտպանեինք Ազատության հրապարակում, ինչի՞ մասին ա խոսքը։ Ինքն ասում ա՝ ասելու համար է ասում, ոչ թե ինչ-որ տենց բան է եղել։ 

- Բայց այնպիսի տպավորություն է, որ կարծես ավելի շատ Տեր-Պետրոսյանին է քննադատում, քան Սերժ Սարգսյանին ու Քոչարյանին։

- Տեր-Պետրոսյանին թող քննադատի, հոմ իրա քննադատելով չի․ մարդը ճանապարհ ունի անցած, իրա գործով է ապացուցել։ Էդ մարդը պատերազմ ա մասնակցել, պատերազմ հաղթել, ամբողջ Ղարաբաղն ազատագրվել ա, 20 տոկոսն էլ մեր հին պատմական հողերից ենք ազատագրել, իսկ իրենք տարել, տվել են իրանց։ Առանց որեւէ մի բանի։ Ու էդքան զոհերը․․․ Միակ հաղթող հրամանատարն է եղել, ո՞վ իրավունք ունի իրա հասցեին ինչ-որ բան խոսալու։ Նաաբառոտ, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին ով ինչ ասի, իրանք, մենք բոլորս գլուխներս կախ պետք է լսենք, թե ինչ է ասում, որովհետեւ ինքն իրավունք ունի ասելու։ Բացի իրանից՝ ոչ ոք։ Կամ Նիկոլ Փաշինյանը եթե Տեր-Պետրոսյանի նկատմամբ ինչ-որ մի մազաչափ բան ունի, էդ ժամանակահատվածում ինքը չէ՞ր կանգնած իրա կողքը։ Նաաբառոտ, ես ասել եմ, որ ինքը պետք է գնա, խնդրի Լեւոն Տեր-Պետրոսյանին, որպեսզի լարվածություն չլինի։ Որովհետեւ մենակ ինքն իրավունք ունի սաղիս․․․ Սաղս էլ մեր ժամանակին բռակներ ենք թույլ տվել։ Ինքը՝ որպես հրամանատար, իրավունք ունի ասելու։ Ինքն իրավունք ունի մեզ ներելու, ոչ թե մենք իրա հասցեին խոսալու։ Խոսանք, մեր անձնական սխալնե՞րը ծածկենք, տենց չի լինի, ժողովուրդը տենում ա, հասկանում  ա, վերջը՝ պատմություն գոյություն ունի։

- Դա իրենց թիմի համար փաստա՞րկ է, եթե Հովիկ Աղազարյանն ասում է՝ Քելբաջարը մեր հայրենիքը չէ։  

- Ասում են, էլի։ Իրենք հայավարի չեն մտածում, իրենց մտածելակերպով՝ ըտենց ա։  Ըտենց կարա թուրքը մտածի, ոչ մի հայ չի կարա մտածի։ Որպես թուրք՝ ճիշտ են դուրս գալիս, բայց որպես հայ՝ սխալ են։ Մերն է եղել պատմականորեն։ 

- Հավատո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանն իր հայտնի հարցազրույցում ասում էր՝ ես պատրաստվում էի 2018-ին շրջանները վերադարձնել, Նիկոլ Փաշինյանի գալը խանգարեց։

- Իրանք կարան ամեն ինչ խոսան։ Ոչ մեկը Սերժ Սարգսյանի ձեռքը չէր բռնել։ 10 տարվա մեջ ուզենար՝ կաներ։ Ինքն ուղղակի էդ խաղը խաղաց, Նիկոլն էլ․․․ իրան թվաց, թե հեղափոխություն արեց։ Բայց Սերժը շատ լավ գիտեր, թե 18 թվից հետո, որ իշխանությունը զիջեց, ինչ ա լինելու։ Ինքը շատ լավ գիտեր։ Դա Նիկոլը չգիտեր, չէր պատկերացնում՝ ինչ սեւ օր ա գալու իր ու իրա պատճառով մեր ազգի գլխին։ Ինքը չէր պատկերացնում, որ սենց հետեւանք կլիներ։ Սերժ Սարգսյանն էլ չէր պատկերացնում, եթե զգար, որ կարող ա էդքան զոհեր ունենանք, էդքան տարածք կորցնենք, ինքը․․․ հազար անգամ իր համար էլ, Ղարաբաղի համար էլ, մեր հայ ազգի համար, ինքը կաներ դա։ Եվ ոչ մեկն էլ չէին պատկերացնում, թե ինչ կլինի։ 

- Տեր-Պետրոսյանը վերջերս հանդիպեց նախկին նախագահների հետ։ 

- Ես հաստատ համոզված եմ, որ իրանք են ուզեցել հանդիպել, համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանը չի ուզեցել։ Բայց որ երկրի ճակատագրի հետ ա կապված, նույնիսկ էն ժամանակ, երբ երկրի հետ էր կապված, Տեր-Պետրոսյանը Օզալի թաղմանն էլ գնաց։ Որպես քաղաքական գործիչ երկրի մասին մտածելով, երկրի համար լավ լինելու համար ինքը գնացել ա էդ քայլին։

- Հիմա ՔՊ-ական թիմը՝ իրենց առաջնորդի գլխավորությամբ, խոսում է խաղաղությունից ու թուրքերի հետ բարեկամությունից։ Էս պատերազմից հետո հնարավո՞ր է։

- Իրանք ասում են, ի՞նչ ասեմ, իրանց ասած տարբերակը․․․ եթե սրտանց ուզում էին խաղաղություն, ժամանակին պետք է 3 տարի առաջ մտածեին, ոչ թե գոռային, որ կմտնենք, Բաքուն կգրավենք։ Հենց տեսան՝ ինչ ստացվավ, հիմա՝ խաղաղություն։ Էս վիճակով էլ սխալ չի, հա, թող ասեն, որովհետեւ եթե էդ էլ չասեն, իրոք էս վիճակում Զանգեզուրն էլ է վտանգի տակ։ Ինձ թվում ա, որ էդ խաղաղության գնալով ապացուցում են, որ 18 թվականին, որ տենց կոչեր էին անում, իրանք սխալ են թույլ տվել։ Էն ժամանակ որ անեին, ուրիշ բան։ Պարտվելուց հետո խաղաղությունը ո՛չ Ադրբեջանի համար նշանակություն ունի, ո՛չ Թուրքիայի, ոչ էլ մեկի։

- Դե, ասում են՝ վերանայենք Թուրքիայի նկատմամբ մեր մոտեցումը, սխալ դիտանկյուն է, դիտանկյուն փոխենք։

- Իրանք կարան ասեն ամեն ինչ։ 3 տարի առաջ պետք ա էդ վերանայեին, հետո, որ արդեն տեսան, թե ինչ ձեւի պարտություն կրեցինք, ազգովի պարտվանք, հիմա են որոշում։ Երեւի իրանք էլ մեզնից շատ են թուրքերից զզվում, բայց դե՝ ճար չունենալով, որ վաղը, մյուս օրը Զանգեզուրի խնդիր չունենանք, երեւի իրանց մտածելով՝ էդ ձեւի ուզում են լարվածություն թուլացնեն։ 
Ինչ վերաբերում ա, որ նախկիններին վիրավորում ա, վարկաբեկում, հա, կարա ավելի նախկիններին անցնի, հիշի 15 թիվը, 20, 1800-ական թվականներին ինչ ա եղել։ Բոլորս էլ ապրում ենք, տեսել ենք, գիտենք՝ մինչեւ 98 թիվն ինչ վիճակ է եղել, դրանից հետո՝ ինչ։