Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը Փարիզ-2024-ին մասնակցելու իրավունք է նվաճել

Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը Փարիզ-2024-ին մասնակցելու իրավունք է նվաճել

Գերծանր քաշային հայ ծանրորդ, Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը Տաշքենդում ավարտված Ասիայի առաջնությունում երկամարտի 443 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: Մինասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 207 կգ կշռող ծանրաձողնը, իսկ հրում վարժությունում՝ 236 կգ-ն: Գոռ Մինասյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել:

Հայկական ծանրամարտի ամենատիտղոսակիր ներկայացուցիչներից մեկը՝ գերծանր քաշային Գոռ Մինասյանը, հիշեցնենք, 2022-ին էր տեղափոխվել Բահրեյնի հավաքական: Սա այն բացառիկ դեպքն էր, որ մարզիկը փոխում է ֆեդերացիան ու դա ողջունելի էր: Բանն այն է, որ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում երկիրը միեւնույն քաշային կարգում կարող է ներկայացնել առավելագույնը երկու ծանրորդ:  Հայաստանի ազգային հավաքականում տեղ զբաղեցնելու համար սուր մրցակցություն էր սկսվել գերծանր քաշային երեք հավասարազոր ծանրորդների՝ Վարազդատ Լալայանի, Սիմոն Մարտիրոսյանի եւ Գոռ Մինասյանի միջեւ, որոնք եղանակ են ստեղծում համաշխարհային ծանրամարտում: Ստեղծված իրավիճակում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու համար նրանցից մեկնումեկը ստիպված էր իջնել մեկ քաշային կարգ ներքեւ, ինչը անհնարին էր, ուստի հենց Գոռը փոխեց ֆեդերացիան: