Քաղաքացին պնդում է՝ Հովիկ Աբրահամյանի կինը իր հողատարածքը խլել է․հարցը հասել է Փաշինյանին

Քաղաքացին պնդում է՝ Հովիկ Աբրահամյանի կինը իր հողատարածքը խլել է․հարցը հասել է Փաշինյանին

Կառավարության շենքի դիմաց այս պահին է գտնվում ազատամարտիկ Սամվել Մկրտչյանն, որը սպասում է կառավարությունից պատասխանի՝ իր դիմումի վերաբերյալ։
Ըստ նրա՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող իր հողատարածքը խլել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը, մասնավորապես նրա կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը։

«Էդ այգին ինքնուրույն սարքել եմ ես, ջուր եմ բերել հասցրել, ամեն ինչ արել, որ հասել եմ դրան, 28 տարի։ Մի կյանքս եղել է ճակատում՝ պատերազմում, էն մեկն էլ եկել եմ, զբաղվել եմ իմ հողով։

Մի ամիս առաջ եկան ինչ-որ մարդիկ ու ասացին, որ էս հողը մերն է, ինքը ներկայացավ որպես Մհեր, ես իրեն ասացի՝ թող գնա։ Մի քանի օր հետո եկավ մեր թաղային ոստիկանը, ներկայացրին համապատասխան փաստաթղթեր, որ այդ հողը 9 տարի առաջ աճուրդով գնել է «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ն, որը պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կնոջը։ Ինձ ասացին, որ դու համարվում ես ներխուժող, ասում եմ՝ ո՞նց, ես ծառ եմ տնկել, շինություն եմ կառուցել։ Ես սեփականության վկայական չունեմ, բայց հողն օգտագործելու պայմանագիր ունեմ։

Իրենք ունեն սեփականության վկայական, բայց քաղաքապետարանը հանել ա աճուրդի, ես չեմ իմացել»,-մեզ հետ զրույցում նշեց նա։

ԵԿՄ վերջին համագումարին խնդրի հարցով դիմել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, վերջինս ասել է, որ իր մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ կապ հաստատի։ Այժմ էլ Մկրտչյանը դիմում է փոխանցել Կարապետյանին եւ սպասում է պատասխանի։
Փորձեցինք զրուցել նաեւ Ջուլիետա Աբրահամյանի հետ, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։
Մանրամասները՝ տեսանյութում։