Ֆիննախի գրած օրենքները մի իրականության համար են, իսկ Հայաստանում հիմա բոլորովին այլ իրականություն է

Ֆիննախի գրած օրենքները մի իրականության համար են, իսկ Հայաստանում հիմա բոլորովին այլ իրականություն է

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման օրինագիծը։ Չնայած բնակչության համընդհանուր դժգոհությանն ու փորձագետների բազմաթիվ քննադատություններին, իշխանությունը, այնուամենայնիվ, երեկ ամբողջությամբ ընդունվեց։ 

Իհարկե, բոլորը հասկանում են, որ իսկական նպատակը ոչ թե բառակույտով է արտահայտվում, որն այդ համակարգը ներկայացնելիս օգտագործում են Փաշինյանը, նրա ֆինանսների նախարարն ու ԱԺ ՔՊ-ական տնտեսագետների թիմը՝ անձնավորված հաշվառման համակարգի կայացում, մարդկային կապիտալի զարգացում՝ սոցիալական կրեդիտների միջոցով, հարկերի վճարման մշակույթի ամրապնդում եւ այլն, այլ նպատակը քաղաքացու գրպանը մտնելն է ու պետության կիսադատարկ բյուջեն լցնելը։  

2023 թվականից սկսած՝ ցանկացած քաղաքացի պետք է իր եկամուտները հայտարարագրի, անգամ նրանք, ովքեր դրսից մի 100 դոլար տրանսֆերտ են ստանում, եւ պետությանը դրանից պետք է հարկ տան։ Հայտարարագրերը ներկայացվելու են տարեկան պարբերականությամբ: Նախատեսվում է, որ հայտարարագրերի նախագծերը պատրաստվելու են ՊԵԿ-ի տեղեկատվության հիման վրա եւ կարող են խմբագրվել, ճշգրտվել, լրացվել քաղաքացիների կողմից։ 
Առաջին փուլում, ըստ նախագծի, հայտարարագրեր են ներկայացնելու հանրային ծառայողները, ձեռնարկատիրական միավորների հետ կապակցվածները, երկրորդ փուլում՝ պայմանագրային ու վարձու աշխատողները, երրորդում՝ մյուսները։ 

Առաջին փուլը 2023 թվականի հունվարի 1-ից է սկսվում եւ ավարտվում է 2024 թվականի ապրիլի 20-ին։ Ընդհանուր գործընթացը տեւելու է մինչեւ 2025 թվականը։ 

Այսպիսով, ցանկացած քաղաքացի պետք է իր եկամուտները հայտարարագրի եւ պետությանը փող տա։ Որքա՞ն են մուծելու նրանք, ովքեր, ասենք, ինչ-որ պայմանագրային աշխատանք են կատարել, որը մինչ այս ոչ մի տեղ չի երեւացել ու չի հարկվել։ 

Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության եւ վարչարարության վարչության պետ Օրի Ալավերդյանը պատասխանում է մեր հարցին․ «Հայտարարագիրը նոր հարկ, բացի նրանից, որ այսօր գոյություն ունի, արդեն իսկ չի ենթադրում։ Ձեր ասած ֆիզիկական անձը, որն աշխատանքային պայմանագրով ինչ-որ եկամուտ է ստացել, ըստ էության, ստանում է եկամուտ, որը հարկվում է հարկային գործակալի մոտ, եւ եկամուտ, որը չի հարկվում։ Օրինակ, բնակարանի վարձակալությունը, որը կատարվում է ֆիզիկական անձանց միջեւ պայմանավորվածությամբ։ Բայց սա այսօր էլ գոյություն ունեցող կարգավորում է։ Հենց հիմա էլ ֆիզիկական անձը, որը վարձակալությամբ գույք է հանձնում, պարտավոր է 10 տոկոսի հարկ վճարել պետական բյուջե։ Ընդ որում, էլի հայտարարագիր ներկայացնելով, բայց մինչեւ ապրիլի 20-ը։ Էս երկու երեւույթների մեջ հարկային բեռի առումով բացարձակ տարբերություն չի լինելու»։ 

Բայց տարբերությունն այն է, որ քաղաքացիները պարզապես չեն կնքում պայմանագիր, ու, հետեւապես, նրանց եկամուտը տեսանելի չէ պետության համար։ Այսինքն՝ մի կերպ կարողանում են մեր ցածր աշխատավարձերի, համատարած թանկացումների, ծանր սոցիալական իրավիճակում գլուխները պահել։ Օրենքի ընդունման դեպքում գլուխ պահելու համար հարկ են տալու։ 
Իսկ տեխնիկական ի՞նչ խնդիրներ են առաջանալու։ Օրի Ալավերդյանը հավաստիացնում է, որ հայտարարագրման պրոցեսը հեշտ կլինի։ «Պատկերացրեք, քաղաքացին հիմա էլ տալիս էր այդ հարկը, 24 թվականին նրա համար հարկային բեռի առումով ոչինչ չի փոխվելու, ուղղակի ավելի հեշտ է լինելու հայտարարագրումը»,- շարունակում է Ալավերդյանը՝ մոռանալով, որ այս պարկեշտ քաղաքացիները չնչին տոկոս են կազմում։ Մեծամասնության համար հարկային բեռի չափը փոխվելու է։ 

Տրանսֆերտները՝ արտասահմանից որպես օգնություն եկող փողերը, հարկվելո՞ւ են, թե՞ ոչ։ Այսինքն՝ արտասահմանից 100 դոլար ստացողը պետությանը փող տալո՞ւ է, թե՞ ոչ։ 
«Եթե տրանսֆերտ եք համարում ընտանիքի՝ արտասահմանում աշխատող անդամի կողմից մյուսին փոխանցված գումարը, որը նվիրատվություն է, այսօր դա չի հարկվում ու վաղն էլ չի հարկվի։ Հարկվող է լինելու, եթե ֆիզիկական անձն արտագնա աշխատող է, գումար է ստանում ՌԴ-ում, կարող է Հայաստանում հարկվող լինել։ Որովհետեւ, եթե ես շարունակելով լինել ՀՀ ռեզիդենտ՝ աշխատածս ժամանակահատվածում, արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտները ՀՀ-ում հարկվող են։ Հարկվում են՝ ուղղակի ՀՀ-ում դրանցից հաշվարկվող հարկի գումարից նվազեցնելով մյուս երկրներում էդ եկամուտներից վճարված գումարը։ Սա ասում եմ այն, ինչ օրենքներում հիմա էլ գրված է։ Աշխատավարձը, որը որ մարդիկ ստանում են դրսում, լինելով ՀՀ ռեզիդենտ, այսօր էլ են հարկվող՝ օրենքի մակարդակում, ու այս առումով որեւէ ստորակետ չի փոխվել»։ 

Համընդհանուր հայտարարագրման համակարգը, ըստ Հրանտ Բագրատյանի, ընդունելի է եւ նույնիսկ ուշացած քայլ։ «Հայտարարագրումն իմ «100 քայլերի» ծրագրի կետերից մեկն  է եղել։ Պետությունը հասել է այն աստիճանի, որ համընդհանուր հայտարարագրումը վաղուց պետք է աներ։ Հիմա էլ, այսօրվա օրենքով, օրինակ, կանչել մեկին, նրան մի 400 դոլար գումար տալ, չի կարելի։ Պետք է հարկ տրվի»։ Բայց ստացվում է՝ ամբողջ երկիրն իրավախախտ է։ «Այո, ամբողջ երկիրն իրավախախտ է»,- համաձայնեց Հրանտ Բագրատյանը։ Եթե այդպես է, ուրեմն, պետք է ընդունենք, որ ֆինանսների նախարարության գրած օրենքները մի իրականության համար են, իսկ Հայաստանում բոլորովին այլ իրականություն է տիրում։ 

ՀՀ նախկին վարչապետը, սակայն, կտրականապես դեմ է տրանսֆերտները հարկելուն։ «Տրանսֆերտները հարկել չի կարելի։ Տրանսֆերտն արդեն հարկված է»։