Այսպիսի վայրագ շինարարություն վերջին անգամ արձանագրվել է Արգիշտի թագավորից առաջ

Այսպիսի վայրագ շինարարություն վերջին անգամ արձանագրվել է Արգիշտի թագավորից առաջ

Մոտ երկու շաբաթ է՝ Մարզահամերգային համալիրի գետնանցումը վերանորոգվում է։ Շինարարական աղբը, բահերը, սալիկները ոտքի տակ թափված են։ Մարդիկ բահերի ու ջարդուխուրդ բետոնի վրայով դեսուդեն են անում, բարձրանում ու իջնում ջարդված աստիճաններով՝ տեղ-տեղ էլ թռչկոտելով։ Երեխաներ են մտնում, վազվզում քարուքանդ եղած գետնանցումով։

Սովորաբար նման դեպքերում շինարարները փակում են տարածքը, սահմանափակում անցորդների ելումուտը՝ դժբախտ պատահարները, շինանյութի գողությունը կանխելու համար։ Նաեւ ցուցանակներ են փակցնում, որտեղ գրված է լինում, թե որ կազմակերպությունն է իրականացնում շինարարությունը եւ ում պատվերով։
Բայց քաոսային այս շինարարությունը լրիվ նորմատիվներից դուրս է։ Այս դեպքում ոչ մի ընդունված կանոն չի պահպանվել։ Այսպիսի վայրագ շինարարություն վերջին անգամ արձանագրվել է Արգիշտի թագավորից առաջ։  Շինարարական հարթակները գետնանցման պատերին կցված, արհեստավորները, վրան կանգնած, իրենց գործն են անում։ Գետինը թաց է, առվակներ են գոյանում, շինարարները կամրջակներ են դրել իրենց եւ անցորդների համար։ Մարդիկ ցատկոտում են դրանց վրայով ու ջրափոսերը հաղթահարելով՝ շտապում են իրենց բանին։ Տոննաներով շինարարական աղբ է կուտակված աստիճաններին։

 Աշխատանքների պատվիրատուն Երեւանի քաղաքապետարանն է։  Բայց թե ով է կոնկրետ պատվիրատուն, քաղաքապետարանից չեն հայտնում՝ պահանջելով գրավոր հարցում։ «Շինբարեկարգման վարչությանը տեղեկացրել ենք, որ այդ ընկերությանը զգուշացնեն, որ պատշաճ կահավորում ապահովի»,- ասաց Երեւանի քաղաքապետի խոսնակը։