Որպեսզի պատգամավորները պպզելով հարց չտան․․․ 

Որպեսզի պատգամավորները պպզելով հարց չտան․․․ 

Վաղվանից ԱԺ-ում հարցուպատասխանի նոր ձեւաչափ էր գործելու: Տարիներ շարունակ Ազգային Ժողովում, կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում պատգամավորները հարցերն ուղղում էին կանգնած՝ ֆիքսված խոսափողների մոտից։ Իսկ այսօրվանից պատգամավորները կառավարության ներկայացուցիչներին հարցերն ուղղում էին տեղից՝ անհատական խոսափողներով։

Մենք պարզեցինք, որ առաջարկի հեղինակը իմքայլական Ալեն Սիմոնյանն է, ով ԱԺ խորհրդի վերջին նիստում է հարցը ներկայացրել գործընկերներին եւ այն հավանության է արժանացել։

Իշխանական պատգամավորներն այս առաջարկը հիմնավորել են այն փաստարկով, թե երկրի խորհրդարանական կառավարման մոդելի առկայությունն այլեւս անիմաստ է դարձնում այդ ֆորմատը՝ ոչ թե պատգամավորները պետք է կանգնեն գործադիրի առջեւ ու հարց տան, այլ ճիշտ հակառակը՝ գործադիրն է գալիս ԱԺ իրենց հաշվետվություն տալու ու ամենեւին էլ պետք չէ ոտքի կանգնել, ինչպես նախկինում էր՝ երբ դեռ կիսանախագահական կառավարման երկիր էինք։ Կարելի է մտածել, որ օրենսդիրները որոշել են ատամ ցույց տալ գործադիրին եւ ընդգծել պառլամենտի առավելությունը գործադիր մարմնի նկատմամբ։ Բայց բոլորին պարզ է, որ այս խորհրդարանը խաղալիք է գործադիրի եւ մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքին եւ պատրաստ է դակել կառավարության բոլոր օրենքները՝ անխտիր, իսկ Նիկոլ Փաշինյանի խոսքն էլ վերին ատյանի ճշմարտություն է իրենց համար։ 

Իսկ նստած հարցեր տալու առաջարկը, մեր տեղեկություններով, հասունացել է այն ժամանակ երբ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Դավիթ Տոնոյանին հարց ուղղելիս անեկդոտ դարձած միտք հայտնեց․ «Կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն», ասելով: Նրա այս նախադասությունը դահլիճում փռթկոց առաջացրեց։ Ապա անփորձ պատգամավորները տրտնջացել են, թե նման կիքսերը հուզվելու արդյունքում են լինում՝ երբ կանգնած՝ բոլորի ուշադրության ներքո հարց են հնչեցնում, այ, եթե նստած տան հարցերը, չեն շփոթվի։

Ալեն Սիմոնյանն էլ որոշել է հերթական անգամ իր վրա վերցնել այս անհեթեթ նախաձեռնությունն առաջ մղելու գործը եւ հասնել նրան, որ Լենան ու մյուս հուզվողները նստած տեղից խոսեն։ Այսօր առաջարկի հեղինակ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցինք առաջարկի հիմնավորումների մասին, պատգամավորը նախ կատակեց․«Արշակսադոյանական խոսափողի դարաշրջանն այլեւս ավարտված է», ապա շարունակեց․«Այդ բարձրախոսներն օգտագործվում էին միայն կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, իսկ կառավարությունը գալիս է հաշվետու լինելու։ Իսկ մենք գնում, հերթ էինք կանգնում․․․նման բան գոյություն ունի չէ՞։ Ի վերջո, մենք պառլամենտական երկիր ենք, սրանք նախատեսվել են այն նպատակով, որ երբ կառավարության ներկայացուցիչը կանգնած է, հանկարծակի պատգամավորը նստած չլինի, մենք այդ գողական տրամաբանությամբ չենք շարժվել ու չենք շարժվելու, գործընկերը մնում է գործընկեր՝ կանգնած, թե նստած»։

Որպես երկրորդ պատճառ Սիմոնյանը նշեց տեխնիկական անհարմարության փաստը․«Կարճահասակ պատգամավորին, երբ փոխարինում է բարձրահասակը, ինքը կամ պպզելով է խոսում, կամ հակառակը՝ ձգվում են խոսափողը դեմքին է կպնում։ Կամ փոխխոսնակը հարց տալու համար պետք է իջնի, մոտենա որեւէ խոսափողի, մի խոսքով՝ տեխնիկապես շատ անհարմար է»։ Սիմոնյանն ասաց, որ աշխարհի որեւէ պառլամենտում նման բան գոյություն չունի, բացառությամբ Ֆրանսիայի խորհրդարանի, որը նախագահական պետություն է։ Որ այս նախաձեռնության պատճառը դարձել է Լենա Նազարյանի հայտնի կիքսը, Սիմոնյանը հերքեց․«Չկա նման բան, բովանդակությունը կապ չունի, թե դու որտեղից ես հարցը տալիս։ Կներեք, բայց Լենա Նազարյանը փորձառու գործիչ է՝ երկու գումարման ԱԺ-ում  պատգամավոր է եղել։ Եւ հետո պետք չէ դա կիքս համարել, Լենա Նազարյանը  հատուկ ասաց դա»։

Նկատեցինք, որ միկրոֆոն ապամոնտաժելով  հարց կլուծվի՞, եթե ԱԺ իշխող խմբակցությունն աշխատում է որպես կառավարության նախաձեռնությունների դակիչ մարմին․«Բա որ դակում ենք, ինչի եք գրում, թե խմբակցությունում պառակտում է, հիմա որոշեք՝ կամ  պառակտում կա, կամ դակում ենք, հենց որոշեք՝ ինձ տեղյակ պահեք»։ Պահում եմ՝ պառակտվելը չի խանգարում որոշումներ դակելուն․«Մեզ ծեծելով են հա՞ պարտադրում։ Հաղթում է այն կարծիքը, որն ավելի շատ ձայն է հավաքում»։