Նախկին «Իմքայլականի» բանադրումը

Նախկին «Իմքայլականի» բանադրումը

Մտածում եմ՝ ինչո՞ւ «Իմ քայլը» խմբակցությունից Սոֆյա Հովսեփյանի դուրս գալու որոշումն իշխող ուժի կողմից այսքան «համախառն» արձագանքի արժանացավ․ է՛լ պատգամավորներ, է՛լ Երևանի ավագանու անդամներ, է՛լ կուսակցական ֆունկցիոներներ, է՛լ (բնականաբար) ֆեյքանախիր՝ ժեխ։  Չէ՞ որ մինչ Ս․ Հովսեփյանը այդ քայլին դիմել էին նաև ուրիշ պատգամավորներ (ցուցակը տե՛ս ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան էջում), որոնց որոշումը թեև դարձյալ կոշտ, սակայն այսպիսի հիստերիկայով չէր ընդունվել իշխանության կողմից։ Կարծում եմ՝ բացատրությունը մեկն է․ տիկին Ս․ Հովսեփյանը հունվարի 11-ի նախօրեին իր քայլով նախապես «գնահատել» է իր քաղաքական առաջնորդի սպասվելիք դավաճանական քայլը, հետևաբար հենց դրանով վտանգավոր է։ Եվ Նիկոլի գաղափարական ցլամարտիկներն ու նախիրը գործի են անցել։

Վերոհիշյալ Ռ․ Ռուբինյանը, որ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է, և որի պրոֆեսիոնալ գործունեության «արդյունքում» է նաև, որ մեր երկիրը չկարողացավ խուսափել պատերազմից, հետևաբար ջախջախիչ պարտություն կրեց նախ դիվանագիտական դաշտում, ահա այդ նույն մարդն իր ֆեյսբուքյան գրառման մեջ մեր ազգի պատմության նսեմագույն օրը՝ նոյեմբերի 9-ը, որակում է որպես․․․ «հայտնի իրադարձություններ»։ ««Իմ Քայլը» խմբակցությունը հայտնի իրադարձություններից հետո լքել են հետևյալ անձինք»,- գրում է Ռ․ Ռուբինյանը և «ցավ ի սիրտ» թվարկում լքողների անունները։  Գիտուն մեր երիտասարդին հուշենք, որ նոյեմբերի 9-ը՝ իր աննախադեպ ստորացուցիչ կապիտուլացիոն ակտով, «իրադարձություն» չէ (այն էլ հոգնակի), այլ՝ խայտառակություն և համազգային ամոթ՝ «արարված» իր քաղաքական առաջնորդի ձեռամբ։ Այնպես որ՝ իրերը կոչենք իրենց անուններով։  

Բայց լրագրողիս համար Ռ․ Ռուբինյանի ֆեյսբուքյան արձագանքում առավել հետաքրքրականն այն համոզումն է, թե ցանկացած պատգամավոր «Իմ քայլը» խմբակցությունից իրավունք չունի դուրս գալ երբևիցե և որևիցե պարագայում։ Ասել է թե՝ Ռ․ Ռուբինյանը համարում է, որ այդ խմբակցության պատգամավորները, բազում այլ իրավունքների թվում, անցած երկու տարիներին կորցրած են եղել նաև ժամանակի ու հանգամանքների մեջ փոխվելու, աճելու և զարգանալու պարզ մարդկային, ես կասեի՝ ժողովրդավարական իրավունքը։ Իսկ դա նշանակում է՝ որևէ պատգամավորի թույլ տրված չի եղել փոխվել՝ «Իմքայլականների» գործունեության հայրենանվիրությունը կասկածի տակ դնելու, աճել՝ Նիկոլի տիրապետությունից զզվելու, զարգանալ՝ «Իմքայլական» հերմետիկ փակ միջավայրից դուրս պրծնել փորձելու  չափ․․․  

Իսկ նրանք, ովքեր արել են դա, բնականաբար արժանացել են նաև կուսակցական բանադրանքի։ Սա հաստատվում է ՔՊ կուսակցության պաշտոնական «բանադրողի»՝ այդ կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառմամբ, որում վերջինս, այլոց թվում, մեկնաբանում է նաև Սոֆյա Հովսեփյանի քայլը։ «․․․ Չլիներ Իմ քայլը դաշինքը, չլիներ Նիկոլ Փաշինյանը, քանի՞սն էին լինելու իր ընտրողները։ Տա՞սը, տասնհի՞նգը, գուցե հարյուրը, լավ, շատ բարի կանգնենք հարյուրի վրա, բա մնացա՞ծը։ Մնացած ընտրողները Սոֆյա Հովսեփյան անվան դիմաց նշումը կատարել են բացառապես այն պայմանով, որ նշումը անում են մի քվեաթերթիկի վրա, որի դարձերեսին գրված է ՝ ԻՄ ՔԱՅԼԸ, 1. Նիկոլ Փաշինյան։ Չլիներ այդ քվեաթերթիկի դարձերեսը, չէր լինի աշխարհում Սոֆյա Հովսեփյան- պատգամավոր երևույթը։ Եվ ուրեմն թույլ տվեք լինել մաքսիմալ անկեղծ ու ազնիվ և երևույթն այս կոչել իր իսկական անունով, այն է՝ ԱՌՆԵՏԱՎԱԶՔ՝ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»։ 

Ի՜նչ պաթոս է, չէ՞, ի՜նչ ինքնաբավ մեծամտություն, ի՜նչ տպավորիչ ՄԵԾԱՏԱՌՈՒԹՅՈՒՆ, բայց նաև ի՜նչ․․․ մանկամտություն։ Սույն երիտասարդի մտքով չի էլ անցնում, որ «Իմ քայլի» պատգամավորներին այսպես կոլեկտիվ «լցնելով» Նիկոլի քվեաթերթիկի մեջ և այդ կերպով «բերելով» խորհրդարան՝ ինքն ավելորդ անգամ հաստատում է և հավաստում, որ  «Իմ քայլը» կոչվածն  անենևին էլ ինքուրույն, ազատ, անհատականություններից բաղկացած քաղաքական ուժ չէ, այլ՝ ձայնազուրկների մի զանգված, որ հայտնվել է խորհրդարանում, որովհետև ընտրաթերթիկի հետևում գրված է եղել՝ 1․ Նիկոլ Փաշինյան։
«Խոստովանե՜ց Սկումբրիևիչը, չդիմացավ փաստերի ճնշմանը»։ 

Եվ եթե այդպես է, ուրեմն վերջնականորեն «խփվում» է Ռ․ Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառման վերջին եզրահանգումը ևս․  «Որպես գերակշիռ քաղաքական մեծամասնություն՝ «Իմ Քայլը» խմբակցությունը շարունակելու է իրականացնել իրեն տրված մեկ միասնական մանդատը՝ որպես ժողովրդի իշխանության իրացման գործիք և պատվեր։ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և սա անառարկելի ու անշրջելի իրողություն է»։

Նախ՝ քաղաքագիտական տգիտություն է «միասնական մանդատ» հասկացությունը․ չի կարող լինել այդպիսի մանդատ հենց թեկուզ այն պատճառով, որ ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է յուրաքանչյուր առանձին պատգամավորի իրավունքը՝ կաշկանդված չլինել «հրամայական մանդատով», առաջնորդվել «իր խղճով և համոզմունքներով»: «Ի՛ր խղճով և համոզմունքներով», ո՛չ թե Լիլիթ Մակունցի, Արարատ Միրզոյանի  կամ Նիկոլ Փաշինյանի, հետևաբար էլ ի՛նչ «միասնական մանդատ»։

Բացի այդ՝ խամաճիկների խմբակցությունը չի կարող «ժողովրդի իշխանության իրացման գործիք և պատվեր» լինել։ Այդպիսին՝ «իշխանության իրացման գործիք», նա կարող է լինել շատ-շատ մեկի՝ Նիկոլ Փաշինյանի համար։ 

Բայց արդեն դա էլ է կասկածելի․ վկա՝ Սոֆյա Հովսեփյանի քայլը։