Ռոմանոսի անդիպլոմ ապերիկը պետի տեղակալ է աշխատել

Ռոմանոսի անդիպլոմ ապերիկը պետի տեղակալ է աշխատել

ՋՕԸ-ի անդիպլոմ պաշտոնյան` ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոյանի եղբայր Ռուբեն Պետրոսյանը, չունենալով բարձրագույն կրթություն, երկար ժամանակ զբաղեցնում էր Կոտայքի Ջրօգտագործողների ընկերության տնօրենի տեղակալի պաշտոնը: Օրենքը սահմանում է, որ ՋՕԸ-ի տնօրենը եւ տեղակալները պարտադիր պետք է ունենան բարձրագույն կրթություն: Սակայն նախկին նախարարի անդիպլոմ ապերիկը, դառնալով Կոտայքի ՋՕԸ-ի տնօրենի տեղակալ, կարելի է ասել՝ Կոտայքի ՋՕԸ-ի իրական կառավարումն էր իրականացնում: 

Սակայն մայիսի 3-ին, երբ ՋՕԸ տնօրեն Վլադ Աբրոյանն ազատվելու դիմում է գրում, եւ իրենց ուզած մարդուն չեն կարողանում տնօրենի ԺՊ կարգել, Պետրոսյանի եղբայրն էլ է ազատվում Կոտայքի ՋՕԸ-ի տնօրենի տեղակալի պաշտոնից եւ նշանակվում է նույն ՋՕԸ-ի վերահսկողության պետի տեղակալ: Այս պաշտոնում բարձրագույն կրթության ցենզը պարտադիր չէ։
Կոտայքի ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Վլադ Աբրոյանը, ով ապրիլի 28-ին ազատման դիմում էր գրել եւ ազատվել աշխատանքից, այժմ կրկին աշխատում է որպես ՋՕԸ-ի տնօրեն, քանզի նոր տնօրենի ընտրությունը տապալվել է։ 

Մենք Աբրոյանից հետաքրքրվեցինք՝ Ռուբեն Պետրոսյանը եղել է Ձեր տեղակալը, ունեցե՞լ է բարձրագույն կրթություն: «Ռուբեն Պետրոսյանն իմ տեղակալն է եղել, բայց հիմա այլ տեղ է աշխատում: Կլինի՞ Ձեր հարցերին չպատասխանեմ»: 

Հարցրինք՝ այժմ նա զբաղեցնում է Կոտայքի ՋՕԸ-ի վերահսկողության պետի տեղակալի պաշտոնը, այս դեպքում պարտադիր բարձրագույն կրթություն պահանջվո՞ւմ է, թե՞ ոչ: Ասաց՝ ոչ: Իսկ երբ Ձեր տեղակալն էր, բարձրագույն կրթություն պե՞տք է ունենար։ Պատասխան՝ այո: 

-Իսկ հիմա ասեք մեզ` ինչպե՞ս է ստացվում, որ ՊՎԾ-ի պետ Ռոմանոսի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը, չունենալով բարձրագույն կրթություն, զբաղեցրել է Կոտայքի ՋՕԸ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը: 

-Ես ասում եմ` Ձեր հարցերին չեմ պատասխանում, Դուք նորից նույնը կրկնում եք: 

-Դուք պարտավոր եք մեր հարցերին պատասխանել։

Վլադ Աբրոյանն անջատեց հեռախոսը: Վերջերս ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ տարբեր կառույցներում իրենց կողմից իրականացվել է վերահսկողություն, եւ մի շարք խախտումներ են հայտնաբերվել, որոնք ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։ Պետական վերահսկողական ծառայության պետը գուցե վերահսկողություն իրականացներ նաեւ Կոտայքի ՋՕԸ-ո՞ւմ եւ պարզեր, թե ինչպես է ստացվել, որ իր եղբայրը, չունենալով բարձրագույն կրթություն, զբաղեցրել է Կոտայքի ՋՕԸ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը: