Անահիտ Մանասյանը Քրիստինե Գրիգորյանի փոխարեն պիտի զեկույց ներկայացնի

Անահիտ Մանասյանը Քրիստինե Գրիգորյանի փոխարեն պիտի զեկույց ներկայացնի

Մարդու իրավունքների նոր պաշտպան Անահիտ Մանասյանը պետք է Քրիստինե Գրիգորյանի փոխարեն ամփոփի 2022 թվականը և տարեկան զեկույց ներկայացնի։ Բանն այն է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ «Պաշտպանը` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում հրապարակում է առանձին զեկույց նախորդ տարվա գործունեության վերաբերյալ», այս զեկույցը պետք է հրապարակի միայն պաշտպանը և դա պետք է աներ մինչև մարտի 31-ը, սակայն Քրիստինե Գրիգորյանը հրաժարական է ներկայացրել հունվարի 24-ին, իսկ Անահիտ Մանասյանը ՄԻՊ-ի պաշտոնը ստանձնել է ապրիլի 13-ին, քանի որ ՔՊ-ականները 3 ամիս շարունակ չէին կարողանում ՄԻՊ թեկնածու գտնել, և ՄԻՊ-ի տարեկան զեկույցը չի հրապարակվել թեև դա օրենքի պահանջ է և եթե զեկույցը չհրապարակվի, կստացվի, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, որպես ինստիտուտ, օրենք է խախտել։

Նշենք, որ օրենքի 5-րդ մասում սահմանված պարտադիր զեկույցը պաշտպանի գործունեությանը վերաբերող զեկույց չէ, այլ նախորդ տարվա ընթացքում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելմանն ուղղված գործունեության մասին է, և չի կարող չհրապարակվել։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն, օրինակ, իր պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի փետրվարի 23-ին, և 1.5 ամիս ՄԻՊ-ի պաշտոնում պաշտոնավարելիս, նա 2016 թվականի մարտի 31-ին ներկայացրել է և՛ ՄԻՊ-ի տարեկան հաղորդումը 2015 թվականի ընթացքում Պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին, և՛ պաշտպանի՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի 2015 թվականի գործունեությունն արտացոլող զեկույցը։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ՄԻՊ-ի պաշտոնում իր գործունեության վերաբերյալ զեկույցը պետք է ներկայացներ Քրիստինե Գրիգորյանը, իսկ որպես ազգային կանխարգելման մեխանիզմ՝ գործունեությունն արտացոլող զեկույցը կարող է հրապարակի ներկայիս ՄԻՊ-ը՝ Անահիտ Մանասյանը։