Ինչո՞ւ չի հեռարձակվում Անժելա Թովմասյանի հաղորդումը

Ինչո՞ւ չի հեռարձակվում Անժելա Թովմասյանի հաղորդումը

Անցած շաբաթ Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարը «Կենտրոն» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվեց միայն մեկ անգամ՝ նախկին 5 անգամվա փոխարեն։ Սա նախ համընկավ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մասին Hayeli.am կայքի «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն» հրապարակման հետ։ Բայց միայն այդ հրապարակումը չէր՝ հաղորդաշարը հյուրընկալում էր նաեւ հակաիշխանական բանախոսների, որոնք քննադատում էին Նիկոլ Փաշինյանին եւ նրա կառավարությունը։ Դա էր պատճառը, որ հաղորդման եթեր չգնալն անմիջապես մեկնաբանվեց որպես Անժելա Թովմասյանի քաղաքական հաղորդումը փակելու իշխանությունների հնարավոր ճնշում հեռուստաընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Մենք նախորդ շաբաթ հետաքրքրվել էինք, հեռուստաընկերությունից հերքել էին՝ ասելով, որ հաղորդման եթեր չգնալը պայմանավորված է ֆուտբոլի հեռարձակմամբ։ Սակայն ֆուտբոլն անցավ, իսկ Թովմասյանի հաղորդումն այդպես էլ չի հեռարձակվում։

«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Սերգեյ Ադումյանին հարց ուղղեցինք․ «Դուք հաղորդման չհեռարձակումը պայմանավորել էիք ֆուտբոլով․․․», սակայն պարոն Ադումյանն անմիջապես արձագանքեց՝ եւ ոչ միայն։ Պարզվեց՝ հիմա էլ «Կենտրոն» հեռուստաընկերությունը նոր եթերաշրջանին ընդառաջ՝ իր հեռուստատեսային «սետկա»-ն՝ հեռուստածրագրերն է փոփոխում։ «Բայց առաջնայինը ֆուտբոլն է, որովհետեւ ինքը շատ է խանգարում ֆուտբոլին․ մեր ֆուտբոլային ժամերը տարբեր են՝ լողացող են, ու Անժելայի հաղորդումները վերջերս նստել են ֆուտբոլի վրա։ Դրա համար, մանավանդ, որ նոր եթերաշրջան ենք մտնում, նոր հեռուստացանց ենք սարքելու, եւ դրա հետ միասին արդեն կորոշվի՝ կտեղավորվի՞, թե՞ չէ, որովհետեւ նաեւ նոր նախագծեր ու նոր ֆորմատներ են լինելու»,- հայտարարեց Սերգեյ Ադումյանը։

Փաստորեն, այս անգամ չբացառեց, որ Թովմասյանի հաղորդումը կարող է «չտեղավորվել» նոր հեռուստացանցում։ Հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ նոր հաղորդումներ է «Կենտրոն»-ը ձեռք բերել։ Սերգեյ Ադումյանն անորոշ ասաց․ «Նու, շատ կան, ասենք՝ NTV-ի հետ համատեղ ինչ-որ բան ենք անում, շատ բաներ․․․ ֆուտբոլն ա, սպորտային ուրիշ բաներ․․․ բոքս․․․ «Իմպուլս» հաղորդումը նոր է մտել․․․ տարբեր բաներ»։ Հեռուստաընկերության տնօրենը պնդում է, որ ցանցային տեղաշարժերը վերաբերում են շատ հաղորդումների, ոչ միայն «Հայելու առաջ»-ին։ Ինչ վերաբերում է ֆուտբոլին, ապա Ադումյանն ասաց, որ խոսքն Իսպանիայի առաջնության մասին է, որը «ռեյտինգով համար մեկն է»։

Ամեն դեպքում, տնօրենից հետաքրքրվեցինք՝ հնարավոր չէ՞ Թովմասյանի հաղորդումը տեղափոխել այլ ժամի։ Ասաց՝ ամեն ինչ հնարավոր է։ Իսկ հնարավո՞ր է հաղորդաշարն առհասարակ չհեռարձակվի։ «Հնարավոր ա»։
Վերջին հարցը տվեցինք՝ բացառո՞ւմ եք, որ իշխանությունների ճնշմամբ հաղորդումը փակվի, քանի որ Անժելա Թովմասյանի հաղորդման հետ իշխանությունները կարծես խնդիր ունեն, ինքն էլ իշխանությունների հետ ունի։ «Կենտրոնի» տնօրենն ի պատասխան ասաց․ «Բայց ո՞վ ասաց, որ մենք իշխանության հետ խնդիր չունենք.․․ մի մոռացեք, որ Անժելան աշխատում է «Կենտրոն» հեռուստաընկերությունում»։

Անժելա Թովմասյանից փորձեցինք պարզել հաղորդման չհեռարձակման պատճառների մասին։ Մասնավորապես հարցրինք, թե այս ամենը կապո՞ւմ է հայտնի իրադարձությունների հետ։ Անժելա Թովմասյանը չմեկնաբանեց եւ ասաց․ «Հարկ եղած դեպքում այդ ամեն ինչի մասին մանրամասն կխոսեմ»։ Հետաքրքրվեցինք նաեւ՝ Գագիկ Ծառուկյանի հետ այս մասին խոսե՞լ է, Թովմասյանը դրական պատասխան տվեց, բայց չմանրամասնեց Ծառուկյանի դիրքորոշումը․ «Ես այսօր պատրաստվում եմ հանդիպել իր հետ, երեւի որոշ բաներ հստակ կլինեն»։