Պուտինի մտերիմի հրատարակությունը 16 միլիարդ ռուբլուց ավելի շահույթ է ունեցել

Պուտինի մտերիմի հրատարակությունը 16 միլիարդ ռուբլուց ավելի շահույթ է ունեցել

Ռուսական «Просвещение» հրատարակչությունը, որը հանդիսանում է ռուսական հանրակրթական դպրոցներին դասագրքային եւ հարակից ուսումնակրթական գրականության հիմնական մատակարարը, 2022 թվականին ունեցել է 16,5 միլիարդ ռուբլու շահույթ, ինչը կարելի է համարել յուրատեսակ ռեկորդային ցուցանիշ։ Այս հրատարակչությունը Forbes-ի ամենախոշոր ռուսական ընկերությունների ցանկում գրավել է 92-րդ հորիզոնականը։ Վերջին հինգ տարում հրատարակչության եկամուտներն ավելացել են երեք անգամ։ Անցյալ տարի ընկերության համախառն եկամուտը կազմել է 29,4 միլիարդ ռուբլի, որից արտադրանքի ինքնարժեքը կազմել է 8,3 միլիարդ ռուբլի։

Հայտնի է, որ «Просвещение»-ն վերահսկում է դպրոցական եւ ուսումնակրթական դասագրքային եւ այլ հարակից՝ հանրակրթության ոլորտի համար նախատեսված գրականության հրատարակման 82 տոկոսը։

Հիշեցնենք, որ 2012 թվականին «Просвещение»-ն մասնավորեցվել է Վլադիմիր Ուզունի եւ Օլեգ Տկաչի կողմից։ Իսկ մասնավորեցման գումարը տրամադրել է Արկադի Ռոտենբերգը, ըստ «Կոմերսանտ» պարբերականի։ Նրանք բոլորն էլ համարվում են Պուտինի մերձավորները։

Հիշեցնենք, որ Օլեգ Տկաչին պատկանող մեկ այլ հրատարակչությունը 22 թվականին հրատարակել է «Ձյուդո սովորենք Վլադիմիր Պուտինի հետ» ձեռնարկը։