Պատերազմի վերսկսման ամենակարճ ճանապարհը

Պատերազմի վերսկսման ամենակարճ ճանապարհը

Երկար տարիներ հայ հասարակությունը չի կարողանում լուծել դիլեման՝ Ռուսաստանի՞ հետ, թե՞ Արեւմուտքի: Հարց, որը, կարծում եմ, ի սկզբանե սխալ է դրված, քանզի քաղաքականության մեջ նման ստանդարտներ՝ մշտապես լինել այս կամ այն երկրի կողքին, կոպիտ սխալ է: Նախ, կախված աշխարհաքաղաքական հարափոփոխ իրավիճակից՝ քաղաքականությունը եւս փոփոխական է լինում: Բնական է, որ բացառություն չէ նաեւ Հայաստանի պարագան, առավել եւս՝ այն փոքրիկ երկիր է, եւ նրա քաղաքական որոշումներն էլ ավելի շատ են կախված աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունից: Գաղտնիք չէ նաեւ, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, այնպես որ՝ քաղաքականության մեջ պետք է լինել ճկուն՝ ի դեմ իրավիճակների փոփոխության։

Հատկապես վերջին 3 տարիներին ՀՀ իշխանությունները վարում են Ադրբեջանի հետ հարմարվողական քաղաքականություն, որը լիովին զուրկ է ինքնուրույնությունից եւ ելնում է ոչ թե մեր երկրի շահերից, այլ ձեռնտու է Ադրբեջանին։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը ոչ թե անկախ երկիր է, այլ Արեւմուտքի վասալն է... Օրինակները շատ-շատ են, ամենավառ օրինակը վերջին ամիսներին Հայաստանի կողմից վարվող բացահայտ հակառուսական քաղաքականությունն է։ Վերջին՝ մոտ 3 տարիների ընթացքում իշխանությունները, խաղալով Արեւմուտք-Ռուսաստան երկու լարի վրա, չորդեգրելով մեր երկրի շահերից ելող հստակ քաղաքական նպատակներ, չընտրելով համապատասխան թիրախներ, տարաբնույթ թաքուն պայմանավորվածություններ ձեռք բերելով ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու եվրոպական այլ երկրների հետ, պարբերական հայտարարություններով վիժեցնում են հայ-ռուսական հարաբերությունները, բազմաթիվ հարցերում բացահայտորեն մեղադրելով Ռուսաստանին՝ ի դեմս խաղաղապահ ուժերի։ Նաեւ պարբերաբար սպառնալով, որ Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ն, հետագայում՝ նաեւ ԵԱՏՄ-ն։ Հասկացնելով, որ Արցախի ու նրա ժողովրդի անվտանգության երաշխավորի դերը վստահելու են ԱՄՆ-ին եւ Եվրոպային: 

Իհարկե, ռուսական խաղաղապահ ուժերը միշտ չէ, որ լիարժեք են իրականացնում իրենց խաղաղապահ առաքելությունը։ Ավելին՝ նրանք էլ են փաշինյանական «կռուտիտներ» անում, թե իրենք ի՞նչ կարող են անել, եթե Հայաստանի իշխանություններն ի լուր աշխարհի ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը՝ նրա կազմում: Մինչդեռ նման հայտարարություններն ընդունելի չեն, քանզի կա եռակողմ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի գրավոր համաձայնագիր, ըստ որի՝ Ռուսաստանը պարտավորվել է իրականացնել խաղաղասիրական առաքելություն։ Եվ այդ համաձայնությունը կնքելու պահին դեռեւս Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամողջականությունը չէր ճանաչել, Ադրբեջանն էլ՝ նրա կազմում: Այնպես որ, Ռուսաստանը չպետք է հավասարեցնի նոյեմբերի 9-ի գրավոր եւ Չեխիայում Հայաստանի վարչապետի կողմից արված բանավոր հայտարարությունն ու հենվի այդ բանավոր հայտարարության վրա: Բայց եթե Ռուսաստանը դրժում է դաշնակցի իր խոստումը, ապա Հայաստանն էլ առաջ է մղում Հռոմի ստատուտի հարցը, որով՝ ոչ ավել, ոչ պակաս, ստիպված է լինելու Վլադիմիր Պուտինին կալանավորել եւ հանձնել համապատասխան ատյաններին։

Կեցցես, Հայաստան, որ ամեն ինչ անում ես՝ վայրկյան առաջ սանձազերծելու-վերսկսելու հայ-ադրբեջանական պատերազմը։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ