Մի հատ նայեք ինձ, ճնշում գործադրող մարդ կարամ լինե՞մ. Արմեն Գեւորգյան

Մի հատ նայեք ինձ, ճնշում գործադրող մարդ կարամ լինե՞մ. Արմեն Գեւորգյան
Արմեն Գևորգյան

Մի հատ ինձ նայեք, ես իմ տեսակով ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ։ Այս մասին այսօր Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք ինքը ժամանակին ճնշում գործադրե՞լ է Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանի նկատմամբ։

Արմեն Գեւորգյանը նաեւ նշեց, որ դատարանում հանդես է եկել հայտարարությամբ. «Ես հայտարարությամբ հանդես եկա, ներկայացրի իմ կարծիքով այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են ներկայացված մեղադրանքների անհիմն լինելու մասին  Խնդրեցի, որ իմ բոլոր գործընկերները ե՛ւ դատախազությունում, ե՛ւ քննչական մարմիններում, ամեն ինչ անեն, որ գործը անաչառության, օբյեկտիվության եւ հանգիստ մթնոլորտում քննվի, որպեսզի վերջիվերջո արդարությունն ի հայտ գա, եւ բոլորս իմանանք ինչ էր եղել եւ ինձանից ինչ էին ուզում»։

Արմեն Գեւորգյանը չպատասխանեց հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից արդյոք որեւէ հրահանգ ստացե՞լ է Մարտի 1֊ի գործի հետ կապված։ «Սիրելի բարեկամներ, մեկ անգամ եւս ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ես այսօր գտնվում եմ այնպիսի կարգավիճակում, որ չեմ կարող ձեզ որեւէ տեղեկություն տալ գործի հետ կապված նյութերից»,֊եզրափակեց Գեւորգյանը։

Նշենք, որ այսօր Գեւորգյանի գործով նիստը հետաձգվեց։ Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաեւ պաշտպանական կողմը։ Գեւորգյանի պաշտպանը բողոք է ներկայացրել՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ հաստատված համարել նաեւ ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը): Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: