ԱԱԾ-ն չի դիմել Բորիս Բախշիյանը կալանքը երկարացնելու համար

ԱԱԾ-ն չի դիմել Բորիս Բախշիյանը կալանքը երկարացնելու համար

Սյունիքի մարզի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը տեղեկացրել է, որ դատավորը մայիսի 7-ին ազատ կարձակվի։ 

«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ լրանում է նրան կալանքի տակ պահելու ժամկետը։ Նախաքննական մարմինը՝ ԱԱԾ-ն չի դիմել դատարան կալանքի ժամկետը երկարացնելու համար։ Վերջին անգամ դատարանը կալանքը երկարացրել էր մեկ ամսով, այսինքն՝ մինչև մայիսի 7-ը:

Հիշեցնենք, որ դատավորը մեղադրվում է իր վարույթում գտնված գործերից մեկով մեղադրյալին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Խոսքը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով մեղադրյալ Նվեր Մկրտչյանի մասին է: Վերջինս չի ներկայացել գործով նշանակված դատական նիստին: Մկրտչյանի պաշտպանը նիստից առաջ դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ ինքն անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով նիստին ներկայանալ չի կարող, իսկ պաշտպանյալն առանց իրեն չի ցանկանում մասնակցել նիստին:

Բախշիյանը Մկրտչյանի բացակայությունը գնահատել է անհարգելի ու որոշել նրա նկատմամբ ընտրված ազատազրկման հետ չկապված խափանման միջոցը փոխել ավելի խիստով ու նրան կալանավորելու որոշում է կայացրել: