Իրենց որդիներին օրորներ երգել են նաեւ մեր հայրերն ու պապերը

Իրենց որդիներին օրորներ երգել են նաեւ մեր հայրերն ու պապերը

«Մեր բազմադարյա պատմության ընթացքում, ամենուրեք, որտեղ եղել են ծնունդ եւ օրորոց, միշտ հնչել է օրորոցային երգը, որով հայ կինն իր սիրասուն մանկան գովքն է արել, արտահայտել իր անսահման սերն ու գորովը»,- ասում է ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային մեներգչուհի Մագդա Մկրտչյանը, ում կատարմամբ լույս է տեսել «Հայկական օրորների գանձարան» ձայնասկավառակը:   

Ձայնասկավառակում ներառված է 21 օրոր, որոնք ներկայացնում են պատմական Հայաստանի տարբեր վայրերը՝ Տարոնը, Վանը, Սասունը, Շատախը, Ակնը, Մոկսը, Բութանիան, Քեսաբը, Կեսարիան եւ այլն։  

Ինչպես նկատում է Մագդա Մկրտչյանը, օրորոցային երգերի շատ տարբերակներ չեն հնչում մեր օրերում, որոշներն էլ անգամ չեն հրատարակվել։ «Ուրախ եմ, որ մենք միասին կտարածենք, կթողարկենք եւ ճանաչելի կդարձնենք մեր հին հայկական օրորները։ Օրորոցային երգը կարեւոր է, այն ինձ համար մանկանն առողջ մեծացնելու հիմնասյուներից մեկն է։ Պատմական Հայաստանի տարբեր շրջաններում այդ օրորները կոչել են տարբեր անուններով՝ լուրիկ, էյրուր, նենի, օրիմ-օրիմ եւ այլ անվանումներով։ Մեր օրորներն առանձնահատուկ են եւ իրենց բնույթով շատ տարբերվող են իրարից, մենք անգամ ունենք պարեղանակ օրորներ, ունենք օրոր, որը բացարձակ կապ չունի երեխային քնեցնելու հետ։ Այդ տեքստերում մենք կարող ենք հանդիպել նույնիսկ պատմական թեմատիկայի։ Այսինքն՝ նշանակում է, որ մեր օրորները դեր են խաղացել երեխային դաստիարակելու, զարգացնելու գործում, սովորեցրել են մեր պատմությունը, ճանաչելի դարձրել մեր ինքնությունը, որի արդյունքում երեխան մեծացել է իսկական հայի ոգով։

Մենք գիտենք, որ օրորը մոր երգն է, բայց օրորները երգել են նաեւ մեր հայրերը, պապիկները, ովքեր իրենց տղա երեխաներին օրորների միջոցով սովորեցրել են լինել խիզախ, ուժեղ, պայքարող, ու դա շատ մեծ դեր է խաղացել երեխայի թե՛ հոգեբանական, թե՛ մտավոր զարգացման հարցում»,- նկատում է երգչուհին։

Ձայնասկավառակի վրա պատկերված կամարը եւս խորհուրդ ունի․ «Բոլորս գիտենք, որ օրորոցն ունի կամար, եւ այս կամարն ինձ համար այն խորհրդանիշն է, որ մենք՝ ինքներս, լինենք կամար, եւ մեր այս օրորները լսելով՝ մայրերը վերականգնեն դրանք ու երգեն իրենց երեխաների համար, դրանով նաեւ գալիք սերունդներին փոխանցենք այդ մշակույթը»:

Ի սկզբանե միտք է ունեցել կազմակերպել համերգ՝ տարբեր երկրների օրորներով, բայց երբ սկսել է ուսումնասիրել մեր հայկական օրորները, իր աջեւ բացվել է մի հսկայական գանձարան․ «Ուրիշ ոչ մի երկիր չունի այդքան օրոր, իսկ այդ օրորները մեր ժողովրդից են մեզ փոխանցվել, ու մեր ժողովուրդը կարողացել է ստեղծել այս տեսակ չքնաղ, անբացատրելի գեղեցիկ օրորներ, որը պետք է պահպանենք, բայց որի ուղղությամբ առանձնապես քայլեր չեն արվել, ավելին՝ չենք ճանաչում շատ օրորներ։ Ես պատկերացնում եմ, թե ինչքանն էլ դեռ չգիտենք, չեն կատարվում մեր օրերում, կամ ինչքանն էլ դեռ չեն նոտայագրվել ու պահպանվել»։

Ասում է` լինելով երաժիշտ, անգամ ինքը շատ օրորների մասին տեղյակ չի եղել, բայց երբ 2018-ին սկսել է ուսումնասիրել թեման, մի նոր աշխարհ է բացահայտել իր համար. «Իմ մեջ մեծ տագնապ առաջացավ, որ եթե ես չգիտեմ, ուրեմն մեկ ուրիշն էլ կարող է չիմանալ, եւ դրանք կորցնելն այնքան հեշտ է ու մոտիկ։ Դրա համար ես վերցրի այդ պատասխանատվությունը եւ 2018-ից սկսեցի աշխատել այս ուղղությամբ, որը հետեւողական ու մեծ աշխատանք էր, որովհետեւ ամեն շրջան ունեցել է ոչ թե մեկ, այլ տասից ավելի օրոր, դրա համար է, որ ձայնասկավառակը ես գանձարան կոչեցի»: 

Ցավոք, փաստական տեղեկությունները շատ քիչ են, թե տվյալ օրորը որ ժամանակաշրջանի է, ում կողմից է գրվել, ով է հեղինակը։ «Հիմնականում օրորը մենախոսություն է․ մայրը, որ հոգնել է օրվա ընթացքում, վերջում իր ողջ օրվա հոգսը, նույնիսկ ամուսնու հետ կապված հարաբերությունները, օրվա վերջում օրորի տեսքով երգել է իր մանկանն ու հոգին հանգստացրել: Օրորի հիմնական ուղերձներն են` զգոն պահել երեխային, պատմել, թե ով է իր թշնամին, օրինակ՝ մայրերը երգել են՝ «Դարու գըլխին ճըղոր զարկեմ, Բալիս դընեմ օրոր ասեմ»։ Այստեղ նկատի ունի, որ անընդհատ վտանգի տակ են, քանի որ թուրքն անընդհատ զարկում է, բայց ինքն իր զավակի պաշտպանն է։ Իսկ, ընդհանուր առմամբ, օրորներն ամբողջությամբ քնքշանք են, գորովանք՝ ուղղված երեխային»,- ասում է օպերային երգչուհին ու նշում, որ այսքանով չեն սահմանափակվելու իր աշխատանքները, շարունակելու է ներկայացնել մեր պատմական օրորները, քանի որ մի ձայնասկավառակի մեջ անհնար է ավելի մեծ քանակ ընդգրկել։ 
Առաջիկայում նախատեսված է նաեւ ձայնասկավառակի շնորհանդես: