Օսիպովի շարժման շարունակությունը չէ՞․․․

Օսիպովի շարժման շարունակությունը չէ՞․․․

Արցախի օսիպովյան շարժման և այսօրվա զինվորականների շարժման մեջ խիստ նմանություն եմ տեսնում։ Կներկայացնեմ փաստերը՝ առանց գնահատական տալու։ Արցախում էլ էին   դոշ ծեծում , թե կգնանք Հակարի կամուրջ, բայց չէին ասում, թե կռիվ կանենք կամ զինված կգնանք։

Այնտեղ Նիկոլի թավշյա ձևն էր գործում։ Կգնանք խաղաղ երթով, աղավնիներով կամ սիրամարգերով։ Ինձ ձևով էլ ասում էին, միևնույն է, խոհեմ արցախցին հասկանում էր, որ այդտեղից բախման հոտ է գալիս։ Դու խաղաղ երթով կգնաս, Ադրբեջանը երթիդ այլ կերպ կպատասխանի։ Բոլորն էլ հասկանում էին, որ բախումն անխուսափելի է։ Գտնում էին, որ Արցախը բախմամբ ուզում են վերջնականապես հանձնել։ Ռուսական կողմի կուլտուրական մերժումից հետո նմանատիպ շարժում Հայաստանում սկսվեց։ Չսպասեցին էլ, որ մի քանի օր անցնի։

Նման համընկում դժվար է պատկերացնել։ Ազատամարտիկների շարժում են ասում։ Նույնիսկ անուններ չեմ տալիս, թե ովքեր են շարժման մասնակիցները։ Կարևորն այն է, որ պարզ երևում է՝ Արցախում չստացվեց, Հայաստանում են անում։ Ու որպեսզի բախումը ավելի ռեալ լինի, ասում են, որ զինված են ուզում գնալ։ Կառավարությունը իրենց պիտի զինի, որ գնան ու միջանցքը բացեն։

Այսքան պատահականություն կլինի՞, Արցախում արգելվեց գնալը, Հայաստանում իսկույն նույնը սկսեցին։

Եթե նկատի ունենանք, որ Օսիպովին նույնացնում են նույն ինքը Արցախի իշխանության հետ, այս շարժումն էլ ոնց որ իր տերը կունենա։ Ընդամենը մի օր որ հավաքված մնան, արդեն պարզ կլինի, թե նրանց տերը ով է։ Արդեն լրագրողների հարցազրույցից որոշակի էլեմենտներ են պարզվում։ Իրենք էլ են բախման գնում։

Ասում են՝ քաղաքականությամբ չենք զբաղվում, բայց կառավարությանն են դիմում, որ իրենց զենք տա։

Այն կառավարությանը, որը բախման կողմնակից չէ։ Այն կառավարությանը, որ իր սուվերեն տարածքները զիջել, հետ է քաշվել կամովին, որ հանկարծ բախում չլինի։ Գուցե արդեն ժամանա՞կն է Արցախը բախմամբ հանձնելը։ Արցախում չստացվեց, Հայաստանը կանի։

Օսիպովի շարժման շարունակությունը չէ՞ սա։

Ամեն դեպքում հայրենասիրական նկրտումներով փողոց դուրս եկած ազատամարտիկները սթափ պետք է նայեն իրադրությանը, որպեսզի ակամայից չդառնան իշխանության օգտագործման թիրախ։