Պատերազմից ու շատ ծանր տարի ունենալուց հետո Հայաստանում մարդկանց դեմքին ժպիտ հայտնվեց․ Կապառոս

Պատերազմից ու շատ ծանր տարի ունենալուց հետո Հայաստանում մարդկանց դեմքին ժպիտ հայտնվեց․ Կապառոս

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հարցազրույց է տվել իսպանական հեռուստաընկերություններին, անդրադարձել Հայաստանի ազգային հավաքականի գրանցած վերջին հաջողություններին։

«Ցանկանում եմ ձեզ մի գաղտնիք բացել։ Ֆուտբոլիստները ցանկանում են, որ ամեն խաղից առաջ հնչեցնեմ «Սևիլիայի» օրհներգը: Հետաքրքիր է, չէ՞: Ուրախալին ու ամենակարևորն իհարկե հիմա այն է, որ  մենք մեր խմբի առաջատարն ենք, և մինչև սեպտեմբեր դա մեզնից ոչ ոք չի կարող խլել: Շատ հեռուն չենք նայում, շարժվում ենք խաղից խաղ, քայլ առ քայլ: Մենք պրոֆեսիոնալներ ենք ու լավ գիտենք, որ շատ դժվար է լինելու: Ռումինիան հզոր հավաքական է, Իսլանդիան նույնպես լավ թիմ ունի, դե Գերմանիայի մասին էլ՝ չխոսենք: Բայց, կրկնում եմ, մինչև սեպտեմբեր ոչ ոք չի կարող մեզնից խլել մրցաշարային աղյուսակին ոգևորությամբ նայելու իրավունքը: Կարելի է ասել՝ ամեն ինչ նոր է սկսվում, պետք է աշխատել, աշխատել ու շարունակ աշխատել։ Ինչ խոսք՝ մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել շատ ծանր տարի ունենալուց հետո: Կորոնավիրուսից բացի՝ այստեղ պատերազմ էր. շատերը զոհվեցին, բոլորը շատ տխուր էին: Բայց հենց այստեղ է ֆուտբոլի հզորությունը: Փողոցներում արդեն կարող ենք տեսնել ուրախ մարդկանց: Ինձ ասում են, որ այս օրերին հեռուստաեթերում չի քննարկվում քաղաքական թեմաներ, բոլորը խոսում են միայն ֆուտբոլի մասին: Մեզ համար մեծ պատիվ է փոխել տրամադրությունն այս երկրում »,- ասել է իսպանացի հանրահայտ մասնագետը։

Հայաստանի հավաքականը, հիշեցնենք, ԱԱ 2022 թվականի առաջնության նախընտրական փուլի մեկնարկային երեք հանդիպումներում տարել է նույնքան հաղթանակ, վաստակած 9 միավորով գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը, գերազանցում է անգամ Գերմանիայի ընտրանուն, որը առաջին երկու հանդիպումներում հաղթելուց հետո, պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։