Ինչ են նախընտրել ուտել ռուս միապետները․ Մաս 1-ին

Ինչ են նախընտրել ուտել ռուս միապետները․ Մաս 1-ին

Շատերը թերեւս կհիշեն Գայդայի հայտնի «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը» կատակերգությունը, որը սովետական տարիների լավագույն ֆիլմերից էր։ Այդ ֆիլմում մի տեսարան կա, որտեղ արքայական ճաշկերույթ է տրվում՝ կարմիր խավիար, սեւ խավիար եւ ամենից էլիտար ուտելիքը՝ անդրծովյան՝ սմբուկով խավիար։ Այս ամենն, իհարկե, կատակ էր, սակայն ռուսական պատմությամբ հետաքրքրվողների եւ պատմաբանների համար հետաքրքիր է, թե ինչ են նախընտրել ուտել կամ ինչով են սնվել ռուս միապետները։

Նախ եւ առաջ նշենք, որ ճաշկերույթները թե Ռուսիայում, թե Ռուսական Կայսրությունում կրել են արարողակարգային բնույթ եւ հանդիսացել են միապետի պաշոնեական գործունեության մի կարեւոր մասը։ Այս ավանդույթը, երբ միապետը պալատականների հետ է նստել ճաշի, իր արմատներով հասնում է հին ժամանակներ, երբ իշխանները ոչ թե միայնակ, այլ իրենց զինվորների հետ են ճաշել։ Դրանով ընդգծվել է իր ենթակաների հետ իշխանի միասնությունը, եւ բացի այդ, ճաշկերույթի ընթացքում կարող էին քննարկվել պետական կարեւորության հարցեր, հատկապես եթե մասնակիցները իշխանին առավել մոտ կամ վստահելի անձինք էին։ Այս ավանդույթն աստիճանաբար մոռացության է մատնվել, սակայն Ռոմանովների ժամանակ երկրի երեւելի պետական գործիչների հետ ճաշի նստելոի ավանդույթը պահպանվել է։ Նույնիսկ 20-րդ դարի սկզբին միապետի հետ ճաշի նստելը ավելին էր, քան պարզապես ճաշը եւ շատերն էին ձգտում դրան, իսկ նրանք, ովքեր արժանանում էին այդ պատվին, մեծ հպարտություն էին ապրում։ 

Մինչեւ Պյոտր Մեծը, այս ավանդույթը պահպանվել է, կարելի է ասել՝ սրբորեն։ Միապետի հետ ճաշկերույթի մասնակցելիս, հյուրերը նստում էին ըստ իրենց աստիճանի եւ կարգի, այսինքն՝ պետության մեջ ունեցած դերակատարության։ Ուշագրավ է այն, որ մինչեւ 17-րդ դար երկու անձին տրվում էր մեկ արծաթյա ափսե եւ նրանք պետք է միասին ուտեին այդ ափսեից։ Անձեռոցիկների փոխարեն տրվում էին կաղամբի թերթիկներ։ Կտորից պատրաստված անձեռոցիկները սկսել են կիրառվել միայն 17-րդ դարի երկրորդ կեսին՝ Ալեքսեյ Միխայլովիչ ցարի կողմից են դրանք ներդրվել։

Արամ Յանին