Ինչ է պետք անել՝ տոքսիկ նյութերից չթունավորվելու համար․ բնապահպանի խորհուրդները

Ինչ է պետք անել՝ տոքսիկ նյութերից չթունավորվելու համար․ բնապահպանի խորհուրդները

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի պահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առաջացած կրակն ամբողջությամբ չի մարել, ծուխն էլ դեռ պտտվում է Երեւանի օդում։ Ըստ նախնական տեղեկությունների, պայթել է հրավառության նյութերի  պահեստը։  Պայթյունի հետեւանքով կան բազմաթիվ վիրավորներ, երեկվա դրությամբ կար 7 զոհ, տասնյակներն էլ համարվում են անհետ կորած։ Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, ԱԻՆ հրշեջ ծառայության աշխատակիցներին են միացել նաեւ կամավորներ, անհետ կորածների հարազատներ։

Աղետի հետեւանքով օդի աղտոտվածության վտանգները նվազեցնելու նպատակով բնապահպան Քրիստինա Վարդանյանը մեզ հետ զրույցում մարդկանց խորհուրդ տվեց խուսափել վաղ առավոտյան դրսում լինելուց։ Նա զգուշացնում է, որ օրվա այդ ժամին օդում սմոգի առավելագույն քանակն է։

«Եթե պետք է դուրս գան փողոց, ապա թոքային, սիրտ-անոթային, ալերգիկ հիվանդություններով տառապողները պետք է իրենց հետ վերցնեն անհրաժեշտ դեղամիջոցները։ Չի կարելի բացել պատուհանները, հատկապես գիշերը եւ վաղ առավոտյան, հնարավորության դեպքում խորհուրդ եմ տալիս օգտագործել օդորակման եւ օդի մաքրման համակարգեր: Պատուհաններին կախել խոնավ շորեր եւ պարբերաբար փոխել դրանք, ինչպես նաեւ կատարել բնակելի եւ աշխատանքային տարածքներում խոնավ մաքրում։ Օգտակար է նաեւ ջրով տարաներ դնել՝ օդի խոնավությունը բարձրացնելու համար։ Խորհուրդ  եմ տալիս նաեւ ողողել քիթը եւ կոկորդը: Անհրաժեշտ է օրական մի քանի անգամ ցնցուղ ընդունել, սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը։ Եթե առկա է ծուխ՝ կրել պաշտպանիչ դիմակներ, որոնք պետք է խոնավացնել, իսկ պատուհանների ու դռների բացվածքները խոնավ շորով մեկուսացնել»,- մեզ ասաց ԵՊԲՀ հիգիենայի եւ էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Քրիստինա Վարդանյանը։ 

Վարդանյանն ասում է․ «Աղտոտված օդի տարածման հետ կապված քամի չկա, շոգ եղանակ է, որպեսզի արձանագրենք, որ ծուխը կարող է երեւանամերձ բնակավայրերին էլ հասնի։  Այն, որ Երեւանում մենք ունենք խնդիր, եւ դրանով իսկ պայմանավորված՝ պետք է փորձենք անել այնպես, որ ազգաբնակչությունը մի փոքր իրազեկված լինի, սա փաստ է։ Որովհետեւ խնդիրն առկա է, եւ մենք դեռ չգիտենք, թե ինչ որակի նյութեր են, եւ ինչ տեսակի աղտոտման հետ գործ ունենք։ Բայց քանի որ եղել է հրդեհ, եւ հրդեհից հետո  բավականին տոքսիկ նյութեր կան նաեւ օդի ավազանում, ուղղակի պետք է ազգաբնակչությունն իմանա, թե ինչ էլեմենտար քայլերով պետք է կարողանա ապահովել սեփական առողջությունը։ Երեւանում մենք ունենք կայաններ, որոնք անընդհատ մշտադիտարկում են իրականացնում քաղաքում, դեռ մասնագիտական որեւիցե տեղեկատվություն ես չեմ տեսել գերազանցման հետ կապված։ Հատուկ կառույց կա, որն  իրականացնում է այդ աշխատանքները։ Ես գիտեմ  նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանը վերջերս տեղադրեց այդ մշտադիտարկում իրականացնող կայանները։ Բայց առաժմ կոնկրետ որեւէ  տեղեկատվություն չունեմ՝ ինչքանով է գերազանցում, եւ ինչ խնդիր կա»։

Բնապահպանն ընդգծում է, որ Երեւանն անգամ սովորական կյանքում եւ առօրյայում ունի օդի ավազանի աղտոտման խնդիր։ Չնայած դրան՝ նշում է, որ աշխարհում օդի աղտոտվածության մակարդակով սարսափելի պետությունների դասին չենք պատկանում։ 

«Երեւանում առկա օդի աղտոտվածության խնդիրը պայմանավորված է ե՛ւ ավտոտրանսպորտով՝ նրա որակով, հին եւ հնամաշ մեքենաներով, ե՛ւ կանաչապատ գոտիների բացակայությամբ, շինարարությամբ եւ այլն, եւ այլն։ Եվ հիմա, բնականաբար, գրանցվել է նման տիպի աղետ, եւ անզեն աչքով ենք տեսնում այդ ծուխը, որը դեռ չի կանոնավորվել եւ մինչեւ գիշեր դեռ ծխում էր։ Թե որքան աղտոտված կմնա օդը մայրաքաղաքում, կախված կլինի ոչ միայն կրակի հանգման, այլ նաեւ օդերեւութաբանական երեւույթներից՝ գուցե անձրեւ գա, քամի լինի եւ այլն»։

Զրույցի վերջում Քրիստինա Վարդանյանը ցանկություն հայտնեց, որ լավ կլիներ, եթե ունենայինք ավելի պատրաստված ազգաբնակչություն, կամավորական խմբեր, որոնք ԱԻՆ-ի կողմից միշտ կվերապատրաստվեին, եւ ԱԻՆ-ը կիմանար, որ, օրինակ, Երեւան քաղաքում ունի 100 հոգի, որոնք պատրաստված, հմտություններին արտակարգ տիրապետող խմբեր են, որոնք, ըստ աղետի տեսակի, անմիջապես կմեկնեն դեպքի վայր եւ կաջակցեն աշխատանքներին։ Սա նաեւ կբացատրեր ազգաբնակչությանը, որ ուղղակի դիտարկելու համար պետք չէ գնալ դեպքի վայր, եթե չունես հմտություններ` գնալով նման տիպի գոտի, կավելացնես թունավորվածների թիվը եւ կխանգարես մասնագետներին։ Պետք է ոչ թե աղետի ընթացքում իմանանք, թե մեզ ինչ է պետք, այլ նախապես արվեն քայլեր, որոնք պետությունն է իրականացնում՝ ամեն ոլորտի մասնագետների ներգրավելով մի թիմում։ Մեր երկիրն ամբողջությամբ սեյսմիկ գոտի է։ Մենք մեծ բացեր ունենք ե՛ւ ինֆորմացիայի, ե՛ւ աղետների հաղթահարման արագ ու ճիշտ համակարգման առումով։