Հասկանալու համար, թե ինչ տարբերություն կա ամերիկյան եւ ռուսական քաղաքակրթությունների միջեւ, եւ դրանցից որն է մեզ առավել հոգեհարազատ, փորձենք համեմատել երկու փաստաթղթեր, որոնցից մեկը ստորագրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իսկ մյուսը` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանում նախագահական ընտրություններում տարած հաղթանակից եւ իր երդմնակալությունից ընդամենը մեկ օր հետո` մայիսի 8-ին, Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր`«Պատմական կրթության ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հիմունքները հաստատելու մասին»: Իսկ ահա Ջո Բայդենն իր նախընտրական քարոզչության շրջանակներում մայիսի 31-ին ստորագրել է հռչակագիր՝ «Լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների, քվիերների եւ ինտերսեքսուալների հպարտության ամսվա առիթով»:
ՌԴ նախագահի հրամանագրում ասվում է. նպատակը հասարակության մեջ վստահելի եւ գիտականորեն հիմնավորված պատմական գիտելիքների տարածումն է` Ռուսաստանի անցյալի եւ ներկայի գիտական ըմբռնում ձեւավորելու համար, որը համառուսաստանյան քաղաքացիական ինքնության եւ կոլեկտիվ պատմական հիշողության հիմքերից է, ինչպես նաեւ՝ ուղղված է հայրենիքի պաշտպանության ժամանակ ժողովրդի սխրանքը նսեմացնելու փորձերին դիմակայելուն: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրած հռչակագրում ասվում է. «Հպարտության ամսվա ընթացքում մենք նշում ենք լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների, քուերի եւ ինտերսեքսուալների (LGBTQI+) համայնքի արտասովոր քաջությունն ու ներդրումները: Մենք արտացոլում ենք այն առաջընթացը, որին մենք հասել ենք մինչ օրս հավասարության, արդարության եւ ներառականության ձգտման ուղղությամբ: Մենք վերսկսում ենք մեր հանձնառությունը՝ ավելին անելու՝ աջակցելու ԼԳԲՏՔԻ+ իրավունքներին երկրի ներսում եւ ամբողջ աշխարհում»: Մի կողմում պատմական հիշողությունն է, իր հայրենիքի պաշտպանության համար զոհվածների սխրանքի հիշողության պաշտպանությունը, մյուս կողմում ԼԳԲՏՔԻ+ արտասովոր քաջությունն իր իրավունքների պաշտպանության գործում:
Ռուսաստանի նախագահն իր ստորագրած հրամանագրում ասում է, որ ռուս հասարակության ինքնագիտակցության հիմքն ավանդական հոգեւոր, բարոյական, մշակութային եւ պատմական արժեքներն են, որոնք ձեւավորվել եւ զարգացել են Ռուսաստանի պատմության ընթացքում, որոնց պահպանումն ու պաշտպանությունը նախապայման են երկրի ներդաշնակ զարգացման համար: Հրամանագրում մի քանի անգամ շեշտվում է, որ պատմական լուսավորության նպատակը նաեւ Ռուսաստանի ժողովրդին այդ արժեքներին հակասող ապակառուցողական գաղափարական ուղենիշներ պարտադրելու փորձերին դիմակայելն է՝ կարեւորելով այդ գործում ավանդական ռուսական ընտանիքի դերը:
Այն դեպքում, երբ ՌԴ նախագահը կարեւորում եւ քարոզում է երիտասարդների շրջանում ավանդական հոգեւոր եւ բարոյական արժեքների պահպանումը, ԱՄՆ նախագահն իր հռչակագրում ասում է. «Ամբողջ LGBTQI+ համայնքին եւ հատկապես տրանսգենդեր երեխաներին ես ասում եմ. խնդրում եմ իմացեք, որ ձեր նախագահը եւ իմ ողջ վարչակազմը կանգնած են ձեր կողքին: Մենք ձեզ տեսնում ենք այնպիսին, ինչպիսին կաք՝ ստեղծված Աստծո պատկերով եւ արժանի արժանապատվության, հարգանքի եւ աջակցության: Այդ իսկ պատճառով ես պատմական գործողություններ ձեռնարկեցի՝ պաշտպանելու ԼԳԲՏՔԻ+ համայնքը: Մենք պարտավորվում ենք ապահովել, որ LGBTQI+ համայնքը պաշտպանված լինի խտրականությունից»:
ԱՄՆ նախագահի այս խոսքերը կարող են ընկալվել ոչ թե որպես ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց պաշտպանությանն ուղված քայլ, այլ, ավելի շուտ՝ նման կողմնորոշման քարոզչություն, որովհետեւ հռչակագրում խոսվում է, որ պետությունը հանձնառություն է ստանձնում՝ ապահովելու այդ համայնքի կողմից իրականացվող փառատոնների, երթերի, համայնքային կենտրոնների ավելի բարձր պաշտպանվածությունը, համայնքին մատուցվող բժշկական ծառայությունների որակը: Ստացվում է, որ ԼԳԲՏՔԻ+ համայնքի ներկայացուցիչ լինելն ինչ-որ արտոնություն է, ավելի մեծ ուշադրություն եւ պաշտպանություն պետության եւ պետական ինստիտուտների կողմից:
Թե ինչու է ամերիկյան պետությունն այդքան մեծ ուշադրություն դարձնում ԼԳԲՏՔԻ+ համայնքին եւ դրա ներկայացուցիչներին, այլ խոսակցության նյութ է: Մենք ուղղակի պետք է ընտրություն կատարենք, թե որ քաղաքակրթությունն է մեզ հոգեհարազատ. ա՞յն, որը քարոզում է ավանդական ընտանեկան արժեքներ, հայրենասիրություն եւ հայրենիքի պաշտպանների գործած սխրանքի հիշատակի հարգում եւ պաշտպանություն, թե՞ այն, որը պետության ամենաբարձր մակարդակով քարոզում եւ իր պաշտպանության տակ է վերցնում ԼԳԲՏՔԻ+ համայնքը եւ դրա ներկայացուցիչներին: Մեզ շրջապատող բոլոր երկրներն այդ ընտրությունը կատարել են եւ կատարել են հօգուտ ավանդական ընտանեկան եւ ազգային ավանդույթների պաշտպանության: Մեր հարեւան Վրաստանում խորհրդարանը շուտով կընդունի օրենքների փաթեթ՝ «Ընդդեմ ԼԳԲՏ քարոզչության եւ ընտանեկան արժեքների պաշտպանության մասին» ընդհանուր խորագրով:
Այդ օրենքներով կարգելվեն «Միասեռական հարաբերությունների եւ արյունապղծության քարոզչությունն» արվեստի գործերում, ԼԳԲՏ երթերը, տղամարդու եւ կնոջ միջեւ ամուսնությանը այլընտրանքային ցանկացած հարաբերությունների գրանցումը, միասեռ զույգերին երեխաներ մեծացնելու արգելք, սեռափոխությանն ուղղված վիրահատական միջամտությունները, կենսաբանականից տարբերվող սեռի նույնականացումը։ Մայիսի 17-ը Վրաստանում կհռչակվի Ընտանիքի սրբության օր, այն դեպքում, երբ իրեն քաղաքակիրթ հռչակած հանրույթը մայիսի 17-ը նշում է հոմոֆոբիայի եւ տրանսֆոբիայի դեմ պայքարի օր: Այս քայլով Վրաստանն էլ ավելի կխորացնի Արեւմուտքի հետ ունեցած քաղաքական եւ քաղաքակրթական բախումը:
Իսկ ո՞ր կողմում ենք մենք. Հայաստանի իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների եւ հայ հասարակության մեծամասնության նախապատվություններն այս հարցում եւս տրամագծորեն հակառակ բեւեռներում են, այս հակասությունը եւս հանգուցալուծման կարիք ունի:
Ավետիս Բաբաջանյան