«Հրապարակ». Քանի դեռ Ռուսաստանը մեր թշնամու բարեկամն է, մեր բարեկամը լինել չի կարող

«Հրապարակ». Քանի դեռ Ռուսաստանը մեր թշնամու բարեկամն է, մեր բարեկամը լինել չի կարող

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը

- Էդգար Ղազարյանը նոր շարժում է նախաձեռնել, որը կոչվում է «Անկախություն»: Նա ցանկանում է շարժման շուրջ համախմբել Գերագույն խորհրդի պատգամավորներին, որոնք 1990-1995 թվականներին պատգամավոր են եղել: Դուք ստացե՞լ եք հրավեր եւ ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը: Ի վերջո, Արցախն ու Հայաստանն այսօր ծանրագույն եւ անօգնական վիճակում են, այդ նախաձեռնությունն էլ ուղղված է Արցախի ու Հայաստանի պաշտպանությանը:

-  Ես ոչ մի հրավեր չեմ ստացել, ինձ հայտնի պատճառով: Պատճառն այն է, որ ես իսկապես Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության կողմնակիցն եմ: Իմ պատկերացրած անկախությունն իրական է: Երբ ես ասում եմ անկախություն, հստակ գիտեմ, թե ինչ ասել է դա: Ես դեմ եմ բոլոր տեսակ ստրկամտություններին: Կեղծավորությանը եւս դեմ եմ, հենց այդ պատճառով էլ հրավեր չեմ ստացել: Ինչ վերաբերում է բուն շարժմանը, ապա այդ մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ այն դեռեւս չի շարժվում տեղից: Դեռ չկա ոչ մի շարժում, ուստի ինչ-որ բան ասել չեմ կարող, սակայն կարող եմ ասել, որ, օրինակ, ինձ չհրավիրելն արդեն իսկ բնութագրում է այդ շարժումը: Ասա՝ ով է ընկերդ, ասեմ` ով ես դու։

- Արցախը ծանր վիճակում է: Բերձորն ու Աղավնոն հանձնվում են թշնամուն....

- Կատաստրոֆա է: Ինչ-որ բան հանձնել, նշանակում է` աղետ: Սա պարտության ակցիա է:

- Իսկ հարցի լուծման Ձեր տարբերակը ո՞րն է:

- Պետք է հայտարարել, որ մենք դեմ ենք բոլոր տեսակի բռնապետություններին եւ նրանց դաշնակիցը լինել չենք կարող, անկախ նրանից, որ հանգամանքների բերումով մենք հարկադրված ենք որոշակի կայուն հարաբերությունների, օրինակ, մեր հարեւան կրոնապետություն Իրանի հետ: Սակայն պետք է բարձրաձայնել, որ մենք դեմ ենք այդ տեսակ խտրականությանը: Մենք պետք է հայտարարենք նաեւ, որ համաձայն չենք ռուս-թուրքական դաշինքին: Այսօր մենք մեր թշնամու դաշնակցի դաշնակիցն ենք: Սա պետք է ֆիքսենք ու հայտարարենք այդ մասին: Քանի դեռ Ռուսաստանը մեր թշնամու բարեկամն է, մեր բարեկամը լինել չի կարող:

- Երեւանի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցածն էլ շատերը համարում են տեռոր, ոմանք էլ պնդում են, թե սա դժբախտ պատահար է: Հետաքրքիր է, Ձեր կարծիքով` ո՞րն է իրական վարկածը:

- Անկախ նրանից, թե դա տեռոր էր, թե ինչ էր, դա առաջին հերթին մասնագիտական անպետքության նշան է: Եթե տեռոր էր, ապա պետք է կանխվեր, եթե աղետ էր կամ անփութություն, եւս պետք է կանխվեր.... պետական ինստիտուտները չպետք է թույլ տան, որ Հայաստանում այսպիսի տեռորներ կամ աղետներ լինեն: