Նոր ժամանակներ ուղեկցող հին «կողմնացույցը»…

Նոր ժամանակներ ուղեկցող հին «կողմնացույցը»…

Մշակույթի հայ, ռուս և վրացի մեծահամբավ գործիչների մասնակցությամբ առաջիկա ամիսներին Գառնու հեթանոսական տաճարի տարածքում բեմադրվելու է գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Ռադամիստո» օպերան:

Աշխարհն այո՝ շուռ է եկել: «Covid-19»-ի անկոչ հայտնությունը տակնուվրա է արել աշխարհում ամեն ինչ՝ մարդկանց գամելով անորոշության պատին: Թեկուզ և դանդաղ, մարդիկ սկսել են նոր-նոր միայն գիտակցել, որ ծանոթ հնին վերադարձ՝ այլևս չի լինելու: Այլ կերպ՝ մարդկային գիտակցությունը թևակոխել է վերարժեվորման  ու վերագնահատման փուլ: Մարդկային երբեմնի ինքնավստահությանը «Covid-19»-ի հասցրած անսպասելի հարվածը՝ խիստ էր «դասական»: Նորահայտ համավարակն ամենքին իր կանոններն ու պահանջներն է թելադրում: Հանգամանքների բերումով այլ երկրներում հայտնված բարեկամների հետ շփվելը՝ կորոնավիրուսի դոմինանտության պայմաններում դարձել է գրեթե անհնարին: Անվտանգության նկատառումներից ելնելով ներկա պահին ոչ միայն մարդիկ, այլև պետություններն են ստիպված՝ բավարավել միայն վիրտուալ շփումներով: Սոցիալական հեռավորության պահպանման պահանջը՝ ամայացրել է ոչ վաղ անցյալում լեփ-լեցուն համերգասրահներն ու մարզադաշտերը, դատարկել պատկերասրահները:                                                                   

Իսկ ինչի համար է այս նախաբանը ու ինչ կապ ունի այն վերնագրին հաջորդող ծանուցման հետ, իրավացիորեն կհարցնի ընթերցողը: Շտապեմ  նշել՝ շատ ուղղակի: 

Հայաստանում գործող «Մտավոր սեփականության պաշտպանության ասոցիացիայի» նախաձեռնությամբ և «IPChain» ասոցիացիայի գործակցությամբ և օժանդակությամբ՝ առաջիկա ամիսներին Հայաստանում բեմադրվելու է Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Ռադամիստո» օպերան, որի լոնդոնյան բեմադրման 300-ամյակը նշվում է այս տարի:  

Ինչպես նշվեց վերևում, բեմադրությունը կյանքի է կոչվելու ամիսներ անց, իսկ օրեր առաջ Գառնու հեթանոսական տաճարի տարածքում՝ հենց որտեղ էլ ըստ լիբրետոյի ծավալվում են օպերայի գործողությունները, տեղի ունեցավ օպերայի աշխատանքների մեկնարկի շնորհանդեսը: Կայացավ, ի զարմանս՝ անհավատների: Կայացավ՝ համավարակի պայմաններում պետությունների կողմից կայացրած դժվարին որոշումների և օդանավերի թռիչքի համար տրամադրված միջանցքների հաշվին: 
Եթե ասվածին հավելենք նաև այն փաստը, որ մ.թ. 1-ին դարին վերագրվող և հայ-վրացական հարաբերություններին առնչվող օպերայի գլխավոր դիրիժորը Սլովենիայում բնակվող աշխարհահռչակ Ջորջ Փեհլիվանյանն է լինելու, իսկ բեմադրողը՝ վրաց համբավաշատ ռեժիսոր, Շոթա Ռուսթավելիի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Ստուրուան, ամեն ինչ պարզ կդառնա: Հանգամանքների բերումով վերջին պահին Հայաստան չէր կարողացել ժամանել Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգչուհի Աննա Ագլատովան, ում վերապահված է կատարել գլխավոր դերերից մեկը: Հայ երաժշտասերին ուղղված նրա ուղերձը նախաձեռնության մասնակիցներին փոխանցեց ՌԴ մշկույթի վաստակավոր գործիչ Սուրեն Շահումյանը: Օպերան բեմադրվելու է Գառնու տաճարում՝ հենց որտեղ էլ տեղի են ունենում լիբրետոյում նշված գործողությունները: Ժամանակաշրջանի  կոլորիտը հնարավորինս ճշգրիտ պահելու նկատառումներով երգիչների կատարումներն ուղեկցվելու են բարոկկո  ոճի նվագակցության ուղեկցությամբ: Այդ իսկ նպատակով էլ հրավիրյալների թվում էր նաև Թբիլիսիի պետական « Վրացական սիմֆոնիետա» կամերային նվագախմբի ղեկավար Գիորգի Կերելաշվիլին: Ի դեպ, ներկայացման գլխավոր պրոդյուսեր, «Մտավոր սեփականության պաշտպանության ասոցիացիայի» նախագահ Գագիկ Մանասյանը չէր էլ փորձում թաքցնել, որ Ռոբերտ Ստուրուայի ժամանումը Հայաստան, հնարավոր է դարձել միայն, վրաց գործընկերոջ՝ Վրաստանի հեղինակային իրավունքի «GERA» ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Գվարիշվիլու հետևողական ջանքերի և Վրաստանի կառավարության կայացրած որոշման շնորհիվ : Իրավ որ՝ աննախադեպ ձեռնարկ, որի նշանակությունն ավելի ուշ է գնահատվելու: Աննախադեպ թե՛ մտահղացման իրագործման,թե՛ մասնակիցների անշահախնդրության առումով: Աշխարհահռչակ մշակութային գործիչները Հայաստան էին ժամանել ոչ թե հանուն ակնկալվող վաստակի, այլ ի սեր մշակույթի, հենց որին էլ վերապահված է գեղեցիկը ներկայացնելու , աշխարհը նույն այդ գեղեցիկով փրկելու առաքելությունը: Խիստ ուշագրավ են նաև նախաձեռնության մասնակիցների կողմից ներկայացվող դիտարկումները:

Ջորջ Փեհլիվանյան- Սա հիրավի խենթ ձեռնարկ է, համաշխարհային նշանակության ձեռնարկ, որը միտված է նպաստելու միջմշակութային կապերի ամրապնդմանն ու բարելավմանը: Կասկած իսկ չունեմ, որ այն պիտի հաջողությամբ պսակվի, որ ամբողջ աշխարհը աչքերը չորս արած պիտի հետևի բեմադրության կյանքի կոչման ընթացքին: Առավել քան համոզված եմ, որ Ռոբերտ Ստուրուայի հետ գործակցությունը կապահովի ցանկալի արդյունք: Մտահղացման իրագործման ճանապարհին՝ բոլորիս բարի երթ ու հաջողություն եմ մաղթում:
 Ռոբերտ Ստուրուա - Իմ բնույթով, ես արկածախնդրության սիրահար եմ: Սա հենց այն է, ինչ իմ սրտով է: Այս հոյատեսիլ տաճարում օպերա բեմադրելն իրապես  գերագույն հաճույք է: Հաճույք, որին մեծ ցանկության դեպքում անգամ ոչ մի կորոնավիրուս չի կարող խանգարել: Որքան էլ այն փորձի, մեկ է՝ «Ռադամիստոյի» բեմադրությունը՝ աշխարհի սեփականությունն է դառնալու և համալրելու է երաժշտական մշակույթի համաշխարհային գանձարանը:

Անդրեյ Կրիչևսկի – Ըստ իս, աշխարհում վերջին շրջանում շատ տարօրինակ բան է կատարվում: Աշխարհն ասես թմբիրից արթնանալու և բնականոն կյանքի վերադառնալու,եթե չասենք ցանկություն, ապա գոնե ճիգեր է գործադրում: Ըստ էության, «Ռադամիստո» օպերայի կյանքի կոչման մտադրությունը մաեստրո Ջորջ Փեհլիվանյանի և հարգարժան Ռոբերտ Ստուրուայի հետ, բնականոն այդ կյանքին վերադառնալուն միտված քայլերից է: Հարկ եմ համարում նկատել նաև, որ գնահատելի ու մեծարժեք  արվեստի բոլոր ստեղծագործություններն էլ պարզ ու մարդկային այդ ցանկությանն են ծառայում: Ես սա ասում եմ ոչ թե որպես «IP Chain» ասոցիացիայի, այլև հանրածանոթ «Մելոդիա» ֆիրմայի ղեկավար, ով աշխատել է բազում մեծահամբավ խմբավարների և երաժիշտների հետ: Ամենքիս ցանկությունն է վերականգնել արժանապատիվ կյանքի բնականոնությունը:

Ուշագրավ մի փաստի մասին ևս: Ասուլիսի բոլոր մասնակիցները՝ ներքին մի համաձայնությամբ, թեպետ ակնարկում,այնուամենայնիվ, չէին գաղտնազերծում այս մեգանախագծի հղացման գլխավոր մեղավորի՝ խորհրդավոր Նախաձեռնողի անունը: Բայց լրագրողների մասնագիտական վարպետությունn արեց իր «սև գործը» ու ակնարկողներից մեկի խոսքում սպրդեց նաև նրա անունը: Պարզվեց, որ խելահեղ  այս մտահղացման իրականացման հանձնառուն Արբակ Խաչատրյանն է: Լրագրողներին նրան պաշարելուց զատ՝ այլ բան չէր մնում:

Արբակ Խաչատրյան - Ըստ իս, գիտեք, ինչն է ամենակարևորը: Միասին գեղեցիկն արարելու մտադրությունը: Աշխարհին ներկայացող նորօրյա փորձություններին միասնաբար դիմակայելու ցանկությունը: Աշխարհում մոլեգնող համավարակի պայմաններում նման նախաձեռնության իրագործումն իսկապես խենթություն է: Կոնկրետ ես, այսօրինակ ձեռնարկի նախադեպը չեմ հիշում: Գիտեք նաև ինչն է հատկանշականը: Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում առանց այս կամ այն օլիգարխի հովանավորության, առանց այս կամ այն իշխանավորի «բարձր հովանու ներքո»: Եթե Ձեզ ասեմ, որ միջոցառման անցկացման համար Մշակույթի նախարարության կողմից պահանջված կլորիկ գումարն էլ է մուծվել կոմերցիոն նպատակներ չհետապնդող վերոնշյալ խմբի կողմից, ամեն ինչ առավել քան խոսուն կլինի: Սա ամենևին էլ չարախնդությամբ չեմ ասում: Ուղղակի ուզում եմ շեշտել իրենց դիրքը և վարձակալության գինը մշակութային արժեքից կարևորող չինովնիկների, ու իրապես արարող, մնայուն արժեք ստեղծողների տարբերությունը: Օգտվելով ներկայացած հնարավորությունից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջոցառումը լուսաբանած լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Ոչ մի թթու խոսք, արվածի հանդեպ խորին գնահատանք, անչար, անկողմնակալ լուսաբանում: Սա հնարավոր դարձավ, քանի որ հրավիրյալների թվում այս կամ այն բարիկադում գտնվող հրավիրյալ չկար: Առաջին անգամ էր, որ փորձ չարվեց եզան տակ հորթ կամ  այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի ականջները փնտրել: Այն համոզմանն եմ, որ սա էլ է էական առաջընթաց: Այսօրվա պես հիշում եմ, թե Ադրբեջանում ինչ թերահավատությամբ  էին վերաբերվում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երկու տարի առաջ կազմակերպված, տարածաշրջանային խաղաղությանը միտված՝ «Նոր սերունդը՝ հանուն խաղաղության»  երիտասարդական ֆորումին: Ադրբեջանցիներից տևական ժամանակ պահանջվեց  հասկանալու համար, որ մեր կողմից կազմակերպված, անդրկովկասյան երեք հանրապետությունների երիտասարդ ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող քննարկումը ինքնաբուխ է, զուրկ՝ այս կամ այն երկրի կողմից իջեցված քաղաքական պատվերից, որ այն, իսկապես  բոլորի շահերից բխող ազնիվ ձեռնարկ է: Օպերայի  կյանքի կոչումը համատեղ ջանքերով, պայմանավորված է անշահախնդիր, ակնկալիքներից ու քաղաքական ինտրիգներից զերծ աշխարհ ստեղծելու ցանկությամբ: Աշխարհ, որի անկյունաքարը ոչ թե այս կամ այն իշխանությանը ծառայող Սահմանադրություններն ու , ըստ նպատակահարմարության  օգտագործվող օրենքներն են, այլ Արդարությունն ու Արդարադատությունը: Նոր ժամանակների լեյտմոտիվը,փարոսն ու ուղենիշը: 

P.S. -1-Օպերայի աշխատանքների մեկնարկի շնորհանդեսին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ  Ամենայն Հայոց Գարեգի 2-րդ կաթողիկոսը: Նա հաջողություն ու բարի երթ է մաղթել նախաձեռնությանը և հույս հայտնել, որ այն կնպաստի ժողովուրդների միջմշակութային կապերի ամրապնդմանը:
P.S. -2- Ավելի ուշ Հայաստան ժամանած հյուրերին ընդունել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օպերայի բեմականացմանն առնչվող խնդիրների  քննարկումից զատ, վարչապետը խոստացել է ամեն ինչով նեցուկ լինել և օժանդակություն ցուցաբերել մտավորական շրջանակների կողմից ներկայացվելիք  տարաբնույթ նախաձեռնություններին:

Վահան Զարյան