Ապավինելով թշնամու ողորմածությանը

Ապավինելով թշնամու ողորմածությանը

Դեռեւս պատերազմի ամենաթեժ փուլում Նիկոլ Փաշինյանը խոսում էր ցավոտ փոխզիջումների գնալու պատրաստակամության մասին։ Սա՝ այն դեպքում, երբ ռազմաճակատում անօրինակ սխրանքներ էին գործվում, իսկ «Հաղթելու ենք» մանտրան կրկնում էին ամեն առիթով։ Մարդկային թուլությամբ, թիկունքի վախերով կամ որեւէ այլ պատճառով պատերազմի ընթացքում նման ուղերձ հղելը ճակատագրական դարձավ՝ կանխորոշելով պատերազմի ելքը։ Այդ ցավալի ուղերձն էր, թերեւս, մեր պարտության սկիզբը։ Այդ ուղերձները շատ ավելի մեծ ինտենսիվությամբ սկսեցին հղվել արդեն պատերազմի ավարտից հետո, եւ այդ պատճառով ավելի քան մեկ տարի է՝ մեր պարտությունը չի ավարտվում։

Կարմիր Շուկայի ուղղությամբ անցած շաբաթ թշնամու թիրախային կրակոցները, Արցախի քաղաքացու գերեվարումն ու սպանությունը դարձյալ հիշեցրին թմբիրի մեջ գտնվողներին, որ, այո՛, արցախյան հակամարտությունը հանգուցալուծված չէ, եւ Բաքուն շարունակաբար փորձելու է մեզ մնացած տարածքն էլ թիզ առ թիզ նվաճել՝ հույս կապելով ռուսական զորակազմի՝ մի օր տարածաշրջանը լքելու հնարավորության հետ։ Չհաջողվեց դա անել բլիցկրիգով, տանկային հարձակումներով, օդային գրոհներով, դիվերսիոն խմբերի ներթափանցումներով, կփորձեն անել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պարտադրանքով։ Սեփական քաղաքացու կյանքից մինչեւ ջրային ու գյուղատնտեսական անվտանգություն՝ ամեն ինչ թողնված է թշնամու մեծագոհությանն ու բարի կամքին։

Որքան էլ հայ զինվորն անօրինակ խիզախության տեր լինի, նրան, ցավոք, հնարավորություն տրված չէ իրադրության տերը լինելու, ավելին՝ քաղաքական օրակարգ թելադրելու, մեր բանակցային դիրքերը ռազմաճակատում ամրագրելու։ Հնարավոր նոր սրացման դեպքում չկա ոչ միայն հակահարձակման, այլեւ նույնիսկ պարզ ինքնապաշտպանության հրաման, եւ զինվորն ստիպված է գործել բացառապես սեփական նախաձեռնությամբ։ Գերեվարման դեպքում էլ, ինչպես պարզվեց, մեղքը միայն իրենն է, եւ հնարավոր վերադարձի դեպքում նա այստեղ կկանգնի դատարանի առաջ։
Եթե Ադրբեջանին խորապես անհետաքրքիր են իր մարդկային կորուստները, այդ շարքում նրա համար անկարեւոր ազգային փոքրամասնություններն են՝ թալիշները, լեզգիները, ավարները, նաեւ վարձկանների է ներգրավում, ինչպե՞ս ենք մենք հոգում մեր ժողովրդագրական ահռելի բացը։ Ադրբեջանի՝ ազգային փոքրամասնությունների միջեւ տրոհվելու անիրագործելի ծրագրի քննարկումների փոխարեն շատ ավելի լավ կլիներ՝ զբաղվեինք մեր ժողովրդագրության խնդրով։

Որդեծնության, հայրենիքի զինվոր դառնալու գաղափարի քարոզը մեր դպրոցներում, ընտանիքներում, անգամ եկեղեցում խիստ հեռու են բավարար լինելուց, վրադիր՝ իշխանության փաստացի հակապետական քարոզչությունը, որն ավելի է բարոյալքում հանրությանը։ Թիկունքի, ընտանիքի, պետականության ամրության գաղափարների սպասարկու այսօր գրեթե չկա։
Հետպատերազմյան մեկ տարում տարածաշրջանային կոնֆիգուրացիան գծվել է այնպես, որ անդադար կրկնելով, թե իբր արցախյան հարցը լուծվել է, իրականում Ադրբեջանն ու Թուրքիան բացահայտորեն եւ անթաքույց իրենց դիրքավորել են իբրեւ Հայաստանի ու հայության թշնամի, մինչդեռ նրանց դեմ ազդեցության գործուն միջոցներ առկա չեն։ Եթե անգամ դրանք կան՝ ի տարբերություն նախկին տասնամյակների, գերտերությունները զերծ են մնում այդ երկրներին հասցեական քննադատելուց, ավելին՝ դրվատանքով են խոսում «ժողովուրդների բարեկամության դարաշրջանի» մեկնարկի մասին։ Բնական է, որ այս իրավիճակում Թուրքիան եւ Ադրբեջանը միայն խորացնելու են հայկականի հանդեպ թշնամանքն ու ատելությունը, մնում է հասկանալ՝ մենք ի՞նչ ենք անելու, ինչպե՞ս ենք արձագանքելու թշնամուն։

Դավիթ Սարգսյան