Ստոլտենբերգը հորդորել է պատրաստվել երկար պատերազմի

Ստոլտենբերգը  հորդորել է պատրաստվել երկար պատերազմի

ՆԱՏՕ-ն դիտարկում է «Ուկրաինայի Զինված ուժերի որոշ հաջողություններ Խերսոնի և Խարկովի մոտակայքում», սակայն կոչ է անում չսխալվել և պատրաստվել երկար պատերազմի։ Այս մասին ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք տեսնում ենք ուկրաինական բանակի որոշ հաջողություններ Խերսոնի և Խարկովի մոտակայքում, սակայն կարևոր է չսխալվել և պատրաստվել երկար պատերազմի», – ասել է գլխավոր քարտուղարը՝ կոչ անելով արևմտյան երկրներին ապահովել ուկրաինական բանակի նախապատրաստումը ձմռանը։

Ստոլտենբերգը մատնանշել է Ուկրաինային զենքի մատակարարման ավելացման անհրաժեշտությունը՝ նույնիսկ ի վնաս իրենց պաշտպանունակության, քանի որ ՆԱՏՕ-ի համար ուկրաինական հակամարտությունը սեփական անվտանգության ապահովման տարր է։

«Մենք պետք է գիտակցենք, որ զենք մատակարարելով Ուկրաինային՝ մենք օգնում ենք կասեցնել Ռուսաստանի ագրեսիան Եվրոպայում ինքնիշխան պետության դեմ», – ասել է գլխավոր քարտուղարը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի հաղթանակը վնաս է «ոչ միայն Ուկրաինային, այլև վտանգավոր կլինի ՆԱՏՕ-ի բոլոր» երկրների համար։ Նա նաև հավելել է, որ դաշինքը երկարաժամկետ հեռանկարում կօգնի Ուկրաինային և կապահովի նրա անցումը խորհրդային զենքից արևմտյանի։

Նույն օրը գլխավոր քարտուղարն ասել է, որ Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ, եթե հրաժարվի կռվելուց։

Մոսկվան բազմիցս դատապարտել է Արևմուտքի ագրեսիան և զենքի մատակարարումը Ուկրաինային՝ հայտարարելով, որ պատրաստ է երկխոսության Արևմուտքի հետ, որն իր հերթին միայն սրում է հակամարտությունը՝ աջակցելով Ուկրաինային։