Ինձ արգելանքի տակ պահելը պարունակում է խոշտանգման տարրեր. Վարդան Մինասյանը մեղադրանքը չի ընդունում

Ինձ արգելանքի տակ պահելը պարունակում է խոշտանգման տարրեր. Վարդան Մինասյանը մեղադրանքը չի ընդունում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող ապօրինությունների վերաբերյալ

Երկու ամիս առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, որով ամբողջ աշխարհին թմբկահարեց, որ բացահայտել է դարի հանցագործությունը, իբրև թե 2015-2016թթ-ին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Վարդան Մինասյանը կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացում, ինչպես նաև օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումար: Ավելի քան երկու ամիս տևող նախաքննության ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը ձեռք չի բերել իմ մեղավորությունը հաստատող բավարար ապացույցներ և քանի որ դեռևս նախաքննության ամենասկզբնական փուլում արդեն իսկ հրապարակային ձևով հայտարարվել էր իմ մեղավորության մասին, իսկ ես  «կարգվել էի» որպես հանցագործ, քննչական մարմնի կողմից արվում է ամեն ինչ նախաքննության ամենասկզբում իր հայտարարության մեջ նշված անհեթեթ մեղադրանքը ամեն գնով հիմնավորելու համար:

Քննչական մարմինն ինձ զրկել է իմ իսկ բանկային տվյալները ստանալու և դրա հիման վրա ինձ մեղսագրվող իբրև թե ապօրինի ճանապարհով ձեռք բերված գումարների իրական ծագումը ներկայացնելու հնարարվորությունից: Ես 80-ական թվականներից զբաղվել եմ ձեռնարկատիրական գործունեությամբ և ներկայումս վարույթն իրականցնող մարմինն իմ կողմից 30 տարվա աշխատանքի արդյունքում ձեռք բերվածը փորձում է ներկայացնել որպես ապօրինի ճանապարհով ստացված: 

Վարույթն իրականացնող մարմինը ՀՀ կառավարության N-825- Ն որոշմամբ հաստատված կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ինձ մոտ առկա լինելու պայմաններում ավելի քան երկու ամիս է առանց հիմքերի ինձ պահում է անազատության մեջ: Վարույթն իրականացնող մարմնի և դատարանների տրամադրության տակ են բժշկական փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ ես տառապում եմ ծանր, կյանքի հետ իրական վտանգ սպառնացող մի շարք հիվանդություններով, անազատության մեջ գտնվելու ընթացքում առողջական վիճակս կտրուկ վատացել է, զարկերակային ճնշումս գտնվում է ստաբիլ 210-220/120 սս մմ մակարդակում, ինչն իրական վտանգ է ստեղծում իմ կյանքի համար: Նման հիվանդությունների պայմաններում ինձ շարունակական արգելանքի տակ պահելը պարունակում է խոշտանգման տարրեր, առավել ևս որ ոչ վարույթն իրականացնող մարմինրը, ոչ դատարանները և ոչ էլ այլ իրավասու պետական մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկում ինձ տառապանք պատճառող այս վիճակը վերացնելու ուղղությամբ:   Այս պայմաններում վարույթն իրականացնող քննիչն ու դատարանները շարունակում են ինձ պահել անազատության մեջ՝ կրելով հնարավոր բոլոր, այդ թվում՝ ամենածանր հետևանքների պատասխանատվությունը:  

Հետագայում եւս, առանց նախաքննության գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակման, պարբերաբար հասարակությանը եւ ԶԼՄ-ներին կտեղեկացնեմ իմ նկատմամբ ՀՀ հակակառուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող ապօրինությունների մասին.

Վարդան Մինասյան