Մեծարգո Նենսի Փելոսին կարող է մի նուրբ հարց առաջ մղել ԱՄՆ-ի իսթէբլիշմենթում

Մեծարգո Նենսի Փելոսին կարող է մի նուրբ հարց առաջ մղել ԱՄՆ-ի իսթէբլիշմենթում

Սյուզան Սիմոնյանը հարցադրում է արել. «Ի՞նչ կարող ենք սպասել Փելոսիի այցից, արդյո՞ք ԱՄՆ-ն է փրկելու մեզ»։ Հարցադրման երկրորդ մասը մարդկանց սառը դատելու ուղերձ է պարունակում: Ամերիկան մեզ չի փրկի, Ռուսաստանը մեզ չի փրկի…ինքներս մեզ պետք է փրկենք: Բայց, որպեսզի հաջողենք, պետք է խորությամբ վերլուծենք, թե ինչու տևական ժամանակ, դարեդար «փրկվելը» մնացել է ակտուալ: Բացի դրանից, ոչ մի պետություն հարգանքով չի վերաբերվի փրկվողի դիրքավորում որդեգրած որևէ պետության: Դա ճիշտ է, դա արդարացի է: 

Նախքան հարցը ձևակերպելը, մի դրվագ՝ տարիներ առաջ ՀՀ-ում ԻԻՀ-ի դեսպանի և դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումից: Ջերմ քննարկման ընթացքում հատկապես նշվեց հայ-իրանական հազարամյա բարիդրացիական շփումների, Իրանի տիրապետության տակ գտնվելու ժամանակ Հայաստանի արևելյան հատվածում բնակված հայերի, ներկայում այդ երկրում ապրող մեր հայրենակիցների անվտանգ ու բարեկեցիկ կյանքի մասին: Ողջ պատմության ընթացքում հազվադեպ ընդհարումները, բախումները վաղուց մոռացվել են, իսկ որոշ պատմական ժամանակահատվածներում առաջացած թշնամանքից ոչինչ չի մնացել: Իրանը ներկայում մեզ բարեկամ երկիր է: Խոսակցության ժամանակ, դեսպանատան մի աշխատակից, բավական բարեհամբյուր նախատելով մեզ, ասաց, թե Իրանի հարևան երկրները՝ Էմիրաթներից մինչև Թուրքիա (հիմա էլ՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պայմաններում), օգտվել են Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցներից, հսկայական եկամուտներ են ունեցել, տնտեսական նվաճումներ, իսկ Հայաստանն ինչու՞ չի օգտվել այդ իրավիճակից:  Անշուշտ, բարեկամի, հարևանի վատ վիճակից օգտվելն արժանապատիվ բան չէ, բայց իրանցիները պրագմատիկ են և հասկանում են, որ դա ոչ այնքան օգտվել է նշանակում, որքան փոխշահավետ գործակցություն:

Այդ ժամանակ, հիշեցի մեկ այլ միջադեպ: Այդ հանդիպումից մի 10 տարի առաջ, երբ նախարարությունների ենթակայության տակ կային պետական ձեռնարկություններ, գործում էր գույքի (հիմնականում՝ սարքավորումների) օտարման կարգ: Ըստ այդ կարգի, օտարման թույլատրված մի սարքավորում, պարզվում է՝ ձեռք էր բերվելու Իրան արտահանելու նպատակով: Հանձնաժողովի որոշումը կայացնելուց հետո, երկու-երեք օր անց ԱՄՆ դեսպանությունից ոչ պաշտոնական կապուղիով ստացվեց հորդոր՝ այդպիսի սարքավորումները չվաճառել Իրանին: 
Այդ նույն տրամաբանությամբ, արգելված է ռազմատեխնիկական և նման համագործակցությունն Իրանի հետ: Մյուս կողմից, բոլորը լավ են հիշում, որ Իրանից Հայաստան մտնող գազատարի տրամագիծը որոշել է Գազպրոմը…

Վերոնշյալը հանգեցնում է մեծարգո Նենսի Փելոսիի հետ հանդիպման ժամանակ քննարկման ենթակա թիվ 1 հարցի ձևակերպմանը. «Մեծարգո Փելոսի, ԱՄՆ-ն. արդյոք, չի՞ առարկի, որ Հայաստանը բոլոր բնագավառներում համագործակցի Իրանի հետ՝ առանց հայտնի սահմանափակումների»: Նույն հարցադրումը վերաբերում է նաև Ռուսաստանին: Մոտիվացիան շատ պարզ ու հիմնավոր է: ԱՄՆ-ը Հայաստանի նկատմամբ բարեկամաբար տրամադրված պետություն է, նույնը՝ Ռուսաստանը, բայց, ինչպես ասում են՝ մոտ հարևանը հեռու բարեկամից լավ է: Խոսքը վատ ու լավի ուղղակի իմաստին չի վերաբերում:

ԱՄՆ-ի ու ՌԴ-ի համաձայնության դեպքում, առաջին պայմանագիրը, որը պետք է կնքվի Իրանի Իսլամական Հանրապետության հետ, նկատի ունենալով տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Իրանի հստակ ու աներկբա դիրքորոշումը, պետք է լինի՝ «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիրը:

Ի դեպ, «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի նախաբանում նշված է. «հիմնվելով մշակութային նմանության, հոգևոր շփման բազմադարյան ավանդույթների և իրենց ժողովուրդների բարեկամական կապերի վրա…»

Թերևս, Իրանի Իսլամական Հանրապետությունը միակ պետությունն է, որի հետ նմանատիպ պայմանագրում կարող է նշված լինել. «Հիմնվելով մշակութային նմանության, հոգևոր շփման ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ավանդույթների և իրենց ժողովուրդների բարեկամական կապերի վրա…»
Հուսով եմ, որ մեծարգո Նենսի Փելոսին այս հարցի լուծմանն ուղղված ջանքեր կգործադրի՝ Հայաստանից ԱՄՆ վերադառնալուց հետո:

Գագիկ Վարդանյան