Հե՜յ, լավ մանրո՜ւք, ասե՜ղ, հուլո՜ւնք

Հե՜յ, լավ մանրո՜ւք, ասե՜ղ, հուլո՜ւնք

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քարտեզը վերցրել ու գյուղեգյուղ, թաղեթաղ է շրջում ու փորձում  հանրությանը  համոզել, որ մեր երկրի վրա կան նկրտումներ։ Տավուշից սկսել, Գյումրի է հասել։ Բարձրախոսն է պակասում, որ ամեն գյուղ մտնելուց ասի, որ եթե չտաք հերթի դրված գյուղերը,  թշնամին պատրաստվում է ներխուժման։ Այդ դեպքում վա՜յ ձեզ, որ չեք համաձայնվում թշնամուն հանձնել մատաղացուները։    Նման բան անգամ Ալիևը չի համարձակվի անել՝  Հայաստանի ինչ որ երևութական  քարտեզ վերցնի ու տնետուն, գյուղեգյուղ  շրջելով ասի, որ շատ շուտով  ներխուժելու եմ ձեր տուն, վերցնելու  ձեր տունը։ Արագ ու կամովին  հանձնեք կամ պատերազմ եմ  սկսում։ Քարտեզը վերցրած ու գյուղեգյուղ շրջելը նմանեցնում եմ Թումանյանի «Թագավորն ու չարչուն»։ Հիշում եք երևի, որ ստեղծագորությունը նվիրված է Ջուղայի գաղթին։ Հիմա պակա՞ս գաղթի մասին է խոսքը։

Քարտեզն առած գյուղեգյուղ է շրջում․
Հե՜յ, լավ մանրո՜ւք,
Ասե՜ղ, հուլո՜ւնք,
Մատնի՜ք, մարջա՜ն,
Ապարանջա՜ն...
Հայաստանն ի տես ողջ աշխարհին է ներկայացնում․ 
Հա՜վ, ձո՜ւ բերեք,
Առե՜ք, տարե՜ք,
Խունջիկ-մունջիկ
Հարսն ու աղջի՜կ,
Էժա՜ն կըտամ,
Լա՜վը կըտամ..․
Ու այդպես ,,Թումանյանի թագավորը,, շրջում է երկրե երկիր, որ իմանա, թե ինչ են խոսում իր մասին մարդիկ։ Իսկ նրանք սրտնեղած են, չեն ուզում լսել անգամ նրա անունը․ 
- Օ՜ֆ, հերիք է, չարչի ախպե՛ր,
Մի՜ խոսեցնիր ինձ դըրանից։
Երնեկ դըրա ոտը կոտրեր՝
Չըգար հաներ մեզ մեր տանից։
Իսկ երբ թագավորն ասում է․ 
- Շահի առջև հապա էնօր
Գոռում էիք միաբերան,
Թե ապրում եք դուք բախտավոր
Ու օրհնում եք թախտն ու իրա՞ն..․
Մարդիկ վախից խոստովանում են․ 
-Սուտ էր, ախպե՛ր։ Դու մեզնից մեկն՝
Ի՞նչ թաքցընենք մենք քեզանից,
Բայց մեր սիրտը ո՞նց չըծածկենք
Էն մարդակեր չար գազանից։
Ասեք, որ այդպես չէ․․․