Մեր բանակցային մոտեցումները պետք է վերանայվեն ու լրացվեն նոր տարրերով

Մեր բանակցային մոտեցումները պետք է վերանայվեն ու լրացվեն նոր տարրերով

«Հրապարակ»-ի հարցազրույցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ

-ԱԳՆ-ն հերքել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունները` կապված Վաշինգտոնում տեղի ունեցած Մամեդյարով-Մնացականյան հանդիպման մանրամասների հետ.  հայկական զորքերի դուրսբերում  եւ խաղաղապահների տեղակայում։  Մինչդեռ Զաքիր Հասանովը դրանից հետո ասել է․ « Հայկական կողմը միշտ բարձրացնում է այն հարցը, որ բանակցությունների արդյունավետության համար կարեւոր է վստահության մթնոլորտի հաստատումը եւ կրակոցների՝ նվազագույնի հասցնելը։ Կողմերը քննարկել են այս հարցերը եւ կարող ենք ասել՝ կրակոցները ճակատում նվազել են։ Եթե այդպիսով վստահության մթնոլորտ կհաստատվի, ապա խնդրեմ, մենք գնացել ենք նաեւ դրան, հանուն հարցի լուծման։ Ասում եք հակամարտության կարգավորում խաղաղ ճանապարհով՝ խնդրեմ։ Մենք 2016-ին ցույց տվեցինք, որ կարող ենք հարցը այլ ճանապարհով լուծել»։ Կարելի է՞ սա հասկանալ ակնարկ, որ իրենք չեն կրակել՝ սպասելով, որ հայկական կողմն ավելի գլոբալ զիջումների է գնալու։ 

-Կարևոր է, որ բոլորս ճիշտ հասկանանք, թե ինչ է կատարվում: Ադրբեջանական կողմը հետևողականորեն իր քաղաքական գիծն է կառուցում, իսկ այդ գծի հիմքում դրված է՝ Հայաստանը օկուպանտ-պետություն է թեզը, որը հաստատվում է նաև նախկինում պաշտոնական Երևանի կողմից Արցախի ներկայիս տարածքի մեծ մասից հայկական զինուժը դուրս բերելու վերաբերյալ տրված համաձայնությամբ և այստեղ կապ չունի, թե դրա հետ կապված ինչպիսի նախապայմաններ են առաջ քաշում հայ բանակցողները: Եթե մենք ընդունում ենք, որ մեր զորքը ինչ-ինչ պայմաններով պետք է դուրս բերվի Արցախի տարածքից, ապա մենք օկուպանտ ենք: Իսկ եթե օկուպանտ ենք, ապա «ուրիշի» տարածքից պարտավոր ենք մեր զինուժը հեռացնել առանց նախապայմանների: Այս վիճակը, ինչպես բազմիցս եմ ասել, մեր բանակցային մոտեցումների թուլությունից է գալիս: Այս իրավիճակը փոխելու համար կան մշակված մոտեցումներ, բայց քանի որ թե նախկին, թե ներկայիս իշխանություններն այս ուղղությամբ չեն ցանկանում քայլեր նախաձեռնել, ապա կարելի է եզրակացնել, որ միայն իրենց հայտնի պատճառներով նախընտրել են պահպանել տարածքների հանձնումը նախատեսող բանակցային օրակարգը: 

- Կան ռուսական կողմից կարծիքներ, որ Դուշամբեի «բարի» փուլը Վաշինգտոնից հետո ավարտվում է և սկսվում է Վաշինգտոնի շրջան։ Կարելի՞ սպասել, որ սկսելու են կրակել։

-Անհարկի զուգահեռ են անցկացնում նման բան ասողները: Դուշամբեն բանակցային պաշտոնական գործընթացի մաս չկազմող դրվագ էր, որի միջոցով վարչապետ Փաշինյանը կարճաժամկետ մարտավարական խնդիր էր լուծում, այնինչ, ինչպես այժմ տեսնում ենք, Իլհամ Ալիևն այդ թռուցիկ երկխոսության արդյունքները ներհյուսեց Ադրբեջանի ընդհանուր քաղաքական գծի մասը հանդիսացող առնվազն միջնաժամկետ գործողությունների ծրագրին:Մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Վաշինգտոնյան հանդիպումը կարող ենք համարել որպես պաշտոնական բանակցային գործընթացի արձանագրված հերթական հատվածը: Այս ամենը կրակելու հետ կապ կարող է ունենալ միայն այն դեպքում, եթե ինչ-որ մի արտաքին ուժ նոր թեժացում հրահրի ճակատային գծում բուն արցախյան հակամարտության հետ առերևույթ կապ չունեցող նկատառումներից ելնելով: Իսկ քանի որ դրա հավանականությունն այժմ գնալով աճելու է, ապա պարտավորված պիտի լինենք նախապատրաստվելու նաև այդպիսի սցենարի գործադրմանը: Այդուհանդերձ, անկախ ամեն ինչից, հրամայական պահանջ է մեզ համար այժմ այն, որ մեր բանակցային մոտեցումները պետք է էապես վերանայվեն ու լրացվեն կարևոր նոր տարրերով: 

-Հանդիպումից անմիջապես հետո Մամեդյարովը բավականին բազմանշանակ ակնարկել էր, թե կոնկրետ առաջարկություններ են արվել փաստաթղթերի տեսքով, թեեւ դրանց մասին արդեն 15 տարի խոսվում է։ Պարզ է, որ այն վերաբերում է հակամարտության կարգավորման հիմք հանդիսացող Մադրիդյան սկզբունքներին, որոնցից  են նաև այսպես կոչված, «գրավյալ տարածքների» հանձնումն միջանկյալ կարգավիճակի շնորհումը՝վերջնական կարգավիճակի  հանրաքվեի միջոցով։ Կարելի՞ է ասել, որ համանախագահոթյունը չի ընդունում Երևանի այն մետոցումը, որ ինքը զրոյից է սկսում, որ Ղարաբաղը պետք է նստի բանակցային սեղանին, և որ միայն վերը նշված սկզբունքներից շեղում առաջիկայում հնարավոր չէ։ 

-Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին իրենց մասնակցության հետ կապված Հայաստանի նոր իշխանությունները շատ լավ մեկնարկեցին մեկ տարի առաջ, բայց այն, ինչ լավ էր մեկնարկում, հընթացս անհրաժեշտաբար պետք է լրացվեր շատ կոնկրետ, հետևողական այլ նախաձեռնություններով ևս, ինչը ժամանակին չարվեց: Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ փորձելու են հասնել բանակցային ձևաչափի հետ կապված փոփոխությունների, ինչն, իրականում, անհնար էր առանց սեփական մոտեցումների բովանդակային մասի լուրջ և առարկայական վերանայման: Իսկ քանի որ բովանդակային այդ վերանայումները տեղի չունեցան, միջնորդների ու Ադրբեջանի կողմից մերժվեցին կամ անտեսվեցին նաև բանակցային ձևաչափին վերաբերող պաշտոնական Երևանի առաջարկները: Սայլը տեղից շարժելու համար լուրջ նախապատրաստական աշխատանք է հարկավոր կատարել և ես չգիտեմ՝ արդյոք պատրաստ է Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերը նախաձեռնել: 

-ԵՄ ներկայացուցիչն էլ «Ազատության» հետ զրույցում բանակացությունները շարունակական, սակայն ոչ կանոնավոր է համարել։ Կարելի՞ է ասել, որ համանախագահությունը Արցախի հարցում ինչոր արդյունքներ գրանցելու հարցում հետևողական է լինելու և պնդելու է։ 

-Համանախագահների գործողությունների տրամաբանությունը, հավանաբար, պետք է դիտարկել ավելի լայն, ընդգրկուն տարածաշրջանային գործընթացների, ռազմաքաղաքական զարգացումների համատեքստում:Այդ իսկ պատճառով մենք մեր մոտեցումները ևս պետք է կառուցենք, հաշվի առնելով նրանցից յուրաքանչյուրի տարածաշրջանային շահերն ու ծրագրերը: Ամեն դեպքում, ինչ էլ որ լինի, մեր բանակցային մոտեցումները չեն կարող հիմնվել տարածք հանձնելու դրույթի վրա: