Մտածում ենք առաջիկայում ստեղծել մեր սեփական հարթակը. Թրամփը չի զիջում պայքարը 

Մտածում ենք առաջիկայում ստեղծել մեր սեփական հարթակը. Թրամփը չի զիջում պայքարը 

Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահ, Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտածում է ստեղծել իր սեփական սոցիալական ցանցի հարթակը՝ որպես Twitter սոցիալական ցանցին այլընտրանք։

Հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» տեղեկատվական գործակալությունը:

Հանրապետական նախագահն այսպիսի հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ իր անձնական էջը արգելափակվեց այս սոցիալական ցանցի ադմինիստրացիայի կողմից: Համապատասխան հաղորդագրությունները ամերիկացի առաջնորդը տեղադրել է Twitter-ում ԱՄՆ նախագահի պաշտոնական էջում, բայց դրանք նույնպես անմիջապես հեռացվել են սոցցանցի մոդերատորների կողմից:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահի տեքստը տարածվել է նաեւ Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից: «Ինչպես ես վաղուց էի ասում, Թվիթերն ավելի ու ավելի է առաջ գնում խոսքի ազատությունը սահմանափակելու մեջ, և այսօր Թվիթերի աշխատակիցները համաձայնեցվեցին Դեմոկրատների և արմատական ձախերի հետ և ջնջեցին իմ էջը իրենց հարթակից՝ լռեցնելու ինձ և ձեզ՝ 75 միլիոն հրաշալի հայրենասերներին, ովքեր ինձ ձայն են տվել», - հայտարարել է Թրամփը:

«Ես կանխատեսում էի, որ դա տեղի կունենա: Մենք բանակցություններ ենք վարում տարբեր այլ կայքերի հետ, շուտով կարևոր հայտարարություն կանենք, և նաև մտածում ենք առաջիկայում ստեղծել մեր սեփական հարթակը: Մեզ չեն ստիպի լռել», - ասել է Սպիտակ տան ներկայիս ղեկավարը:

Թրամփի խոսքերով՝ «չնայած Twitter-ը մասնավոր ընկերություն է», բայց առանց «պետության կողմից տրված նվերի»՝ 1996 թ. Կապի ոլորտում էթիկայի մասին օրենքի 230-րդ բաժնի տեսքով (պաշտպանում է տեխնոլոգիական ընկերությունները դատական ​​հայցերից՝ օգտագործողների կողմից ստեղծված բովանդակությունը փակցնելու, հեռացնելու կամ այլ կերպ վարելու համար), ընկերությունը «երկար չէր գոյություն ունենա»:

Իր հերթին «Ֆեյսբուք» տեխնոլոգիական ընկերությունն անորոշ ժամանակով արգելափակել է ԱՄՆ նախագահի ֆեյսբուքյան և ինստագրամյան հաշիվները։ Թրամփն ալիք ունի նաև «Տելեգրամ» ցանցային հարթակում։