Սերժին մերժելով՝ մեզ թվաց, թե...

Սերժին մերժելով՝ մեզ թվաց, թե...

Ինչ Հայաստանում հաղթանակեց «թավշյա» կոչված հեղափոխությունը, մեր աշխարհը շրջվեց գլխիվայր: Ու զարմանում եմ, թե ինչու է արեւը ծագում արեւելքում ու մայր մտնում արեւմուտքում: Նույնիսկ հաղթական ազատամարտը վերածվեց պարտության, սակայն արեւը շարունակում է իր սովորական ընթացքը: Չէ՞ որ իրերի բնական ընթացքի փոփոխությունը պետք է առնչվեր նաեւ մեր լուսատուին: Չնայած հասկանալի է, որ արեւը միայն «մերը» չի, բայց դե... Լավ է, որ հին եգիպտացիների նման արեւապաշտ չենք, այլապես կխելագարվեինք: Կխելագարվեինք այն մտքից, որ «Ռա»-ն (արեւի եգիպտական աստվածը) մնացել է նույնը, սակայն մեր աշխարհն ամբողջությամբ շուռ է եկել: Այդպես լինել չէր կարող ու չպետք է լիներ, բայց արի ու տես, որ հենց այդպես էլ կա:  

Սերժին մերժելով՝ մեզ թվաց, թե մենք «սիրո եւ համերաշխության» հեղափոխություն ենք անում: Համենայնդեպս, մեզ այդպես ասվեց: Իրականում տեղի ունեցավ «ստի եւ կեղծիքի» (հեղինակությունը՝ իրավապաշտպան Ավ. Իշխանյանի) հեղափոխություն, ինչի արդյունքում ստացանք հասարակության պառակտում եւ համատարած ատելություն: Սերժին մերժելով՝ մեզ թվաց, թե մենք արդարություն ենք հաստատելու երկրում: Արդյունքում ստացանք «փրկիչ» համարվող անձի ոչ թե անարդար, այլ համարյա թե բռնատիրական կառավարում:

Անարդարությունն այսօր դարձել է մեր երկրի սիմվոլը, այն ավելի ծանր է, քան ամենաանարդար նախկինների ժամանակ: Եվ եթե նախկինները չէին էլ փորձում թաքցնել իրականությունը, այսօր անարդարության հաղթարշավը ներկայացվում է որպես ժողովրդի իշխանություն եւ ամեն գնով այն պահպանելու հաստատակամություն:

Սերժին մերժելով՝ մեզ թվաց, թե փողի իշխանությունը վերափոխելու ենք արժանիների իշխանության: Արդյունքում ստացանք «խնամի, ծանոթ, բարեկամ» երեւույթի բացարձակ գերիշխանություն: Խորհրդարանում մեկ-երկու բռիի փոխարեն այսօր «վայելում» ենք նման մեկ-երկու տասնյակի ներկայությունը: Եթե նախկինում բողոքում էինք մեկ-երկու նախարարի կամ մարզպետի անգրագիտությունից, այսօր ստիպված ենք բավարարվել մեկ-երկուսի գրագիտությամբ, եթե դրանք գտնվում են:  

Սերժին մերժելով՝ մեզ թվաց, թե օրինականություն է հաստատվելու երկրում, եւ կոռուպցիայի մասին կհիշենք ուղղակի որպես անցյալի մնացուկի: Իրականում կոռուպցիայի դեմ պայքարը, այն էլ անարդյունավետ, ուղղվեց ընդդեմ անցյալի, իսկ գործող իշխանության առումով այն ջարդվեց ընդամենը մեկ անձի՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գլխին (այդ դեպքը, ի դեպ, մատնացույց է անում կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի իրական խեղճությունը, եւ արժե, որ դրա մասին առանձին հոդված գրվի:) Իսկ կոռուպցիան ծաղկեց վարչապետի կնոջ ղեկավարած մասնավոր հիմնադրամներում գործարարներից հավաքագրվող անօրինական մուծումների եւ վարչապետի մերձավորների կողմից սիգարետի մաքսանենգության եւ անորակ զենքի գնման գործընթացների տեսքով:

Սերժին մերժելով՝ մեզ թվաց, թե երջանիկ մանկություն եւ պայծառ ապագա ենք կերտում մեր սերնդի եւ հետագա սերունդների համար: Համենայնդեպս, մեզ այդպես ասվեց: Իրականում ստացանք առնվազն 5 հազար երիտասարդների կյանքի կորստի ողբերգություն, որ շարունակ հետապնդելու է նրանց հարազատներին մինչեւ կյանքի վերջը: 

Սերժին մերժելով՝ մեզ թվաց, թե կերտելու ենք ավելի հզոր բանակ եւ տնտեսապես ավելի զարգացած պետություն: Մենք բավարարված չէինք մեր ունեցածով եւ ավելին էինք ցանկանում: «Ստի եւ կեղծիքի» հեղափոխության արդյունքում ստացանք բանակի ֆիզիկական եւ բարոյական ջախջախում եւ պետության գոյության սպառնալիքներ: 

Սերժին մերժելով, ի վերջո, մեզ թվաց, թե վերահաստատելու ենք Սպարապետի խոսքերն առ այն, որ «21-րդ դարը մերն է լինելու»: Իրականում մենք վերադարձանք դեպի այն նախնական կետը, որտեղ գոյության կռիվ էինք մղում ու դեռ պիտի շատ ջանք թափենք, որպեսզի կարողանանք հեռացնել վարչապետի պաշտոնին կառչած անձին, իսկ հետո էլ կրկին մեր տեղը հաստատենք այս արեւի տակ: 

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ