2023-ին ինչպիսի՞ ռիսկեր են սպասվում համաշխարհային տնտեսությանը

2023-ին ինչպիսի՞ ռիսկեր են սպասվում համաշխարհային տնտեսությանը

Համաշխարհային տնտեսության համար ծանր տարին մոտենում է ավարտին, սակայն փորձագետները խորհուրդ են տալիս պատրաստվել ավելի ծանր ժամանակների։ Դրա համար շատ պատճառներ կան՝ գնաճ, ՀՆԱ-ի աճի դանդաղում, ռեսուրսների արժեքի բարձրացում, շարունակվող Covid 19-ի համաճարակ եւ, իհարկե, պարտքեր, որոնք, ըստ G7-ի, աճել են մինչեւ ՀՆԱ-ի 128 %-ը: Արդյո՞ք այս ամենը 2023 թվականին կհանգեցնի տնտեսական ապոկալիպսիսի, թե՞ յուրաքանչյուր խաղացող ունի իր ռիսկը, որը կարող է իրականանալ կամ՝ ոչ։

Ամերիկյան կատակլիզմներ

Սկսենք աշխարհի առաջատար տնտեսությունից՝ ԱՄՆ-ից։ Դրա հիմնական ռիսկը FRS-ի (Դաշնային պահուստային համակարգ՝ խմբ․) տոկոսադրույքի հետագա աճն է: 2023 թվականի սկզբին սպասվում է եւս մեկ՝ մինչեւ 4,5-5 % աճ։ Տնտեսագետների բնորոշմամբ, սա առաջին հերթին կազդի անշարժ գույքի շուկայի եւ ավտոմոբիլային արդյունաբերության վրա: Հետագայում՝ հաջորդ տարի, փորձագետները կանխատեսում են FRS-ի տոկոսադրույքի աճ մինչեւ 6%: «Սա գործում է կապիտալի ներհոսքի եւ դոլարի ամրապնդման համար, բայց նաեւ հանգեցնում է ամերիկյան արտահանվող ապրանքների գների աճի»,- նշել է Համաշխարհային տնտեսության եւ բիզնեսի ինստիտուտի թվային տնտեսության ծրագրի ղեկավար Սոֆյա Գլավինան։

Չինական հեռանկարներ

Երկրորդ գերտերությունը, որը, ըստ որոշ տնտեսագետների, պատրաստվում է տնտեսական կորուստներով «գերազանցել» ԱՄՆ-ին, Չինաստանն է։ Պեկինը պետք է զգուշանա համաճարակի (Covid Zero) հետ կապված խիստ կանոնների եւ սահմանափակումների հետեւանքներից։ Չինացիներն իրենց «զրո-քովիդ» քաղաքականությունը կարող են վերանայել ԱՀԿ-ում COVID 19-ի կարգավիճակի փոփոխությունից հետո (մամուլում արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ դա տեղի կունենա 2023 թ․ հունվարին): Չինաստանում իրավիճակի վրա էապես ազդում է նաեւ կառուցապատողների ճգնաժամը՝ շինարարության տեմպերը զգալիորեն գերազանցում են չինական շուկայում իրական պահանջարկը, ինչպես նաեւ՝ լայնածավալ հարկային արտոնությունները։ Այս ամենը միասին հանգեցրեց Չինաստանի բյուջեի ռեկորդային դեֆիցիտի՝ մոտ 1 տրիլիոն դոլար, մեկ տարուց պակաս ժամանակահատվածում։

Եվրոպան՝ ահռելի պարտքերի մեջ

Հիմնական ռիսկերը, որոնց Եվրոպան բախվելու է հաջորդ տարի, աճող պետական պարտքն է եւ էներգակիրների բարձր գները։ Oxford Economics-ի կանխատեսումների համաձայն՝ հիմնական հարվածը կհասնի Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի եւ Իսպանիայի տնտեսություններին։ Ներդրողները հետեւում են Իտալիային, որտեղ պարտքի սպասարկման ծախսերը մինչեւ 2030 թվականը կհասնեն ՀՆԱ-ի 7%-ի՝ 2019 թվականի 3%-ի համեմատ: Բայց, ինչպես պնդում են տնտեսագետները, դեռ պետք չէ սպասել դեֆոլտի։ ԵՄ քաղաքացիներն արդեն ընթացիկ տարեսկզբին ստացել են կոմունալ վճարների երկու եւ ավելի անգամ ավելացում, իսկ 2023 թվականի սկզբին նրանք սպասում են սակագների բարձրացման եւս երկու-երեք անգամ, ինչը կարող է հանգեցնել ԵՄ սպառման շուկայում լրջագույն ճգնաժամի։ Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Եվրոպան հրաժարվեց ռուսական էներգակիրներից, դիցուք՝ գնային առաստաղ սահմանելով ՌԴ-ից ներկրվող գազի համար։

Համաշխարհային թրենդ․ գները կշարունակեն աճել

Գնաճը գլոբալ ռիսկ է ողջ աշխարհի համար։ Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ կենտրոնական բանկերը գլոբալ դրամավարկային քաղաքականության դրույքաչափերը կբարձրացնեն մինչեւ 4%-ի՝ նույնիսկ մինչեւ 2023 թվականը՝ գնաճը հասցնելով մինչեւ 5%-ի։ Սա, ըստ մասնագետների, միջինից երկու անգամ ավելի է։ 2023 թվականին հիմնական դրույքաչափերի հետագա աճը համաշխարհային ՀՆԱ-ի աճը կդանդաղեցնի մինչեւ 0,5%։ Սա տագնապալի «զանգերից» մեկն է առաջիկա համաշխարհային ռեցեսիայի, ինչպես նաեւ զարգացող տնտեսություններում հնարավոր տեղական ֆինանսական ճգնաժամերի մասին։
Ռուսաստան. պատժամիջոցներ եվ բյուջեի դեֆիցիտ

ՌԴ կենտրոնական բանկը հիմնական ռիսկերից է համարում արտաքին առեւտրի եւ Ռուսաստանի տնտեսության ֆինանսական սահմանափակումների հետագա ուժեղացումը։ Սա կարող է հանգեցնել Ռուսաստանի տնտեսության ներուժի՝ ակնկալվողից ավելի մեծ կրճատման։ Արդյունքում գնաճը կարագանա, իսկ բյուջեի դեֆիցիտը կաճի: Այն արդեն մինչեւ 2025 թվականը հաշվարկված է դեֆիցիտով։ «Դեֆիցիտը կփոխհատուցվի ներքին փոխառությամբ եւ բյուջեի նոր կանոնով»,- նշում է  Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի համաշխարհային ֆինանսական շուկաների եւ ֆինտեխ ամբիոնի ղեկավար Դենիս Պերեպելիցան։ Խոսքը նավթի գնի սահմանաչափը բարելի դիմաց 44 դոլարից 60 դոլար բարձրացնելու մասին է։

Արա ԱԼՈՅԱՆ