Լարիսա Մինասյանը թող իրեն հարց տա՝ ինչո՞ւ հասարակության մեջ նման վերաբերմունք կա այդ հիմնադրամի նկատմամբ

Լարիսա Մինասյանը թող իրեն հարց տա՝ ինչո՞ւ հասարակության մեջ նման վերաբերմունք կա այդ հիմնադրամի նկատմամբ

«Բաց հասարակության հիմնադրամների» Հայաստանի մասնաճյուղի ղեկավար Լարիսա Մինասյանը դիմել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, խնդրելով պատժել ԱԺ փոխնախագահ, Իմքայլական պատգամավոր Ալեն Սիմոնյանին, որը «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր․«Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկը ո՞ւմ շունն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»:
Սույն արտահայտությունից վիրավորված Լարիսա Մինասյանը Արարատ Միրզոյանին գրել էր․ «Դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ նախաձեռնել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորում եւ լսումներ՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից ս․թ․ օգոստոսի 20-ին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ։ Ես համոզված եմ՝ Դուք կիսում եք այն տեսակետը, որ հարցազրույցը ոտնահարում է էթիկայի բոլոր նորմերը թե իր լեզվական եւ բառապաշարային դրսեւորումներով, ինչպես նաեւ արտահայտած բովանդակությամբ։ Կարծում եմ՝ լեգիտիմ ընտրված իշխող ուժն ունի ավելի պատվաբեր փաստարկներ իր կառավարմանը տիրապետելուն, քան «Բաց հասարակության հիմնադրամների» նախագահ Ջորջ Սորոսին վիրավորելը եւ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը վարկաբեկելը»։
«Հրապարակ» օրաթերթը փորձեց Ալեն Սիմոնյանի կուսակից գործընկերներից, մասնավորապես, Սոֆյա Հովսեփյանից պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն Լարիսա Մինասյանի մեղադրանքների հարցում, մասնավորապես՝ համաձա՞յն են, որ այդ հարցով Էթիկայի հանձնաժողովի ձեւավորվի, լսումներ կազամակերպվեն եւ ԱԺ փոխնախագահը համապատասխան պատասխանատվության կանչվի, պատասխանեց․«Իհարկե՝ ոչ, չեմ էլ գտնում, որ պետք է այդ հարցով էթիկայի հանձնաժողով ձևավորվի ու քննարկվի։ Դա Ալեն Սիմոնյանի կարծիքն է տվյալ կազմակերպության նկատմամբ»:
Հիշեցնենք, որ տիկին Մինասյանն Ալեն Սիմոնյանին նախատել էր այն բանի համար, որ «Հայաստանի լեգիտիմ խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչը նման բառապաշարով է խոսում և նման դիրքորոշում հայտնում մի կազմակերպության մասին, որը 1997 թվականից ի վեր աջակցում է Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացին»։ Նաև ըստ էության, ասել, թե այդ խոսքերով  անցավ Նարեկ Մալյանին էլ։ «Փոխխոսնակը այդ որակի է իջեցնում դիսկուրսը հանրային, որը առանց այն էլ իջած է, աննախադեպ «ցածրունքներ» է նվաճել», - «Ազատության» հետ զրույցում նշել էր նաեւ Մինասյանը:
Սոֆյա Հովսեփյանը մեկնաբանում է․ «Մարդը, որը խոսում է Էթիկայի հանձնաժողով դիմելու մասին, էթիկապես այդքան էլ կոռեկտ չէ»։ Հարցրեցինք նաև՝ իսկ համարու՞մ է, որ «Բաց հասարակության հիմնադրամները» փորձում են ազդեցություն ունենալ իշխանության և կայացվող քաղաքական որոշումների վրա։ Իմքայլական պատգամավորն ի պատասխան ասաց, որ շատերը կարող են փորձել ազդեցություն ունենալ իշխանության վրա, այլ հարց է՝ կարո՞ղ են ունենալ, թե ոչ։ «Փորձել շատերն են փորձում․անհատներ, խմբեր, խմբավորումներ, տեղական և ոչ տեղական․․․իհարկե, կփորձեն, միշտ էլ այդպես է եղել։ Բայց այլ բան է՝ ունե՞ն այս իրավունքը, թե ոչ։ Իսկ եթե նման հարց կա՝ իրավունք ունե՞ն, թե ոչ, ապա առհասարակ քթները խոթելու իրավունք չունեն։Մասնավորապես՝ էդ կազմակերպությունը, որի մասին շատ մանրամասներով չգիտեմ՝ ինչպե՞ս է արտահայտվել Ալեն Սիմոնյանը, բայց շատ ավելի վատ արտահայտվում են հասարակության բոլոր շերտերից»։

Որպես ամփոփում իմքայլական պատգամավորը նշեց՝ լավ կլինի, որ իրենք իրենց հարց տան՝ ինչո՞ւ հասարակությունն իրենց հիմնադրամի նկատմամբ նման վերաբերմունք ունի։ Ի վերջո, կան հազարավոր հիմնադրամներ, որոնց մասին որևէ մեկը որևէ կերպ չի արտահայտվում։