Մեզ դիտարկում են դեմոկրատ երկիր՝ Ադրբեջանի, Հյուսիսային Կորեայի համեմատ

Մեզ դիտարկում են դեմոկրատ երկիր՝ Ադրբեջանի, Հյուսիսային Կորեայի համեմատ

«Հրապարակի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

- Հայաստանի իշխանություններն այսօր վաղ առավոտյան այցելեցին Եռաբլուր: Եվ այսօր էլ որդեկորույս ծնողները սվիններով դիմավորեցին Փաշինյանին: Հավանաբար, տեսել եք տեսանյութերը, թե ինչպես են ոստիկանները քաշքշում սևազգեստ ծնողներին, նրանց ասֆալտին փռում, բիրտ ուժ կիրառում: Ոստիկաններից մեկն անգամ սևազգեստ մայրերին «ախչի» էր անվանում: Մի կողմից` անվերջ լսում ենք, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, մյուս կողմից ականատես ենք լինում նման երևույթների, որոնք հատուկ են բացառապես ավտորիտար ռեժիմին։

- Տգեղ տեսարան էր շատ: Մեզանում նման բան առհասարակ պետք է տեղի չունենար: Իշխանությունները պետք է հասկանան, որ իրենք շատ հաճախ կարող են թիրախավորվել ու թիրախավորվելու են, և իրենց դեմ ուղղված քննադատությանը, ընդվզումներին նրանք պետք է վերաբերվեն շատ նորմալ: Եթե այդ ամենին նորմալ չեն վերաբերվում, նշանակում է, որ չգիտեն, թե ինչ ասել է իշխանություն:

- Արևմտյան երկրներից շատերն այսօրվա Հայաստանը համարում են դեմոկրատական երկիր: Արևմուտքը չի՞ տեսնում, թե Հայաստանում ինչ է տեղի ունենում իրականում, թե՞ չեն ցանկանում տեսնել:

- Անկեղծ ասած, ես ուրախ եմ, որ Հայաստանին դրսից նման կերպ են դիտարկում, սակայն կարևորն այն է, թե մենք արդարացնո՞ւմ ենք դա, թե՞ չենք արդարացնում: Ցավալի է, որ մեզ դիտարկում են որպես դեմոկրատ երկիր ոչ թե Ֆրանսիայի կամ, ասենք, Նորվեգիայի համեմատ, այլ` Ադրբեջանի, Հյուսիսային Կորեայի, Ղազախստանի և նման երկրների համեմատ: Երբ մեզ դիտարկեն դեմոկրատական երկիր` առանց Ղազախստանի հետ համեմատելու, այդ ժամանակ էլ մենք կարող ենք իսկապես հպարտանալ այդ գնահատականներից: Ամեն դեպքում, նման գնահատականներն իրականում Հայաստանի շահերից են բխում:

- Կարծում եք` Հայաստանն այսօր Ադրբեջանից ավելի դեմոկրա՞տ է:

- Կասկած անգամ չկա: Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին էլ ավելի ժողովրդավար է եղել, քան Ալիևի ղեկավարած Ադրբեջանը:

- Քաղհասարակությունը նախկին իշխանությունների իշխանավարման տարիներին շատ վատ էր վերաբերվում կանանց նկատմամբ բռնություններին: Ու՞ր է կորել քաղհասարակությունը, ինչո՞ւ չի արձագանքում նման դեպքերին:

- Քաղհասարակությունն էլ, իրավապաշտպան կազմակերպություններն էլ մշտապես դատապարտել են նմանաբնույթ երևույթները: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան: Կարծում եմ` այսօր հայտարարություններով շատերը հանդես կգան: Ես` ինքս էլ Ձեզ հետ խոսելով` դատապարտում եմ այդ երևույթը: Ինչ վերաբերում է իշխանավարման որակին, ես որոշ ժամանակ առաջ մի հոդված էի գրել, որտեղ համեմատել էի Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ: Ըստ իս` Նիկոլ Փաշինյանի համար լավագույն իշխանավարման ոճը Քոչարյանի իշխանության ոճն է: Նիկոլ Փաշինյանն իշխանավարում է Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման ոճով: Նրանք չեն սիրում մեկը մյուսին, բայց այս առումով նման են իրար:

- Քննադատելուց զատ, իրավապաշտպաններն ի՞նչ պետք է անեն այսօր: Ինչո՞ւ միջազգային կառույցներին չեն դիմում:

- Իրավապաշտպանի հիմնական անելիքը քննադատությունն է: Կոնկրետ պետք է մատնանշել խնդիրները: Այլ լիազորություններ մենք չունենք, օրինակ՝ օրենքներ փոխել չենք կարող:

- Իսկ նախկինում որոշ իրավապաշտպաններ այնպես էին պայքարում կանանց իրավունքների և, առհասարակ, մարդու իրավունքների համար, որ այդ պայքարը վարակիչ էր դառնում, հետեւանքներ էր ունենում:

- Որքան երկիրը ոչ դեմոկրատական է դառնում, իրավապաշտպանների գործն այնքան դժվարանում է: