Հայրենական տնտեսությունը՝ աղետաբեր ձեռքերում

Հայրենական տնտեսությունը՝ աղետաբեր ձեռքերում

Իշխանությունը՝ ի դեմս Վահան Քերոբյանի, աչքակապությամբ զբաղվելու փոխարեն ի վերջո ընդունեց, որ Գորիս-Կապան ճանապարհի հանձնումն Ադրբեջանին պարզապես խորտակել է հարավային ուղղությամբ մեր ապրանքաշրջանառությունը։ Նաեւ տնտեսական զարգացման մյուս պատասխանատուները մի կողմից շարունակաբար բարբաջում են մեր քաղաքացիների կենսամակարդակի երեւութական ավելացումից, մյուս կողմից՝ ճարահատ ընդունում նորանոր տնտեսական անկումների, դրանց հետեւանքով առաջացող հետագա ճգնաժամերի հնարավորությունը։ Դեռեւս հետցնցումային շոկի մեջ գտնվող հայրենի թուլացած տնտեսությանն անհրաժեշտ են արմատապես նոր լուծումներ ու ռեսուրսներ, սակայն նախ համավարակի, ապա՝ պատերազմի, ի վերջո՝ շարունակվող ներքաղաքական անորոշության ծանր ապտակներից հետո բիզնես միջավայրը չի կարող կայունանալ։

Քերոբյանի՝ հումորի առիթ դարձած արտահայտությունները հավելյալ անգամ ապացուցում են, որ տնտեսության զարգացման ռազմավարություն մշակելն ամեն մեկի խելքի բանը չէ։ Բայց դե՝ նրա վերադասն էր, չէ՞, իշխանափոխությունից հետո խոսում «տնտեսական հեղափոխության» մասին՝ իրեն հաշիվ չտալով, որ ներդրողը ոչ թե հեղափոխություն ու ցնցումներ, այլ կայունություն ու կանխատեսելիություն է սիրում։ Իսկ «տնտեսական հեղափոխության»՝ վաղուց մոռացված թեզն ընդամենը հերթական ամբոխահաճ խոստումն էր, որը որեւէ աղերս չունի տնտեսագիտության հետ։ Պարզ է, որ ոչ կոմպետենտ կառավարման, ներքին քաոսի ու արտաքին սպառնալիքի պայմաններում ներդրումները պիտի նվազեն։

Փաշինյանի հրաժարականի պահանջով Դիմադրության շարժման վիժեցումը եւ նրա պաշտոնաթողության առկախումն ընդամենը երկարաձգելու են, բայց ոչ մի կերպ չեն հանգուցալուծելու սոցիալ-տնտեսական անորոշությունը։ Անցած մեկուկես տարում հարյուրավոր ներդրողներ են հեռացել Հայաստանից, իսկ մի նոր ներքաղաքական ճգնաժամը կամ արտահերթ ընտրությունը զարգացման հերթական խոչընդոտն է դառնալու առանց այն էլ թերպաշտպանված հայ ներդրողների համար։ Արդյունքում՝ այս անկայունությունն ու անկման միտումը թանկ են արժենալու ներդրումային դաշտի գրավչությանը։ Այն լուծումները, որոնք տեսականորեն հնարավոր էին երեկ, այսօր արդեն անհնար են, իսկ մոտ ապագայում կորսվելու են նույնիսկ այսօր առկա հնարավորություններն ու ռեսուրսները՝ մարդկային, նյութական, տարածքային։
Իհարկե, կարելի է «աննախադեպ տոկոսադրույքով» եվրապարտատոմսեր թողարկել, ապա դրա հաշվին բյուջետային աշխատողների աշխատավարձ բարձրացնել, բայց դա այլ բան չէ, քան ընթացիկ, ճարահատ լուծում, սպառում՝ ի հաշիվ պարտքի։ Արդյունքում՝ գերուռճացված պարտքային բեռը մնալու է եկող սերունդների եւ իշխանությունների ուսերին։ Փոխանակ բյուջեի որոշ հոդվածներում, հատկապես ներկայացուցչական, արարողակարգային, գործուղումների, պետապարատի սպասարկման ծախսերում կրճատումներ արվեին, Փաշինյանը նախընտրեց իրեն հոգեհարազատ ամբոխավարությունը ներմուծել նաեւ տնտեսական բլոկ՝ իհարկե, առանց որեւէ տնտեսագիտական հիմնավորման։ Պետության առաջնային պարտավորություններից մեկը՝ ենթակառուցվածքների ապահովումը, տեւականորեն բարձիթողի էր, քանի որ կապիտալ ներդրումների ծախսերը կասկածելիորեն թերակատարվում էին։ Որքան էլ վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերը ձեռնածությունների արդյունք լինեն, տնտեսական անկման տեմպի արագացումն ակնհայտ է։

Առնվազն 2020-ից սկսած՝ Հայաստանը, ի թիվս մյուս համակարգային ճգնաժամերի, նաեւ կորսված տնտեսական հնարավորությունների անընդմեջ շղթայի մեջ է։ Հետպատերազմյան փուլում, փոխանակ վիճակը կայունացնելու, իշխանությունն զբաղվեց նախ արտահերթի կազմակերպման միջոցով սեփական վերարտադրմամբ, ապաեւ իր իշխանավարումն ամեն կերպ երկարաձգելով։ Սա աղետաբեր ընթացք է հայրենական տնտեսության համար, եւ այն կասեցնելու միակ ճանապարհը ներքաղաքական ճգնաժամի վերջնական հանգուցալուծումն է իշխանության հեռացման, անցումային կառավարության ստեղծման եւ ապա միայն՝ արտահերթի կազմակերպման միջոցով։

Դավիթ Սարգսյան