Արա Բաբլոյանի՞ն են հարցաքննում, թե՞ Արա Բաբլոյանն է հարցաքննում

Արա Բաբլոյանի՞ն են հարցաքննում, թե՞ Արա Բաբլոյանն է հարցաքննում

Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ հարցաքննության է հրավիրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, ում որպես կասկածյալ ներգրավել են նույն գործով։ Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ-ի, «փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ»: Այս գործի շրջանակներում, հիշեցնենք, ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։ 

Լուրեր կային, որ Արա Բաբլոյանին եւս ձերբակալելու որոշում կա, սակայն մեր աղբյուրը պնդում է, որ նման չի լինի։ Ավելին՝ Բաբլոյանից արդեն հարցաքննության ընթացքում ստորագրություն է վերցվել բնակության վայրից չբացակայելու մասին։ 

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես է ընթանում հարցաքննությունը։ Մեզ ասացին, որ այն արդեն ձգվում է երեք ժամից ավելի։ Ըստ օրենքի, 3 ժամ հարցաքննելուց հետո քննիչները պարտավոր են ընդմիջում անել եւ հանգստանալու հնարավորություն տալ հարցաքննվողին, սակայն Բաբլոյանը հրաժարվել է հանգստանալուց՝ ասելով, որ պատրաստ է շարունակել հարցաքննությունը եւ պատասխանել այդ անհեթեթ մեղադրանքի շրջանակներում տրվող բոլոր հարցերին։ Նա շատ կոշտ ու վստահ է իրեն պահում եւ քննիչների եւ նախաքննության գործողություններին համարժեք գնահատականներ է տալիս ընթացքում։ Հարցաքննությանը մասնակցում է նաեւ փաստաբան։