Նիկոլ Փաշինյանը Մուրադովի հետ չի հանդիպել

Նիկոլ Փաշինյանը Մուրադովի հետ չի հանդիպել

Նոյեմբերի 9/10-ին Արցախի և Հայաստանի կապիտուլյացիային համաձայնություն տված Հայաստանի իշխանությունները որևէ գործուն քայլ չեն կարողանում կատարել Ադրբեջանում հայտնված հարյուրավոր գերիների վերադարձի հարցով։

Հայ ռազմագերիների վերադարձի հարցով այժմ զբաղվում է Ռուսաստանի Դաշնությունը, մասնավորապես Արցախում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, որը երեկ ժամանել է Երևան ու մնացել մինչ առավոտ։ Նա հանդիպում է ունեցել միայն Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական Բորիս Ավագյանի հետ:

Այնուհետև թռել է Բաքու և այնտեղից այժմ վերադառնում է մեր ռազմագերիների մի մասի հետ։ Ինքնաթիռը քիչ հետո վայրէջք կկատարի Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։

Նշենք, որ խաղաղապահ զորքերի հրամանատարի երեկվա այցելության հետ կապված «Հրապարակը» կապ էր հաստատել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ։ Հարցերին՝ արդյո՞ք Մուրադովը հանդիպել է Փաշինյանի հետ, և եթե այո, ապա ի՞նչ է քննարկվել, արդյո՞ք անդրադարձ եղել է Ադրբեջանից հայ գերիների վերադարձին, պատասխանել էր. «Նման հանդիպման մասին տեղեկություն չունեմ»: