Ահա Թումանյանը, պարոնայք ընկերներ

Ահա Թումանյանը, պարոնայք ընկերներ

Երեկ ինչ-որ տեղ աչքիս ընկավ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի խոսքը Հովհաննես Թումանյանի մասին, որտեղ մի պատմություն էր արված, թե պատանի բանաստեղծը Թիֆլիսում ատրճանակ է գնել, որպեսզի գնա-միանա Արեւմտյան Հայաստանի հայդուկային կռիվներին: Նման մի նկատառման Հրանտ Մաթեւոսյանի մոտ էլ ենք հանդիպում՝ որ եթե Րաֆֆու թաղմանն անձրեւի տակ ընկած, մրսած-հիվանդացած չլիներ, Թումանյանը դեպի Երկիր գնացողների առաջին խմբում էր լինելու: Գուցե եւ դա է ճշմարտությանը մոտ, եւ ատրճանակի պատմությունը: Եւ իրականություն է, որ Թումանյանը Թիֆլիսի Ազգային խորհրդի անդամ է եղել, կամավորական շարժման ոգեշնչողներից մեկն ու հետագայի որբախնամ գործի կազմակերպիչը: Բայց եկեք այդ ժամանակաշրջանի մասին լսենք իր գնահատականը. «Ես չեմ ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեեւ դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից (ակնարկը հասցեատիրո՞ջն է անում՝ Վ. Ա.), թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերեւաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եւ շարունակվում է, այժմ էլ նույն մարդիկ, նույն ճանապարհներով: Եւ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում, չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ»։

Ահա Թումանյանը, պարոնայք ընկերներ: Ահա մեծ մտածողն ու անեղծ մարդը, ում ավելի քան մեկ դար առաջ բարձրացրած հարցերն առայսօր պատասխանի են սպասում: Պարոն Աշոտ Մելքոնյանը գլխավորում է ակադեմիական գիտական հաստատություն, որի խնդիրն է՝ գտնել պատասխան, թե ինչպե՞ս մեր երկիրը դրսից եւ ներսից քանդվեց, ովքե՞ր քանդեցին՝ ժողովրդի գլխին բերելով անլուր աղետներ եւ պարտություններ: Եւ ինչու՞ այդ ամենի համար ոչ ոք պատասխանատվության չկանչվեց, պատասխան չտվեց եւ չի տալիս առայսօր: Ո՞վ է տաբու դրել Թումանյանի արծարծած հարցերի վրա: Չգիտեմ: Միայն մի փաստ. այս տարվա ապրիլի 24-ին ընդառաջ՝ Արցախի հանրայինի տաղավարում երկու պատմաբան-դասախոսի հետ քննարկում էինք ցեղասպանության խնդիրը: Ես նրանց հարց ուղղեցի՝ ինչու՞ Օսմանյան կայսրությունը, եթե ի բնե հայատյաց ու հայաջինջ դոկտրինի կրողն էր, արեւմտահայության սպանդը չէր կազմակերպել, ասենք, ռուս-թուրքական 1828-29թ.թ. պատերազմի թոհուբոհում: Երկրորդ հարցս հետեւյալն էր՝ ինչու՞ չի քննարկվում կատարվածի մեջ մեր բաժին պատասխանատվության հարցը: Նրանք, իհարկե, շրջանցեցին եւ կրկնեցին տրաֆարետային «ճշմարտություններ»: Բայց ամենահետաքրքիրն իմացա ավելի ուշ: Տեղի դաշնակցական «բոսերից» մեկի նույնպես դաշնակցական եւ փոխնախարար տիկինը՝ մասնագիտությամբ պատմաբան, զանգել էր հեռուստատեսության տնօրենին եւ զայրալի հարցրել, թե ինչու՞ են եթեր հեռարձակում «հակահայկական-թուրքամետ գաղափարներ»: Հարցադրումներ չի կարելի անել: Անցյալ դարասկզբի ՀՅԴ-կան «սրբերն» անձեռնմխելի են: Իսկ ահա Հովհաննես Թումանյանին դաշնակցական արկածախնդրություններ վերագրել, ինչպես ակադեմիական գիտական հաստատության տնօրեն Աշոտ Մելքոնյանն է արել, ոչ միայն թույլատրված, այլեւ ողջունելի է: Նույնիսկ եթե իր ամբողջ գործով ու կյանքով դրա դեմ ընդդիմանում է Թումանյանը: Այս «գիտական» ավանտյուրայի վերջը ե՞րբ է գալու: