Կերած խմածներդ անուշ, մի թիքա խորոված ուղարկեցի՞ք Քյարամի Մորը․․․

 Կերած խմածներդ անուշ, մի թիքա խորոված ուղարկեցի՞ք Քյարամի Մորը․․․

Հայերը շատ լավ սովորույթ ունեն։ Երբ մի ուրախություն  կամ, Աստված չանի, տխրություն է լինում, տան տերը իր ուրախությունը մի կողմ թողած կամ վիշտը մոռացած, ասում է․ «Չմոռանաք, Զինվոր  կորցրած մորը հաց ուղարկել․․․»։ Հատկապես սահմանամերձ գոտիներում դա օրենքի ուժ ունի։

Այսօր ՀՀ քաղաքացու օրն է, որը համընկավ Ապրիլյան քառօրյայի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրվա հետ։ Խոնարհումս բոլոր զոհերին, նրանց ընտանիքներին։ Պետական մակարդակով 124 միլիոն դրամից մի տաս միլիոն դրամ  հատկացնել  չէ՞ր կարելի զոհերի ընտանիքներին, որպեսզի իրենք էլ զգային քաղաքացու "օրվա բույրը"։ Չէ՞ որ վարչապետն ու իր կինը երբեմն ծննդյան օրերին անակնկալ են մատուցում առանձին մարդկանց ու հեղեղում լրատվամիջոցներում։  Քրիստոնյան դա փայ է անվանում։  Կերած խմածներդ անուշ, մի թիքա խորոված ուղարկեցի՞ք որևէ զոհվածի  Մոր։ Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է, հարցնում եմ՝ հիշեցի՞ք նրա հանգած օջախը։ Քյարամը  ընդհանրական կերպար է։ Այդ մի կտոր խորովածը, որ ուղարկեիք, 124 միլիոն դրամի  արժեք կունենար։ Ոչ մի զոհվածի մայր մի կտոր խորովածի չի կարոտ, բայց պետական ուշադրությունը ամենամեծ սփոփանքն է։ Մայրերը դեռ սպասում են իր որդիներին։ Ցավոտ կետի եմ խփում, գիտեմ՝ ցավացնելու եք ինձ, բայց ասել չեմ կարող։

Քյարամ Սլոյան։ Շարքային, գնդացրորդ Քյարամ Սլոյանն-ը այն քաջերից էր, ով չենթարկվելով հրամանատար Արմենակ Ուրֆանյանի հրամանին, մնաց նրա կողքին և մինչև վերջին շունչը կռվեց բարբարոս ու պիղծ ազերիների դեմ: Սպանվելուց հետո նրա դիակը հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների վերահսկողության տարածքում, գլխատվել և ենթարկվել դիակապտության։

«Դիակը բերեցին՝ չէինք իմանում, որ անգլուխ ա: Հետո իմացանք: Շատ ցավալի էր․․․ հետո գլուխը բերինք անատոմիկից, տարանք, դագաղը հանեցինք, բացեցինք, գլուխը դրեցինք տեղը, թաղեցինք»,- պատմում  էր հայրը՝ Քյալաշ Սլոյանը, ով որդու մահից հետ 1 տարի դիմացավ, 52 տարեկանում, գնաց խաղաղվելու որդու մոտ։

Մյուս տղային՝ Հրաչին ևս ծառայության տարան․ Մայրը պատմում էր․ «Տարան Հրաչիս։ Օրենք կար, ես չէի կարում լեզուս չէր պտտվում, որ գնայի ասեի, Քյարամի ախպերը թող չեթա ծառայի, ես էդքան բան չէի կարա ասեի։ Ես մենակ խնդրեցի գլխավոր շտաբին, որ հեռու չտանեն, մոտիկ տանեն։ Մոտիկը՝ Գորիսն էր»։

Շնորհավոր ծնունդդ Քյարամ, այսօր քո օրն է։