Մի օր դուռս կարող էր թակել «ահաբեկիչը»

Մի օր դուռս կարող էր թակել «ահաբեկիչը»

Հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության կողմից կազմակերպված Թել Ավիվ-Երեւան հատուկ չվերթով Իսրայելից Հայաստան են տեղափոխվել 149 ՀՀ քաղաքացի եւ ազգությամբ հայ։ Նախնական տվյալներով՝ մեկնելու ցանկություն հայտնել էր 190 անձ, իսկ չվերթին ներկայացել եւ մեկնել է 149-ը: Իսրայելից Հայաստան վերադարձածների մեջ է նաեւ Մարիաննա Դալալոյանը, ով ապրում է պատերազմի թատերաբեմ դարձած Գազայի հատվածից 28 կմ հեռավորության վրա գտնվող Կիրյաթ Գաթ քաղաքում։ Նրա հետ զրուցել ենք իսրայելա-պաղեստինյան արյունալի հակամարտության, մարդկային շարունակվող ողբերգության, հայրենիք վերադարձի եւ այլնի մասին։

- Մարիաննա, Դուք հոկտեմբերի 16-ին Իսրայելից Հայաստան վերադարձած հայերից մեկն եք։ Կպատմե՞ք, թե ինչ զգացողություններով լքեցիք հրեական պետությունը, ի՞նչ եք վերապրել պատերազմի մեջ հայտնված այդ երկրում` ռազմական էսկալացիայի այս օրերին։

- Այո, պատերազմի 10-րդ օրն էր, երբ Իսրայելի հայկական դեսպանատան, ՀՀ կառավարության եւ հայկական համայնքի ջանքերով կարողացանք դուրս գալ երկրից։ Հոկտեմբերի 6-ի լույս 7-ի առավոտյան՝ 6․30-ին, արթնացանք տագնապի ձայնից, որը երկար ժամանակ չէր անջատվում (անընդհատ հրթիռակոծվում էինք)։ 2-3 ժամ հետո, երբ սկսեցին հայտնվել առաջին նորությունները եւ տեսանյութերը, հասկացանք, որ նմանը չունեցող բաներ են կատարվել ու կատարվում են։

- Տեղյակ եմ, որ ավելի քան 4 տարի ապրում եք Իսրայելում․ կմանրամասնե՞ք, թե որ քաղաքում եք բնակվում։

- Այո, չորսուկես տարի բնակվում եմ Իսրայելում՝ Կիրյաթ Գաթ քաղաքում՝ 28 կմ հեռավորության վրա Գազայի սահմանից։ 

- Փաստորեն՝ այնտեղ, որտեղ ապրում եք, շատ մոտ է Գազային ու, բնականաբար, վտանգավոր է․ ի՞նչ կարող եք պատմել ռազմական գործողությունների, ահաբեկիչների կատարած հարձակումների մասին։

- Արդեն 18 օր ինձ հետապնդում էր այն միտքը, որ մի օր կարող է դուռս թակել «ահաբեկիչը», ինչպես դա եղավ սահմանամերձ քաղաքներում եւ գյուղերում՝ հոկտեմբերի 7-8-ին։ Բառերով չես պատկերի այն ամենը, ինչ նրանք արել են երեխաների, կանանց, տարեցների հետ։

- Իսկ ինչո՞ւ Հայաստան վերադարձողների քանակը պակասեց նախապես հայտարարված թվից։

- Ուրիշների մասին չգիտեմ, կարող եմ նշել միայն իմ ու քրոջս ամուսիններին (ազգությամբ հրեա են՝ խմբ․), որոնք մնացին՝ հարկ եղած ժամանակ սահման մեկնելու նպատակով։

- Ի դեպ, Հայաստան մեկնելու օրը տեղեկություններ եղան, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները հարվածել են Թել Ավիվի խոշորագույն օդանավակայանի՝ Բեն Գուրիոնի ուղղությամբ, որտեղից պատրաստվում էիք թռչել Հայաստան։ Ի՞նչ կասեք այդ մասին։

- Բեն Գուրիոնը, ցավոք, առաջին անգամ չէր հրթիռակոծվում այդ 10 օրվա մեջ, սակայն մի քանի ժամ հետո հոլովակով տեսանք, թե ինչպես է մեկ ուրիշ ինքնաթիռի կողքը Թել Ավիվի երկնքում աշխատել ՀՕՊ-ը։ Զգացինք, որ հաջողակ ենք եղել ու չենք ապրել այդ հերթական սթրեսը։

- Հայրենիքում որքա՞ն եք մնալու, ի՞նչ եք մտադիր անել ապագայում։

- Դժվար հարց է։ Անկանխատեսելի պատերազմ է, եւ այս անգամ, կարծում եմ, միառժամանակ երեխաներին կթողնենք պապիկի խնամակալությանը, իսկ ես ու քույրս ետ կվերադառնանք Իսրայել՝ մեր ամուսինների մոտ։

Արա Ալոյան