Մաշկափրկություն. վերջին արար

Մաշկափրկություն. վերջին արար

Համացանցում կարելի է գտնել Փաշինյանի՝ հետպատերազմյան բազմաթիվ ելույթներ, որոնցում նա, բառիս բուն իմաստով, ճամարտակում է Արցախին կատարվող ֆինանսական հատկացումների ավելացումների մասին, պարծենում, թե դրանք աննախադեպ են նախորդ մյուս ժամանակահատվածի համեմատ: Թվեր, թվեր, թվեր… Իսկ ի՞նչ կար այդ թվերի հետեւում: Արցախը կորցրել է իր պաշտպանության բանակը, կենսական տարածքները, զարգացման բոլոր հեռանկարները, ժողովուրդը հայտնվել է ամեն ինչ, ընդհուպ սեփական տներն ու բնակարանները կորցնելու վտանգի առջեւ: Եվ, ուրեմն, պարզ հարց՝ ինչո՞ւ էին աճում հատկացումները հետպատերազմյան շրջանում:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հայտարարությունը, թե «44-օրյա պատերազմի արդյունքում եւ հետեւանքով Հայաստանի Հանրապետությունն այլեւս չունի հնարավորություն եւ ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները եւ անվտանգությունը», խորհելու տեղիք է տալիս: Մի կողմից, իհարկե, լավ է, որ տկարամիտների այս իշխանությունն այլեւս չի զբաղվելու հայության արցախյան հատվածի իրավունքների ու ազատությունների հարցերով, բայց մյուս կողմից էլ վտանգ կա, որ արցախահայությունը կարող է մնալ առանց Հայաստանի ֆինանսական աջակցության, իսկ այդ աջակցությունը, անշուշտ, անվտանգության բաղադրիչ է:

Ես շատ կզարմանամ, եթե ՀՀ հաջորդ տարվա բյուջեի մեջ ներառվի Արցախի մասին որեւէ կետ: Առնվազն ծիծաղելի կլինի տեսնել, թե ինչպես է Հայաստանը փող հատկացնում Ադրբեջանի շրջաններից մեկին, ինչպիսին դիտարկում են Արցախը Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը: Այն էլ կա՝ Ադրբեջանը թույլ կտա՞ նման բան:

Այս իրավիճակում Ադրբեջանից քանի՞ օր կպահանջվի Արցախը հայաթափելու համար: Ինձ թվում է, սակայն, որ Ադրբեջանը հատուկ չի էլ զբաղվի այդ հարցով, որովհետեւ Արցախը կհայաթափվի ինքնաբերաբար: Վերջին արցախցին իր հայրենիքը կլքի ռուս խաղաղապահների հեռանալու հետ, եւ հայկական երկրորդ պետության պատմությունն այդքանով կավարտվի: Նիկոլ Փաշինյանն արցախյան խնդրի կապակցությամբ իր բոլոր հայտարարություններով, բանավոր պայմանավորվածություններով, ստորագրած ու չստորագրած պայմանագրերով արդեն իսկ ստեղծել է այն իրավական հիմքերը, որոնք երբեք այլեւս թույլ չեն տալու խոսել արցախահայության իրավունքների ու ազատությունների մասին: Արցախ չի եղել, Արցախի մասին հիշատակություն չկա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման եւ ոչ մի փաստաթղթում, որոնք այսօր շրջանառվում են Բրյուսելում եւ Վաշինգտոնում:

Ի՞նչ են անում, առհասարակ, հայրենիք եւ ժողովուրդ ուրացող իշխանությունների հետ: Նրանց գնդակահարում են, կապում ամոթի սյունին, դատում, բանտ նետում: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջինն իր վրա զգաց արցախահայության ցասումը եւ վախեցավ դուրս գալ ժողովրդի առաջ ու բացահայտել ողջ ճշմարտությունն Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության իշխանությունների էության ու Արցախի հարցում ՀՀ կառավարության ունեցած դիրքորոշումների մասին: Պատճառաբանեց, թե գնում եմ Երեւան, Նիկոլի հետ խոսեմ, հասկանամ, թե այդ ինչ խաղաղության թուղթ են ուզում ստորագրել: Մշտաժպիտ այս տղան, այլայլված ու վախեցած, դեռ փորձում է ասել, թե իբր ինքը լավ չի հասկանում, թե ինչ է նշանակում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչումը, եւ գնում է անձամբ Նիկոլից լսելու, թե ինչ են պայմանավորվել Պրահայում, ու ինչ է նշանակում Պրահայի քառակողմ (Հայաստան, Ադրբեջան, Ֆրանսիա, ԵԽ) հայտարարությունը: Մի երկու օր էլ կշահես, Արայիկ, իսկ հետո՞… Մի երկու օր էլ Հայաստանի Հանրապետության ժողովրդին կստիպես, որ սպասեն քո եւ Նիկոլի հանդիպման «արդյունքներին», հետո՞…

Ազգակործան պատուհասները հասկացե՞լ են, թե ինչ աղետ են բերել հայ ժողովրդի գլխին, ու ինչ է սպասվում իրենց դրա համար: Չի բացառվում, որ հասկացել են, ավելին ասեմ՝ ավելի շուտ՝ հասկացել են, քան չեն հասկացել: Դա է հուշում Նիկոլի խաղաղության քաղաքականությունը, որով փորձ է արվում Արցախի հարցի ու հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը տանել այնպիսի հարթակներ՝ Բրյուսել, Վաշինգտոն, որոնք գուցե նաեւ ապահովեն իր անձնական անվտանգությունը, եթե հաջողվի հարցը «կարգավորել» ամեն գնով՝ ընդհուպ անմիջական հարեւաններին խաղից դուրս թողնելով: Թող չլինի Արցախը, թող Ադրբեջանը չհեռանա ՀՀ սուվերեն տարածքից, թող ստեղծվեն միջանցքներ, միայն թե ինքը փրկվի ու խուսափի այս ամենի համար կյանքով հատուցելուց:

ՀԳ. Նիկոլ Փաշինյան, քեզ քիչ է մնացել: Ստերիդ տոպրակը դատարկվել է, մնացել են անվանական փուչիկներդ, որ հերթով պայթում են՝ պայմանավորված պատերազմ, դավաճանություն, կապիտուլյացիա, աթոռապաշտություն, ցինիզմ, ատելություն, վախ…