Գոնե թողեք՝ լրագրողները խոսեն

Գոնե թողեք՝ լրագրողները խոսեն

Օրեր առաջ Արցախում դադարեցվեց հայաստանյան մի քանի հեռուստաալիքների հեռարձակումը: Դրանց թվում էին «5-րդ ալիքը», «Շողակաթը», «A TV» հեռուստաընկերությունը: Որոշ կարծիքների համաձայն, թիրախը «հականիկոլական» «5-րդ ալիքն» է, որը մեծ լսարան ունի Արցախում եւ ակտիվորեն լուսաբանում է արցախյան թեման, իսկ մյուս հեռուստաընկերությունները արգելվածների ցուցակում են հայտնվել այս գլխավոր նպատակը քողարկելու համար: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղարը հերքել է այդ խոսակցությունները՝ նշելով, որ խնդիրը միայն տեխնիկական է եղել, եւ ուժեղ կայծակից սարքավորում է փչացել, որը պատվիրել են Ֆրանսիայից։ Ի վերջո, օրեր առաջ սարքը Ֆրանսիայից հասել է Հայաստան, ալիքների հեռարձակումը վերականգնվել է Արցախի տարածքում, բացի «5-րդ ալիքից»։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի կարծիքով, այս ձեւով կարող են վատ նախադեպ ստեղծել՝ պատճառաբանելով, թե խնդիրը տեխնիկական բնույթի է։ «Հին ոճ է դա՝ դեռ Խորհրդային Միությունից եկած, նորություն չեն այդ տեխնիկական պատճառաբանությունները։ «5-րդ ալիքը» հրաշալի ալիք է, եւ այսօր այն փակել, թույլ չտալ, որ Արցախում հեռարձակվի, մեծագույն սխալ է եւ մեղք, որ գործում են։ Հրաշալի ալիք է նաեւ «Արմնյուզը», եւ չի կարելի այդ ալիքներին ձեռք տալ»,- ասում է Տեր-Գուլանյանն ու նկատում, որ դրանք ոչ թե հակաիշխանական են, այլ՝ ազատ խոսքի հարթակ․ «Այդ ալիքները իշխանության խոսքն էլ են ցույց տալիս, այդ թվում՝ վարչապետի, հակաիշխանական որեւէ բան չեմ տեսնում այդտեղ։ Ես տեսնում եմ ալիքներ, որոնք փորձում են պահպանել մարդու խոսքի ազատության իրավունքը, ինչը, ըստ էության, այսօր հասարակության ձեռքից խլված է։ Քիչ առաջ տեսա, թե ինչպես ԱԺ-ի մոտից բերման ենթարկեցին Ռուբեն Մելիքյանի պես հրաշալի տղային։ Ի՞նչ է պատահել, մենակ կանգնել է, պահպանում է սոցիալական հեռավորությունը, կրում է դիմակը։ Ինչո՞ւ․․․, չի կարելի այս աստիճան ընկնել։ Չի կարելի հայաստանյան օրինակը տարածել Արցախի վրա՝ խոսքի ազատությունը սահմանափակելու առումով։ Չի կարելի, մի մտեք Արցախ, ձեռք մի տվեք, Արցախը պետություն է, նախագահ ունի, իշխանություն ունի, թողեք իրենք որոշեն»։

Տեր-Գուլանյանը կարծում է, որ սա գրաքննություն է եւ խոսքի ազատության սահմանափակմանը միտված քայլ․ «Վախով հետեւում եմ, որ մամուլի օրենքի, խոսքի ազատության հետ կապված ինչ-որ օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել, ես չեմ կարդացել նախագիծը, բայց վտանգ եմ տեսնում՝ դատելով, թե ովքեր են այն ներկայացրել։ Ընդհանրապես, ձեռքներդ հեռու պահեք խոսքի ազատությունից, չի կարելի՝ լինի դա Արցախում, Հայաստանում, թե մեկ այլ տեղ։ Դա կրակի հետ խաղ է։ Շատ ավելի լավ կլինի, որ իրենց վճարովի ֆեյքերի մասին մտածեն, որոնցով, զրահաբաճկոն հագած, պաշտպանվում են, քան թե փորձեն խաթարել ազատ խոսքը, ազատ մամուլն ու հեռուստատեսությունը։ Դա շատ վտանգավոր բան է, որովհետեւ, առանց դրա էլ, այսօր ժողովուրդը խոսելու իրավունք չունի, չե՞ք զգում ինչ է կատարվում, այսօր արդեն 3-րդ անգամ քննարկում են արտակարգ իրավիճակը երկարացնելու հարցը։ Ես ուղղակի զարմանում եմ, այն դեպքում, որ այս օրերին բոլոր գործարաններն աշխատում են․ ի՞նչ կարիք կա արտակարգ դրությունը երկարացնելու։ Ո՞րն է խնդիրը՝ օր ավե՞լ մնալ իշխանության։ Այսինքն՝ ժողովուրդը չունի խոսելու իրավունք, այդ իրավունքն արդեն վերցված է, գոնե թողնեն լրագրողները խոսեն՝ չխանգարեն լրագրողին, լրագրին, հեռուստատեսությանը, եթե՝ ոչ, սարսափելի իրականություն ենք ապրում»։