Երեխային Դեբեդ գետը գցած մայրը ՌԴ-ից է եկել․ ինչ են խոսում Ալավերդիում դեպքի հետ կապված

Երեխային Դեբեդ գետը գցած մայրը ՌԴ-ից է եկել․ ինչ են խոսում Ալավերդիում դեպքի հետ կապված

Երեկ հանրությունը ցնցվեց սահմռկեցուցիչ մի դեպքից, որը տեղի է ունեցել Լոռու մարզի Ալավերդի համայնքում․ 2 տարեկան երեխային մի տղամարդ գտել էր Դեբեդ գետից, ավելի ուշ հայտնի դարձավ, որ ալավերդցի 30-ամյա մայրը ոստիկանությունում խոստովանել է, որ ինքն է իր երկու տարեկան երեխային վարարած Դեբեդի ալիքների մեջ նետել։

Այսօր տեղեկացանք, որ, բարեբախտաբար, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, առողջական վիճակը կայունանում է, փոքր դինամիկա կա։ Սա այս պատմության ուրախ կողմն է, իսկ մյուս կողմը, թե ինչու է մայրն իր երեխային գցել գետը, փորձեցինք ճշտել։

Ըստ տեղեկությունների՝ ալավերդցի կինն ապրել է բազմանդամ ընտանիքում, նա 10 տարով մեծ է ամուսնուց, վերջին ժամանակահատվածում է ամուսնացել եւ բնակություն հաստատել ամուսնու բազմանդամ ընտանիքում։ Ընտանիքը ֆինանսական խնդիրներ ունի, ապրում են տարեցների կենսաթոշակներով։ Ալավերդիում խոսում են, որ կինը ՌԴ-ից է եկել, նա այնտեղ այլ երեխաներ էլ է ունեցել, վերջիններիս բռնության ենթարկելու համար Ռուսաստանում պայմանական դատապարտված է եղել։

Ալավերդու փոխքաղաքապետ Արթուր Վարոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում պատմեց․

«Մեր բոլոր բնակիչները, որոնք մեր օգնության կարիքն ունեն, բոլորն էլ մեր ուշադրության կենտրոնում են, կոնկրետ այս ընտանիքը մեզ մոտ որեւիցե կերպ գրանցված չի եղել։ Որքանով ես եմ տեղյակ՝ այդ աղջիկը, որին մեղադրում են երեխայի հարցում, ուրիշ տեղ ամուսնացած է եղել, ուրիշ տեղից եկել է, անգամ իրենց շենքում ոչ մեկի հետ նորմալ շփման մեջ չի եղել ինքը, բայց այդ, ընտանիքում կա մեծ, մենք տարբեր օղակներով լսել ենք, որ իրենք սոցիալական լուրջ խնդիրներ չեն ունեցել։ Միգուցե նայենք տարիների օգնության դիմումները, գուցե դիմած լինեն»։

Անդրադառնալով հարցին, թե, ըստ լուրերի, մայրը պարբերաբար ծեծել է 2 տարեկան երեխային, արդյոք պատկան մարմինները չե՞ն հետաքրքրվել այս դեպքում, փոխքաղաքապետը պատասխանեց․ «Համայնքապետարանում կա խնամակալության հանձնաժողով, որ, եթե խնդիր է լինում, դիմում են մեզ, մենք զբաղվում ենք, ուղղակի կոնկրետ այս դեպքով մենք որեւիցե դիմում չենք ունեցել։ Բազմաթիվ դիմումներ ենք ունենում՝ մանկատուն ուղարկելու, վեճեր կարգավորելու, բայց այս վերջին հարցով մենք դիմում եւ խնդիր չենք ունեցել»։

Փոխքաղաքապետը նշեց, որ մայրը որեւէ կերպ Ալավերդիում աչքի չի ընկել, ըստ հարեւանների՝ 2 ամիս առաջ է տեղափոխվել իրենց մոտ․ «Ոչ մեկը կոնկրետ չգիտի, տարբեր բաներ են ասում, ասում են՝ 6 ամիս է էստեղ, 2 ամիս է, 1 տարի է էստեղ։ Իմ իմանալով՝ երեխային ինքն իր հետ բերել է»։

Նշենք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ սպանության փորձի հատկանիշներով։