Ալիեւի հաջորդ քայլը

Ալիեւի հաջորդ քայլը

Ադրբեջանական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ մի քանի օր առաջ բերման ենթարկված՝ Սերբիայում նախկին դեսպան Էլդար Հասանովի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել եռամյա կալանքը, եւ նա արդեն ցուցմունքներ է տալիս: Հասանովը, մասնավորապես, պատմել է երկրում «հինգերորդ զորասյան» կամ, ինչպես քաղաքագետներն են ասում՝ «խորքային կառավարության» առկայության մասին:  Համարվում է, որ ոչ պաշտոնական, բայց փաստացի այդ իշխանությունը գլխավորել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիեւը, որ ներկայումս զբաղեցնում է Գիտությունների ակադեմիայի նախագահի պաշտոնը: Հասանովի կալանքից որոշ ժամանակ առաջ Մեհթիեւը հանդես էր եկել հայտարարությամբ եւ հերքել իշխանության ներսում մրցակից խմբավորումների մասին տարածված լուրերը: Այսօր հայտնի է դարձել, որ բուժման նպատակով Բաքվից հեռացել է հասարակական-քաղաքական հարցերով Ալիեւի նախկին օգնական Ալի Հասանովը: Վերջինս ալիեւյան «մեդիա-կայսրության» համակարգողն էր, պետական քարոզչության կոորդինատորը: Հասանովի պաշտոնանկությունից հետո փակվեցին նրա որդու եւ կնոջ անունով գործած հեռուստաընկերությունները եւ մի քանի էլեկտրոնային լրատվամիջոցներ:

Հասանովի հիվանդությունն, անկասկած, քաղաքական է: Իլհամ Ալիեւը փաստորեն նրան արտաքսել է Թուրքիա, որտեղից Հասանովը հազիվ թե կենդանի վերադառնա: Ինտրիգը, սակայն, նրանում է, թե արդյոք Ալիեւը կգնա՞ աշխատակազմի նախկին ղեկավար Մեհթիեւի դեմ: Մեհթիեւը «գորշ կարդինալի» համարում ուներ դեռեւս Հեյդար Ալիեւի ժամանակներից, բայց միաժամանակ համարվում էր Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունների հավասարակշռողը: Նրան «խորքային կառավարություն» ստեղծելու  եւ որպես «հինգերորդ զորասյուն» գործելու մեղադրանք կներկայացվի՞: Ալիեւը քաջություն կունենա՞ Ադրբեջանում ռուսամետ ուժերին հայտարարել «դավաճան»: Կգնա՞ նա Վլադիմիր Պուտինի հետ բաց առճակատման, ինչը, հավանաբար, պահանջում է Էրդողանը: Ո՞րն է լինելու Իլհամ Ալիեւի հաջորդ քայլը: Հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությանը հաջորդած մեկ ամսում Ադրբեջանի տեղեկատվական հոսքերից առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի անունը գրեթե դուրս է մնացել: «Հինգերորդ զորասյունը» նրա հովանու ներքո՞ է գործել: