Պամելա Անդերսոնն Ասանժին ներում շնորհելու համար ցանկանում է հանդիպել Թրամփի հետ 

Պամելա Անդերսոնն Ասանժին ներում շնորհելու համար ցանկանում է հանդիպել Թրամփի հետ 

Ամերիկյան «Փլեյբոյ» ամսագրի նախկին աստղ, դերասանուհի, մանեկենուհի Պամելա Անդերսոնը ցանկանում է 11-ժամյա դեմ առ դեմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ` «Վիքիլիքս» կայքի հիմնադիր, մեդիափորձագետ Ջուլիան Ասանժին նախագահական ներում շնորհելու նպատակով:

Գրել է (15.01.2021) բրիտանական «Դեյլի Մեյլ» կայքը։

Կայքի հետ հարցազրույցում Անդերսոնը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի կողմից պաշտոնի ստանձնումից ու Թրամփի հեռանալուց հետո Ասանժին ազատություն ապահովելու հնարավորությունները կարող են թուլանալ:

Ավստրալիացի լրագրողին 18 քրեական մեղադրանք է առաջադրվել՝ կապված հարյուր հազարավոր գաղտնի պետական փաստաթղթերի հետ, որոնք փոխանցվել են ամերիկյան բանակի հետախուզական վերլուծաբան Բրեդլի Մենինգի կողմից։

«Նա բացահայտել է պատերազմական հանցագործներին և պատերազմական հանցագործությունները: Այն, որ նա հետապնդվում է այդ քաջության և ազնվության համար, ոչ այլ ինչ է, եթե ոչ անարդար»,- Ասանժի մասին ասել է դերասանուհին։

Մոդելի կարծիքով՝ «Վիքիլիքսի» հիմնադիրը քաղաքական հետապնդման է ենթարկվում ԱՄՆ կառավարության կողմից. «Երբ նա հրապարակեց իր փաստաթղթերը, հուսով էի, որ օրենքը կգերակայի և արդարություն կստանա իր կողմից բացահայտված ոճրագործությունների բոլոր զոհերի համար: Հանցագործներին հետապնդելու փոխարեն իշխանությունները գնացին նրա ետևից»:

Անդերսոնը նշել է, որ ավստրալացի լրագրողի մասին առաջին անգամ իմացել է տասը տարի առաջ, երբ նա YouTube-ում կադրեր էր տեղադրել Իրաքում 2007 թվականին ԱՄՆ ռազմական «Ապաչե» ուղղաթիռի ավիահարվածի մասին, որի հետևանքով զոհվել էին մեկ տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում` միջազգային «Ռոյթերս» լրատվական գործակալության երկու լրագրող, վիրավորվել էր երկու երեխա:

Ջուլիան Ասանժը և Պամելա Անդերսոնն առաջին անգամ հանդիպել են 2014-ին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։ «Նա գրավիչ տղամարդ է, և ես սիրում էի այցելել նրան։ [...] Ես սիրախաղ եմ անում բոլորի հետ: Բայց ինձ հատկապես գրավում են պայծառ մտքերը», - նշել է «Փլեյբոյի» նախկին աստղը։