Շարժման մեջ նրանք են, ովքեր կարծում են, որ երկիրը մաս-մաս հանձնելը պատերազմից վատ է

Շարժման մեջ նրանք են, ովքեր կարծում են, որ երկիրը մաս-մաս հանձնելը պատերազմից վատ է

Զարմանալին այսօր այն է, որ ընդդիմության մեջ՝ ընդհանրապես, եւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ՝ մասնավորապես, հիմա էլ շարունակում է տիրապետող մնալ այն մոտեցումը, որ այսօրվա Հայաստանին ոչ թե նախկինների կամ ներկաների հետ «չնույնացվողներ», այլ երկիրը «փրկողներ» են պետք, որ այսօրվա ընդդիմության ամենակարեւոր խնդիրը ոչ թե նախկինների կամ ներկաների հետ «չնույնանալն» է, այլ բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պետությունը փրկելը:

Այո, զարմանալին հենց դա է: Ու դա զարմանալի է հենց այն պատճառով, որ ինչպես ընդդիմության մեջ, այնպես էլ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շտաբում այդպես էլ չեն ուզում ընդունել, որ, անկախ ամեն ինչից, շարժման հետ ու նրա կողքին եղել են ու կլինեն միայն նրանք, ովքեր համարել են ու կհամարեն, որ երկիրը մաս-մաս հանձնելը պատերազմից ավելի վատ է, եւ ճիշտ հակառակը՝ շարժման կողքին չեն լինի, ավելին՝ միշտ նրան դեմ կլինեն նրանք, ովքեր համարում են եւ կհամարեն, որ երկիրը մաս-մաս հանձնելը պատերազմից ավելի լավ է:

Իհարկե, ինչպես 21-րդ դարի ցանկացած երկրի, այնպես էլ Հայաստանի որեւէ ընդդիմություն չի կարող եւ չպետք է ղեկավարվի պատերազմի օրակարգով: Բայց դա չի նշանակում, որ այս իրավիճակում հայտնված Հայաստանի ընդդիմությունում եւ հանգամանքների բերումով նրա առաջամարտիկը դարձած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շտաբում կարող են իրենց թույլ տալ՝ համարել, որ հենց 21-րդ դարն է այն դարը, որը եկել է, որպեսզի միջպետական եւ միջազգային հարաբերություններում բացառվեն պատերազմները:

Ճիշտ հակառակը՝ ընդդիմությունում վաղուց, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շտաբում հենց այսօր եկել է ճիշտ պահը՝ հասկանալու, որ 21-րդ դարը ոչ թե միջպետական եւ միջազգային հարաբերություններում պատերազմը բացառելու ժամանակաշրջանն է, այլ՝ սեփական իրավունքների համար պայքարող ազգերին ավելի «շատ տալու», իսկ հանձնվողներից՝ ավելի «շատ խլելու» ժամանակաշրջանը: 

Եվ հարցն այս իմաստով ամենեւին էլ Հայաստանի՝ պատերազմ ուզելը կամ չուզելը չէ: Ճիշտ հակառակը` հարցն այն է, որ այսօրվա Հայաստանում այլեւս պետք է տեսնեն ու հասկանան, որ խնդիրները, որոնք մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված մեր միջավայրն այսօր դնում է մեր առջեւ, խնդիրներ են, որոնց լուծման այլ եղանակ, քան պատերազմն է, չկա, ուղղակի գոյություն չունի:

Եվ, հետեւաբար, դրանցից խուսափելու միջոցն ու գործիքը ոչ թե պատերազմից վախենալը կամ թշնամուն ու նրա ողորմածությանը հանձնվելն է, այլ թշնամական միջավայրի կողմից մեզ պարտադրվող այդ նվաստացուցիչ իրականությանը բոլոր միջոցներով, այդ թվում՝ նաեւ պատերազմով, հակազդելն է:

Եվս մի հարց, որին անդրադառնալը պարտադիր է դառնում ոչ թե այն պատճառով, որ մենք այդպես ենք ուզում, այլ այն, որ դրա ճիշտ դիտարկումն այսօրվա Հայաստանի ու այս պետության հարատեւության միակ գրավականն է դարձել: Եվ այն այդպիսին դարձնողը ոչ թե դրսից եկած ինչ-որ մեկը, այլ Հայաստանի օրվա իշխանությունն է եղել:
Խոսքը, անշուշտ, երկրում իշխանափոխություն անելը Սահմանադրության շրջանակներում պահելու մասին է կամ դրան հասնելու ուղիները նաեւ Սահմանադրությունից դուրս փնտրելու մասին:

Այս իմաստով, անկախ ամեն ինչից եւ հատկապես անկախ այս իշխանության եւ նրան սպասարկող շրջանակների գնահատականներից, մենք պետք է հասկանանք, որ երկիրն այսօր, ցավոք, այն վիճակին է հասցված, որ երկրի ու պետության փրկության գործում պարտադիրն այլեւս ոչ թե իշխանափոխություն անելու «սահմանադրական կամ դրա ոչ սահմանադրական» լինելն է, այլ հենց ինքը՝ իշխանափոխությունն է դարձել: Եվ դրա՝ այդ իշխանափոխություն ասվածի պարտադիր լինելն այլեւս ոչ թե հասարակության այս կամ այն շերտի, առավել եւս այս կամ այն գործչի նախասիրություններով ու ցանկություններով, այլ երկիր ու պետություն ունենալու հանգամանքով է պայմանավորված:
Այնպես որ, ինչպես ողջ ընդդիմադիր դաշտի, այնպես էլ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համար առաջնահերթությունն այլեւս ոչ թե պայքարն անպայման Սահմանադրության շրջանակներում պահելը, այլ այն հաղթանակով ավարտելը պետք է լինի: Մնացածը, այս իմաստով, ընդամենը լիրիկա է եւ դատարկ խոսքուզրույց:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ