Անհանգիստ ենք բոլորս

Անհանգիստ ենք բոլորս

Մի ողջ հասարակություն վերածվել է փնթփնթան պառավների, իր կյանքն ու ապագան չտնօրինող անկարող անձանց բողոքավոր զանգվածի։ Չէ, անշուշտ, կան նաեւ այս վիճակից գոհ եւ կուշտ մարդիկ, որոնց մի մասն ուղղակի ի ծնե անտարբեր է ամեն ինչի հանդեպ, եւ անգամ եթե աշխարհը փլվի իրենց գլխին, դժվար թե արձագանքեն, իսկ մյուսներին առաջնորդում են բացառապես շահն ու փողը, հետաքրքրում է միայն իրենց փոքրիկ կամերային երջանկությունը, եւ թքած ունեն երկրի ու նրա ճակատագրի վրա՝ համոզված, որ ինչ էլ պատահի, իրենք չեն տուժելու։ Բայց վստահ եմ՝ սրանք անորակ փոքրամասնություն են կազմում, մարդկանց մեծ մասը սրտացավ, իրենց զավակների ապագայով մտահոգ, երկրի ճակատագրով անհանգիստ տեսակներ են, որոնք տագնապով են հետեւում, թե ինչ է կատարվում Հայաստան աշխարհում եւ նրա շուրջ։ Հասկանում են, որ մազից կախված է այս թվացյալ կայունությունը, եւ մենք ամեն օր կարող ենք հայտնվել հերթական մսաղացի մեջ։ Իսկ այն, որ այդ փխրուն կայունությունը վտանգված է, բազում ապացույցներ կան։

Ահա՝ եվրոպաներից ժամանած ՀՀ նախագահը, առանց համոզիչ բացատրությունների, լքեց իր փափուկ աթոռը եւ կրկին մեկնեց Եվրոպա՝ կարծես հնչեցնելով տագնապի զանգը։ Ահա՝ ամենից շատ տեղեկատվության տիրապետող անձը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հերթական ասուլիսը տվեց եւ 2 ժամ շարունակ բարձրաձայնեց ադրբեջանական տեսակետը, կարծես համոզելով թշնամուն, որ ինքը նրանց կողմից է։ Եվ դա նույնպես վախ ու սարսափ ներշնչող թշնամուն քծնելու պահվածք կարելի է դիտել։ Իսկ ռուս-ուկրաինական ճակատից ստացվող տեղեկությունները, առհասարակ, համաշխարհային աղետի մասին են գուժում։ Մինչդեռ նման աղետների ժամանակ, որպես կանոն, ամենից շատ տուժում են փոքր ազգերը։ Եվ տագնապը մեր շուրջն ավելի առարկայական է դառնում։