Գաղտնիությունը ժողովրդավարական և իրավական պետություններում լեգիտիմ է

Գաղտնիությունը ժողովրդավարական և իրավական պետություններում լեգիտիմ է

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում հայտնված տեսանյութից հարազատները ճանաչել էին ժամկետային զինծառայող, 2002 թվականին ծնված Դավիթ Գիշյանին։ Տեսանյութից պարզ էր դարձել, որ Դավիթ Գիշյանը վիրավորվել է ուսի շրջանում եւ հայտնվել գերության մեջ։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը հայտնել էր, որ Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ։ Այս մասին զրուցել ենք ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի հետ:

- Պարոն Զեյնալյան, մենք տեղեկացանք, որ Դավիթ Գիշյանը, ով հայտնվել էր գերության մեջ, առանձնակի դաժանությամբ սպանվել է: Այս մասով ի՞նչ եք պատրաստվում անել:

- Միջազգային դատարանում գործ է քննվում, սա կարող են նաև ներկայացնել այնտեղ: Դիմել ենք ՄԻԵԴ այս մասով:

- Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ևս բազմաթիվ գերիներ ունենք: Տեղյա՞կ եք, թե քանիսն են նրանք և, վերջապես` երբ եւ ինչպես պետք է վերադարձվեն:

- Ամսի 13-ին սկսված ագրեսիայի հետևանքով գերի ընկածներից և որևէ մեկը դեռևս չի վերադարձվել:

- Ո՞վ է նրանց վերադարձնելու համար աշխատանքներ տանում:

- Դա պետք է անեն Հայաստանի իշխանությունները, Կարմիր խաչի միջնորդությամբ: Կարծում եմ` դեռևս նման հարաբերությունների մեջ մտնելը վաղ է, քանի որ մարտական գործողություններն ընդամենը սառեցված են, այլ ոչ թե ավարտված:

- Վերջին շրջանում Կարմիր խաչի ընկերությունը, կարծես, չի ցանկանում զբաղվել նմանաբնույթ հարցերով: Նախկինում այդպես չէր: Այժմ ԱԻՆ աշխատակիցներն են դիեր տեղափոխում և այլն: Ինչո՞վ է սա պայմանավորված:

- Կարծում եմ՝ նման եզրահանգումներ անելը սխալ է:

- Շատերը, կարծես, մոռացել են, որ 2020 թվականի պատերազմի արդյունքում էլ շատ զինվորներ գերության մեջ են հայտնվել: Եվ դեռեւս բոլորը չէ, որ վերադարձվել են:

- Նրանց ոչ մեկը չի մոռացել, նրանց հիշում են, և բոլորովին վերջերս էլ հինգ գերի է վերադարձվել:

- Ձեր տեղեկություններով, վերջին օրերին քանի՞ զինվոր է գերեվարվել:

- Դեռևս հստակ չէ: Հետո պարզ կլինի: Մեր պնդումներն ու Ադրբեջանի հայտարարությունները որոշակիացված չեն:

- Գործող իշխանություններն ինչո՞ւ են գաղտնի պահում զոհերի ու գերիների անունները:

- Ո՞վ ասաց, որ գաղտնի են պահում:

- Կասե՞ք` ինչ անուններ են հրապարակվել:

- Գաղտնիությունը ժողովրդավարական և իրավական պետություններում լեգիտիմ բան է:

- Ասում էիք` հրապարակվել է… բայց ումի՞ց են գաղտնի պահում: Ադրբեջանը չգիտի՞, թե քանի գերի է վերցրել, ովքեր են…

- Բոլորի անուններն էլ հրապարակվել են, հայտնի են բոլորի անունները: Չի կարելի իշխանությունների հասցեին հերյուրանք տարածել: